ՈւԶՈՒՄ ԵՄ ՇՈՒՐՋՍ ԵՐՋԱՆԻԿ ԴԵՄՔԵՐ ՏԵՍՆԵԼ


ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Արտուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ավանդապաշտ հայ է: Նրա կարծիքով` հայ ընտանիքի բարոյական նկարագրով է պայմանավորված մեր ազգային ինքնության պահպանումն ու երկրի անկորուստ առաջընթացը: Գեներալը կտրուկ է ու անզիջում, երբ հարցը վերաբերում է սկզբունքներին, սակայն հոգու խորքում փխրուն է ու խոցելի: Մոր մասին խոսելիս աչքերը թրջվում են: Նրա համար կարևոր է շրջապատի վերաբերմունքն իր հանդեպ ու մարդկային պարզ, անպաճույճ մտերմությունը: - Որպես սկիզբ` խնդրում եմ վերհիշեք մանկության և պատանեկության ամենավառ տպավորությունները, այն ապրումներն ու հույզերը, որոնք ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում: Հետաքրքիր է. ի՞նչ միջավայրում է մեծացել Հայաստանի` թերևս ամենավաստակաշատ զինվորական կոմիսարը: - Իմ մանկությունը եղել է հոգսաշատ ու դժվար: Ծնվել եմ Ախուրյանի շրջանի Գետք գյուղում: Հորս չեմ հիշում. նա շատ վաղ մահացավ, և տասը անչափահաս երեխաների հոգսը մնաց Հեղինե մորս ուսերին, մայրիկս շատ էր աշխատում, նա առավոտից իրիկուն չարչարվում էր, որ պահի մեզ: Կյանքն ստիպեց ինձ վաղաժամ հասունանալ, պայքարել դժվարությունների դեմ: Ես հասկանում էի, որ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պիտի հույսս ինձ վրա դնեմ, չարչարվեմ, ջանամ: Զինվորական դառնալու երազանքս ծնվեց պատանեկության տարիներին: Մեր գյուղը սահմանամերձ էր, ու ես հաճախակի էի շփվում զինվորների ու սպաների հետ, օգնում էի նրանց, կատարում հանձնարարություն ները: Նրանց կարգապահ կյանքն ու կենցաղը, ինչպես նաև կեցվածքն ու բնավորությունը հիացնում էին ինձ: Նրանցից ուժ ու ազնվություն էր ճառագում, ինչը առինքնում էր: Վճռորոշ եղավ հանդիպումը հորեղբորս` գնդապետ Հարությունյանի հետ: Նա բարձրահասակ, թիկնեղ տղամարդ էր, զինվորական համազգեստի մեջ իսկական հսկա, դյուցազուն էր դառնում: Նա իմ կուռքն էր, զինվորականի կատարելատիպ էր ինձ համար, ազնվաբարո էր ու առաքինի, պարտաճանաչ էր ու պատասխանատու, գթասիրտ էր ու մարդասեր: - Բաքվի համազորային հրամանատարական ուսումնարանն արդարացրե՞ց Ձեր սպասելիքները: Այսօր հետադարձ հայացք ձգելով` ի՞նչն եք կարևորում առաջին հերթին: - Զգացական, պաթետիկ հայրենասիրությունը դարձավ գործնական ու գիտակցված, զուգորդվեց պարտքի ու պատասխանատվության զգացումով, իմ ներաշխարհում ձևավորվեցին այնպիսի որակներ, որոնք չափազանց անհրաժեշտ են զինվորականի համար` հոգու արիություն, կամք, աշխատասիրություն, համառություն: Մասնագիտական առարկաների դասավանդումը նույնպես համակողմանի էր ու բարձրորակ: Ուսումնա րանն ավարտելուց հետո ես ծառայության անցա Միջին Ասիայում` դասակի հրամանատարից հասնելով գնդի հրամանատարի պաշտոնին, զուգահեռ ավարտելով նաև Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիան: - Ի՞նչ էիք անում, որ օրինակելի հրամանատարի համարում ունենաք: - Հրամանատարը պետք է արդարացի լինի, սա ամենակարևորն է: Արդարության սկզբունքը ձևավորում է փոխվստահության, հավատի, հարգանքի մթնոլորտ: Խորհրդային բանակում սպա-զինվոր փոխհարաբերությունները հիմնված էին որոշակի սկզբունքների վրա, ավելի ամուր էին ու ջերմ: Կարծում եմ` մեր բանակը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զինվորի հանդեպ սպայի վերաբերմունքի խնդրին, ավելի, կարևորի սպայի արհեստավարժությունն ու բարոյական նկարագիրը, մեծացնի պահանջներն ու բարձրացնի չափանիշները: - Դուք հատուկ գունդ եք ղեկավարել աֆղանական պատերազմում, որը կատարել է հատկապես ծանր ու կարևոր հանձնարարություն ներ: Հոգեբանորեն դժվար չէ՞ր մարտադաշտ առաջնորդել զինվորներին, տանել պատերազմ` այն էլ օտար հողում, անհասկանալի նպատակների համար: - Բոլորս` զինվորից մինչև հրամանատար, համոզված էինք, որ մարդասիրական, ազնիվ, հերոսական արարք ենք անում` օգնում ենք աֆղան ժողովրդին: Կար հպարտություն, սեփական գործը արժևորելու գիտակցություն, նվիրվածություն: Այդուհանդերձ, դժվար էր հաշտվել մարդկային կորուստների հետ, ստանձնել զինվորին մարտադաշտ տանելու պատասխանատվություն: Աֆղանական պատերազմը փորձության ու փորձառության դպրոց էր ինձ համար: Այն ինձ տվեց ծայրահեղ իրավիճակներում լավագույն ելքը գտնելու ունակություն: Սովորեցրեց հայեցողականից անցնել ավելի խորը, վերլուծական ընկալումների, ճիշտ գնահատել մարդկանց: Պատերազմը հուշեց, որ վաղանցուկ ժամանակն ու կյանքը կարող են հարատևել միայն արժանավայել գործեր ու բարի անուն թողնելու միջոցով: Աֆղանական պատերազմն ինձ հպարտություն տվեց, խոսքը բնավ էլ բարձրագույն շքանշանների ու մեդալների մասին չէ: Ես ծառայում էի ուժերիս ողջ նվիրաբերումով: Աֆղանական պատերազմն ինձ տվեց մարտական ընկերություն, որն անգնահատելի պարգև է: Ես տեսա իմ զինվորի հավատարմությունը: Տեսա հայ զինվորի զենքի ուժը, ռազմական տաղանդը, քաջությունը մարտադաշտում: - Դուք բազմաթիվ կառավարական պարգևներ ունեք` Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, 2 Աֆղանական կարմիր աստղ, Լեռնային Ղարաբաղի մարտական խաչ, Մարտական երախտագիտության մեդալ և այլն: Դուք Գորիսի պատվավոր քաղաքացի եք: Այն դպրոցը, որտեղ սովորել եք, Ձեր անունն է կրում: Ի՞նչ է տալիս Ձեզ այդ ամենը: - Հպարտություն: Գիտակցություն, որ ճիշտ եմ ապրել, իզուր չեմ ապրել ու ինչ-որ բան արել մեր ազգի ու ժողովրդի համար: - Ձեր ո՞ր երազանքն է մնացել անկատար, և ի՞նչ եք երազում այսօր: - Ես միշտ էլ հորս պակասը ցավագին եմ տարել: Հայրական ուժեղ բազուկների մեջ պատսպարվելու, գլուխս հայրաբար շոյող ունենալու երազանքս, բնականաբար, չի իրականանա: Ուրախ եմ, որ կարող եմ զավակներիս թողնել այն ամենն, ինչից զրկված եմ եղել: Երազա՞նքս... ցանկանում եմ, որ իմ ու բոլորի որդիները ապրեն բարեկեցիկ, պաշտպանված, գթասիրտ ու կարեկից հասարակության մեջ, հզոր, ուժեղ ու արդար հայրենիքում: Ուզում եմ շուրջս երջանիկ դեմքեր տեսնել: - Դուք Հայաստանի զինվորական կոմիսար եք նշանակվել 1986-ին և շարունակել եք այդ աշխատանքը նաև ազգային բանակի կազմավորման դժվարին տարիներին, երբ դասալքությունը հասել էր առավելագույնի: Դժվար չէ՞ր անցումը: Խորհրդային ժամանակաշրջանում ծառայած զինվորականը ինչպե՞ս էր հանդուրժում, երբ զինկոմիսարիատի աշխատակիցները զինվորներին բանակ էին բերում շուրջկալներով, գիշերային այցելություններով: - Այո, ծանր տարիներ էին: Փոխվել էր իրավիճակը, մտածելակերպը, չափանիշները: Փոխհարաբերությունների օրինականության ու էթիկայի մասին մտածելու ժամանակ չկար. բանակը պիտի համալրվեր: Պարտությունն այդ ճակատում կասկածի տակ էր առնելու և պատերազմի ելքը, և բանակաշինության գործընթացը, և ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում: Պիտի արվեր ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը գիտակցաբար, պատասխանատվությամբ իր ուսերին առներ բանակաշինության գործը, սիրով ու անմնացորդ նվիրաբերեր իր ուժը, հավատով ու լավատեսությամբ նայեր սեփական պետության ապագային: - Այդ տարիներին զորակոչված զինվորը, փաստորեն, պատերազմ էր գնում, կարող էր զոհվել: Ինչպե՞ս էիք նայում զինվորների ու նրանց ծնողների աչքերին, ինչպե՞ս էիք տանում խղճի ու պատասխանատվության բեռը: Ինչպե՞ս էիք դիմանում անբարյացակամության այդքան մեծ դոզային... - Զինկոմիսարի համար չկա ավելի դաժան իրողություն, քան իր զորակոչած զինվորի կորուստը: Կռիվը հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի ազատության իր գինն է պահանջում, ու մենք ստիպված ենք կշեռքի նժարին դնել ամենաթանկը: Հայրենիքը անառիկ պահելու նպատակը այնքան վեհ է ու նվիրական, որ իմաստավորում, սրբագործում է կորուստները: Մարտադաշտի զոհերը չեն բարոյալքում, ընդհակառա կը, դառնում են հոգեկան վերելքի խթան, բարձրացնում են հասարակության ոգին, մաքրում են բարոյական դաշտը: Ես շատ ծանր եմ տանում զինվորի կորուստը խաղաղ ժամանակ, յուրայինի գնդակից: - Փաստորեն, երկար տարիներ նույն պաշտոնում եք, ընդ որում` համակարգ է փոխվել, իշխանություններ, պաշտպանության նախարարներ, իսկ Դուք Ձեր տեղում եք` հանրապետության զինվորական կոմիսար եք: Շատերին կհետաքրքրի Ձեր «երկարակեցության» գաղտնիքը: - Գաղտնիք չկա: Երբեք չեմ դավաճանել սկզբունքներիս ու աշխատել եմ ուժերիս լարումով: Ծառայական հաջողություններիս համար պարտական եմ իմ տքնաջան աշխատանքին: Սիրում եմ իմ գործը և դրան վերաբերում եմ մեծ պատասխանատվությամբ, կարևորում եմ: Սիրում եմ մարդկանց, որոնց հետ աշխատում եմ, հասկանում եմ ու վստահում: Եվ այդ ամենը փոխադարձ է: Հանրապետության զինվորական կոմիսարները` իրենց անձնակազմով, հսկայական աշխատանք են կատարել այս տարիներին, և ձեռքբերումներն ակնառու են: Դուք խոսում էիք շուրջկալներով ու գիշերային այցելություններով պատանուն զորակոչելու մասին, այսօր զորակոչը կազմակերպվում է քաղաքակիրթ մեթոդներով, այն իրագործվում է օրինականության սահմաններում, փոխըմբռնման ու հարգանքի մթնոլորտում: Երջանիկ եմ, որ իմ բոլոր ծրագրերն ու նպատակները հասկանում են, որ ջանքերս իզուր չեն անցնում: - Աշխատանքային հաջողությունները կարո՞ղ են երջանկացնել մարդուն, կարծում եմ` մարդն առաջին հերթին երջանիկ է իր ընտանիքով: Ի դեպ, դուք խոսեցիք Ձեր հայրական ընտանիքի մասին ու բոլորովին ոչինչ չպատմեցիք ներկայիս ընտանիքից: - Կինս` Արմիդան, իմ ամենամտերիմ ու հավատարիմ ընկերն է, իմ զինակիցն ու օգնականը: Երկու զավակներիս հետ նա 10-ից ավելի բնակավայրեր է փոխել ու միշտ եղել է կողքիս: Նա աֆղանական պատերազմի ժամանակ մնաց հեռավոր Օշ քաղաքում և ղեկավարեց զորամասի կանանց խորհուրդը, որն օգնություն էր կազմակերպում զոհվածների ընտանիքներին ու տուժածներին: Արմիդան իր նկարագրով, ապրած կյանքով, կերպարով իսկական զինվորականի կին է: Լավ որդիներ ունեմ, ավագը բժիշկ է, կրտսերը` զինվորական: - Աշխարհում ամենից շատ ո՞ւմ եք սիրում: — Հեղինե մայրիկիս: Նա չկա:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԸ