Բուհից անբաժան


Մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գի- տությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, օլիմպիական ակադեմիայի փոխնախագահ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համոզմամբ մարդու մասին իր գործերը պետք է պատմեն: Անկեղծ ասած` իր մասին էլ ավելի շատ ուրիշներն էին պատմում, իսկ ինքը շտապում էր պահ առաջ հեռանալ, որպեսզի նոր հարցեր չուղղվեն իրեն: Մարզաշխարհի 13 մասնագետներ են պատրաստում նրա ղեկավարած ֆակուլտետի 9-ը ամբիոնները: Այդ թվում համեմատաբար երիտասարդ մասնագիտությունների` կինեզիոլոգիայի, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի, սպորտային լրագրության և սպորտային պարերի գծով, որոնց պահանջարկը մեծացել է ժամանակակից աշխարհում: - Այս մասնագիտությունները շահեկանորեն թարմացրել են մեր բուհի բազմապրոֆիլ առօրյան: Շուտով մարզական լրագրության, մարզական պարերի, ադապտիվ ֆիզկուլտուրայի մեր մասնագետները կհամալրեն այդ բնագավառները: Նրանց անհրաժեշտությունը վաղուց հասունացած էր,- ասում է Ա. Հարությունյանը: - Հատկապես ո՞ր մասնագիտությունների հանդեպ է առավել մեծ հետաքրքրությունը: - Ես կասեի` բոլոր մասնագիտությունների. հատկապես այս տարի մեծ մրցակցություն կա բոլոր բաժիններում: Դա ևս օրինաչափ է: Հանրապետությունում մարզվելու հնարավորություններին զուգընթաց մեծացել է նաև հետաքրքրությունը սպորտի հանդեպ: Եվ եթե այն դժվարին տարիներին նույնիսկ մարզադպրոցներ էին փակվում (որովհետև պահպանելն էր դժվար, մասնագետների պակաս էր զգացվում), ապա հատկապես վերջին երեք տարիներին մեծացել է հակումը սպորտի նկատմամբ: Եվ ծնողներն էլ իրենց երեխաներին առողջ տեսնելու մղումով նպաստում են ֆիզիկական կուլտուրայի աշխուժացմանը: Առանձնակի ձգտում է նկատվում հատկապես կինեզոլոգիայի նկատմամբ. իսկապես հեռանկար ունեցող մասնագիտություն է: Մեծ էր դիմորդների քանակը նաև մարզական լրագրության բաժնում: Ի դեպ, մեր շատ բուհեր ունեն լրագրության ֆակուլտետներ, բայց նեղ մասնագիտացման առումով մեր այդ բաժինը միակն է հանրապետությունում: - Դուք մասնագիտությամբ և° մարզիկ եք, և° կենսաբան. դրանցից որևէ մեկին տալի՞ս եք նախապատվություն: - Դրանք լրացնում են միմյանց: Ինձ հրապուրել է բարձրացատկը: Ավարտել եմ մեր բուհը` գերազանց առաջադիմությամբ, եղել եմ Հայաստանի հավաքականի անդամ: Ավարտելուց հետո այստեղ էլ աշխատանքի եմ անցել` ֆիզիոլոգիայի ամբիոնում, ուր մինչև օրս էլ դասախոսում եմ: Ինձ համար շատ կարևոր է ինստիտուտի բարձր հեղինակությունը, ձևավորված մթնոլորտը: Շատ կարևոր է, երբ մարդը սիրով է աշխատանքի գնում. դա արդյունավետ աշխատանքի գրավականն է: Այդ ամենի համար մենք բոլորս պարտական ենք մեր բուհի ռեկտորին, ում մարդկային որակները մեզ մղում են անմնացորդ նվիրվել արժանի հերթափոխ պատրաստելու գործին: