Իրանի ժողովրդի կամքն ու միասնությունը կանխում են յուրաքանչյուր արկածախնդրություն


Նաև տարածաշրջանի առանձին հիմնախնդիրների է անդրադառնում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր հավատարմատար ԱԼԻ ԱՔԲԱՐ ՋՈՔԱՐԻ հետ մեր զրույցը: - Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմը, բնականաբար, չէր կարող չհարուցել նաև ԻԻՀ զայրույթն ու անհանգստությունը, ինչն ի սկզբանե անթաքույց արտահայտեց Իրանի Նախագահը: Ունե՞ք կանխատեսումներ` ընթացքի, հետագա զարգացումների և կայունության վերականգման վերաբերյալ: Եվ` հնարավոր համարո՞ւմ եք Ձեր երկրի միջամտությունը` նշյալ խնդիրներին խաղաղարար առաքելությամբ նպաստելու ուղղությամբ: - Իրանը ևս աշխարհի բազմաթիվ երկրների պես մտահոգված է սիոնիստական ռեժիմի կողմից մարդու իրավունքնե րի ոտնահարման և Լիբանանի անմեղ մարդկանց, հատկապես կանանց և երեխաների լայնամասշտաբ կոտորածների կապակցությամբ: Այս ոճրագործությունների ծավալն այնքան մեծ ու աննախադեպ է, որ չի կարող չհարուցել աշխարհի բոլոր ժողովուրդների անհանգստությունն ու մտահոգությունը: Այս ճգնաժամի սկսվելուց ի վեր աշխարհի շատ երկրներում բողոքի լայնածավալ ցույցերը դա են ապացուցում: Զավթողականությունը, բռնությունը և միջազգային կանոնների ու Միացյալ Ազգերի Կազմակերպության բանաձևերի անտեսումը սիոնիստական ռեժիմի վարվելակերպի առանձնահատկություններն են, և որոշ արևմտյան ուժերի, այդ թվում ԱՄՆ-ի կողմնակալ և անարդար հովանավորության կողքին տարածաշրջանի ժողովուրդների երազանքը` խաղաղությունը իրականություն դարձնելու վերաբերյալ վերածվում է հուսահատության: Բնականաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է արդարության վրա հիմնված ցանկացած խաղաղություն և առկա բոլոր ձախորդությունների արմատը տեսնում ուժեղների վերաբերմունքում գերիշխող անարդարության մեջ: - Ինչպես ամենուր աշխարհում, Հայաստանում էլ քիչ չեն Լիբանանում պարտադրված պատերազմը և Իսրայելի սիոնիստական կառավարության անօրինական գործողությունները դատապարտող ուժերը: Նրանցից Հայ Արիական Միաբանությունն, օրինակ, դիմել է հայաստանաբ նակ և Սփյուռքի հայությանը, հատկապես լիբանանահայությանը` աջակցելու Լիբանանին, «Հզբոլլահ»-ի մարտիկներին: Այս ուժերը, հետևելով ՀՀ կառավարության ձեռնարկմանը, պատրաստակամ են իրենց հնարավորությունների չափով ևս տեղում օժանդակել պատերազմից տուժածներին` նրանց սնունդ, արյուն, վրաններ հատկացնելով: Կկամենայի՞ք անդրադառնալ Իրանում բարի կամքի նմանատիպ դրսևորումներին: - Իրանի ժողովուրդը աշխարհի շատ երկրների հետ միաձայն ցույցերի և երթերի միջոցով իր բողոքն է արտահայտել սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ, և հասարակության տարբեր խավեր, այդ թվում ուսանողներ, կանայք և երեխաներ, մասնակցել են բողոքի ցույցերին: Ինչպես նաև Իրանի ժողովուրդը զանգվածային և համընդհանուր կերպով օգնություն է հավաքել Լիբանանի կեղեքված ժողովրդի, հատկապես կանանց և երեխաների համար: - Կարծեք թե ավելի բացահայտ է դառնում գերտերությունների ոչ բարենպաստ «հետաքրքրասիրությունը» այս տարածաշրջանի հանդեպ` ընդհանրապես և հատվածաբար առանձին երկրների նկատմամբ` մասնավորապես: Եթե չանտեսենք նաև ոչ շատ առաջ ԱՄՆ-ի վարչախմբի կողմից ԻԻ Հանրապետությանը ներկայացվող սպառնալի պահանջները, կարելի՞ է մտահոգվել, որ ավերիչ պատերազմի ալիքը կարող է ընդարձակվել ընդհուպ մինչև Իրան և նրանից էլ անդին: - Նկատի ունենալով, որ ԱՄՆ սպառնալիքները հիմնված չեն միջազգային իրավունքի որևէ սկզբունքի վրա և չարժանացան համաշխարհային հանրության ուշադրությանը, ուստի վերջին ամիսներին նրանց կողմից սպառնալիքի լեզուն ավելի քիչ է կիրառվել: Ընդ որում, Իրանի ժողովրդի կամքն ու միասնությունը, ինչպես նաև երկրի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունները շատ կարևոր աշխարհաքաղաքականության կողքին այն գործոններն են, որոնք կանխում են յուրաքանչյուր արկածախնդրություն` ցանկացած ուժի կողմից: - ԱՄՆ-ի ազդեցության ոլորտների ընդլայնումը` նաև Ադրբեջանի ընդգրկմամբ, ավելի առարկայական չի՞ դարձնում Իրանում ադրբեջան ցիների մեծաքանակությամբ պայմանավորված քաղաքացիական անհնազանդության վտանգը, ինչը կարող է նաև քաղաքացիական պատերազմի վերաճել: Ի դեպ` այս մտահոգությունը տարիներ ի վեր, կարծեք, չի կորցնում հրատապությունը: - Ես մի հարցազրույցի ընթացքում ևս ասել եմ, որ այսօրինակ խնդիրների արծարծումը ցույց է տալիս, որ մարդիկ բավարար չափով չեն ճանաչում Իրանը: Իրանը, հաշվի առնելով երկրի ժողովրդի ընդհանուր պատմությունը, կրոնը, ավանդույթները և մշակույթը, ունի աննման համասեռություն, որն իր ներսում թույլ չի տվել և չի տա որևէ պառակտիչ գործողության ներխուժում և չարաշահում: - Ավելի քան տասնամյա պատմություն ունեն Իրան-Հայաստան տնտեսական նորացվող հարաբերությունները: Դրանց հեռանկարները` Ձեր հայացքով: - Երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերելք են ապրում և նշանակալից են: Սակայն այն կարծիքին ենք, որ դեռևս հեռու ենք իրական պոտենցիալից և պետք է ավելի շատ ջանք ներդնենք: Հատկապես մասնավոր սեկտորի համար ապահով աշխատանքային մթնոլորտի ստեղծումը կարող է մեծ թափ հաղորդել երկու երկրների տնտեսական հարաբերություններին: - Շուտով կգործարկվի նաև Իրան-Հայաստան գազամուղը. որքանո՞վ է Իրանին հրապուրում Հայաստանով դեպի հյուսիս երկնագույն վառելիք հասցնելու նախագիծը: - Մենք ուրախ ենք, որ երկու երկրների ղեկավարների կամոք և ցանկությամբ Իրանից Հայաստան գազի արտահանման ծրագիրը շուտով իրականություն կդառնա, և երկու երկրների բազմակողմ հարաբերություններում կստեղծվի նոր ասպարեզ: Անշուշտ, Հայաստանի միջոցով գազի արտահանման համար անհրաժեշտ է ավելի շատ երկրների համաձայնությու նը, սակայն մինչ այժմ այս առնչությամբ առանձնապես որևէ քայլ չի ձեռնարկվել: - Մեր երկու երկրների բարիդրացիությունը, անշուշտ, նաև ակունքները պահպանելու և միմյանց լրացնող մշակութային արժեքները վերագնահատելու անհրաժեշտություն է ենթադրում: Որոշակի աղբյուրների պնդմամբ` մի քանի տարի առաջ իրանաադրբեջանական սահմանային լեռան վրա հայտնաբերված էին սեպագիր արձանագրություններ, որոնք վավերագրում էին ուրարտացիների հայկական ծագումը: Վերջերս, սակայն, եզակի այդ արձանագրությունները չափագրելու մեկնած եվրոպացի հնագետները դրանք ջնջված են գտել: Սա հերթական օրինակն է` հնագույն ազգերի մշակութային ակունքներն արմատախիլ անելու: Հիշենք նաև Իրաքի պատերազմի սկիզբը, որը, կարելի է ասել, նշանավորվեց` այնտեղ գտնվող հնագույն ձեռագրերի պատմության, հնագիտության թանգարանի հրկիզմամբ: Ժամանակը չէ՞ այսօրինակ հրոսակության դեմ պայքարելու ուղղությամբ ևս համատեղել ջանքերը: - Ես տեղյակ չեմ ձեր կողմից արծարծված հարցի մասին, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը պատմական և մշակութային արժեքները համարում է մարդկության ընդհանուր ժառանգությունը, և դրանց պահպանման ուղղությամբ որևէ ջանք ու եռանդ չի խնայում, ընդ որում, այդ արժեքների առկայությունը համարում է մշակույթների և քաղաքակրթությունների խաղաղ համակեցության ապացույց և անհրաժեշտ համարում երկրների ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը նման արժեքների պահպանման համար: Համաձայնա գիրը, որը ստորագրվեց մեծարգո պարոն Քոչարյանի` Թեհրան կատարած այցելության ժամանակ, արտահայտում է երկու երկրների կամքը համամարդկային ընդհանուր ժառանգության պահպանման և պաշտպանության գործում: