Անվճարն էլ իր վճարն ունի


Կարգը լավն է, բայց դժոգոհողներ, իհարկե, կան: Ըստ բանախոսի, դա հիմնականում վերաբերում է անվճար հատկացվող դեղորայքին: Պետությունը սահմանել է նաև անվճար հատկացվող դեղորայքի ցանկը, և բժիշկն է որոշում` որ դեպքում որ դեղորայքը նշանակել: Հիվանդների մոտ դեղորայք ընտրելու ցանկություն-միտում է նկատվում: Նրանք ուզում են ստանալ հատկապես իրե°նց դեղը: Եվ եթե նրանց «ոչ» է ասվում, բողոքը պատրաստ է: «Ավելի հաճախ մենք պետք է օգտագործենք նույն դեղորայքի առավել մատչելի տարբերակը»,- իրազեկում է Ա. Սողոյանը,- պետության հնարավորություններն առայժմ այդչափ են»: Իսկ ի՞նչ տարբերակ պետք է օգտագործի այցելուն, երբ իր առողջական վիճակից որոշակի բողոքներ ունի և ցանկանում է գործիքային հետազոտություն անցնել: Մինչդեռ տեղամասային թերապևտը դրա անհրաժեշտությունը չի տեսնում և չի ուղեգրում: Այստեղ, թերևս, ամենաաշխատող տարբերակը, որ հազարավոր տարիներ մարդկությանը հայտնի է, «բժիշկ ջան, դու մի բան արա, ես էլ մարդ եմ...» մեթոդն է: Ի՞նչ անել սուբյեկտիվ գործոնի դրսևորման դեպքում. մինչև վերջ պնդե՞լ պահանջը, թե՞ գլխացավանքից հեռու մնալ ու գործի դնել «լեզու գտնելու» մեթոդը: Պրն Սողոյանն այս իրավիճակին իր մոտեցումն ունի. - Որոշողը բժիշկն է` պե՞տք է հետազոտություն, թե՞ ոչ: Սուբյեկտիվ գործոնը, ինչպես ցանկացած հարաբերություններում, կարող է մեջտեղ գալ: Բժիշկների մոտ դա ավելի քիչ տոկոս է կազմում (՞): Մեր բժիշկները հակված են ընդառաջ գնալ հիվանդին: Հաճախ պետական ապահովագրական գործակալությունում նույնիսկ խնդիր է առաջանում` ինչո՞ւ են այսքան շատ գործիքային հետազոտությունները:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ