ԱՄՆ «կանաչը»` բոմժի կարգավիճակով


Դրամադոլարային վերջին դրաման հիմնավորապես փաստեց, որ Հայաստանում ամենաանպաշտպանը ամերիկյան արտարժույթն է դարձել: Ասեկոսեային տրամադրություններին տուրք տալու ցանկության դեպքում կարող ենք նաև կասկածել, թե ԱՄՆ $-ը արժեզրկողներն այս կերպ իրենց անբարյացակամությունն են արտահայտում գերտերության հանդեպ: Իրոք, դոլարը վաղուց նմանվում է անփառունակ այն տնանկին (իմա` բոմժին), որի հետ ով ինչպես ուզում, այնպես էլ վարվում է: Վերջին շրջանում ավելի մոդայիկ է դարձել դոլարի հանդեպ աճող արհամարհանքը: Հատկապես մեր երկրում մարդիկ անհերքելիորեն կայունության կողմնակիցն են, և ցանկացած վայրիվերում տհաճությամբ են ընդունում: Այդ իսկ պատճառով էլ նրանք այս օրերին ձգտում են րոպե առաջ ազատվել ունեցած քիչ ու շատ կանաչներից: Ի վերջո, այսպես շարունակվելու դեպքում մի օր կարող է իրականանալ ժողովրդական այն չարագուշակ բամբասանքը, թե որոշ պաշտոնյաներ արդեն ոչ թե սուրճի, այլ խորովածի կրակն էլ ամերիկյան արտարժույթով են վառում: Եվ ոչ միայն պաշտոնյաները, քանի որ կանաչ տրցակները վաղուց արդեն անարժեքության պատճառով շքեղություն չեն:

Դավիթ ՎԱՆԵՍՅԱՆ