«Սև PR-ը»` հիմնական քարոզամիջոց


Դեռևս աստղերն են հուշել, որ այս տարին հարուստ է լինելու քաղաքական իրադարձություններով, և հայրենի քաղգործիչների` աստիճանաբար թափ հավաքող ոգևորությունը նախընտրական եռուն աշնան ու նույնքան բուռն տարեմուտի լավագույն վկայությունն է: Հանրահայտ է նաև, որ աստղերը հուշում, բայց չեն պարտադրում, ուստիև քարոզարշավի ծանր շրջանին նախորդող մի քանի շաբաթները քաղաքական դաշտի երևելիների մեծ մասը նախընտրեց ծովափերին վայելել: Իսկ այս օրերին նրանք միանգամայն լիցքաթափված վերադառնում ու «սպառնալով» ազդարարում են, թե հանգիստ չեն մնալու ու այս անգամ նախադեպը չունեցող ակտիվությամբ են մեզ ծանոթ հին դերը վերախաղալու: Մինչ այդ, սովորականի նման, հանրապետության տարածքում հանգստյան օրերն անցկացրել ու արդեն արձակուրդից վերադարձել է նաև երկրի Նախագահը: Որքան էլ վերջին շրջանի նրա պասիվությունը պայմանավորված լինի հենց արձակուրդային սեզոնով, այնուամենայնիվ, դեռ կան քաղաքական շրջանակներ, որոնք շարունակում են պնդել, թե Ռ. Քոչարյանը հրաժարական է տալու: Արդեն սովորական դարձած այս անհեթեթ պնդումը վերջին շաբաթներին դարձյալ հասունացվեց: Սակայն, ինչպես շատ ավելի վաղուց էր նախատեսված, Ռ. Քոչարյանի` Լոռու մարզ կատարած աշխատանքային այցելությունը թերևս ցրեց կասկածի մթնոլորտը: Եվ որքան էլ շրջագայության ընթացքում քննարկվող հիմնական թեման բնակարանաշինության կամ հիդրոէլեկտրակայնների` առաջին հայացքից ոչ քաղաքական հարցերին առնչվեր, այնուամե նայնիվ, հատկապես հեռանկարային ծրագրերի հետ կապված քննարկումներն այս անգամ ևս հիմնավորապես արժեզրկեցին Նախագահի հրաժարականի մասին խոսակցություններից: Այսուհանդերձ, նման մթնոլորտը ենթադրել է տալիս, որ քարոզարշավի ընթացքում այլևս անխուսափելի թվացող բացահայտումները շատերին խաղից մաքուր դուրս գալու հնարավորություն այս անգամ չեն ընձեռի: Համենայն դեպս, կիսանախընտրական անցուդարձը այդ է վկայում և ուղենշում, որ այն, ինչ սովորաբար մեզանում անվանվում է «Սև PR», առաջիկա գործընթացների գլխավոր և անփոխարինելի միջոցներից է հանդիսանալու: Եվ չնայած առայժմ բոլոր զարգացումները չափազանց հանդարտ ընթացք ունեն, այսուհանդերձ, չպետք է դա վերագրել հայրենի քաղաքական ուժերի խելամտությանը: Նրանք, ինչպես հաճախ, սխալը սխալի հետևից են գործում, և կասկած չկա, որ սայթաքումներն աճելու են քարոզարշավի ակտիվացմանը զուգահեռ: Արդեն այսօրվանից այնպիսի հայտարարություններ են հնչում, որ մի պահ կարող է նույնիսկ թվալ, թե արդեն քանի տարի լրատվամիջոցներս ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք և, բնականաբար, անտեղյակ ենք հայտարարություններին նախորդող տարիների անցուդարձից: Հանրապետության միակ մարքսիստն է միայնակ խորհրդարանականին մասնակցել պատրաստվում, ՀՀՇ-ն է ապագա Ազգային ժողովում մեծամասնություն կազմել պատրաստվում, մասնատված կոմունիստներն են փորձում միավորվել, և այս ամենն էլ ենթադրում է, որ բուն քարոզարշավի ընթացքում սրանք էլ մյուսների հետ չքմեղանալու անհավատալի սեանսներ են կազմակերպելու: Ահավասիկ, «Օրինաց երկիրը» երեկ իշխանություն էր, այսօր իրեն ընդդիմություն է հայտարարում: Սակայն սա չէ կարևորը: Այստեղ մնացած հատ ու կենտ պատգամավորներից մեկը օրերս, անթարթ հայացքը հեռուստադիտողներին հառած (գլուխով լռելու փոխարեն) ասաց, թե իրենք հանուն օրինական ընտրությունների հասարակական շարժում են ստեղծում: Ա՜յ քեզ բան... Իսկ ի՞նչ էին անում այս մարդիկ իշխանության տարիներին, ուղիղ հակառա՞կը: Եվ շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ են սրանք շատ ու շատ ընտրությունների մասնակցելուց հետո այսօր միայն դրանց օրինական լինելու մասին մտածում: Ավելին, պատգամավորն ասում է նաև, թե կրիմինալն է իշխանություն ձևավորում` այս անգամ էլ մոռանալով, որ իրենց բաժին իշխանության կաբինետներից դեռևս իրենց արտաշնչած օդը չի մաքրվել: Ի՞նչ արած, PR է, կանցնի, կգնա: Ափսոս` օդն է անտեղի աղտոտվում: