Բեկեցին պատերազմի ընթացքը


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ տարի` «Արծիվ մահապարտների» գումարտակի կազմավորման օրը, Եռաբլուր պանթեոնը նորից մարդաշատ է դառնում: Սպարապետի, զոհված ընկերների շիրիմներին իրենց խոնարհումն են բերում հերոս մահապարտները: - Արծիվ մահապարտներն Արցախ հասան 1992-ի օգոստոսի 30- ին: Մենք արդեն նահանջել էինք, հասել էինք Կիչան: Ես Կիչանի դիրքերում էի, երբ եկավ մահապարտ ների վարորդը և հայտնեց, որ պետք է գնամ Վանք գյուղ, քանի որ սկսվելու են Վաղուհասի ծանր մարտերը և, հավանաբար, վիրավորների թիվը մեծ կլինի: Վանքում միացա մահապարտներին: Նրանց հետ մարտնչել եմ: Մասնակցել եմ Վաղուհասի, Կիչանի, Չլդրանի, Դրմբոնի ազատագրման մարտերին: Մենք առաջ էինք շարժվում: Ադրբեջան ցիներին հանելով խրամատներից` մենք էինք դիրքավորվում, քանի որ ժամանակ չէր մնում նոր խրամատներ փորելու: Սակայն դա վտանգավոր էր, քանի որ գիտեին այդ դիրքերը: Բազմաթիվ զոհեր տալով` այնուամենայնիվ ազատագրեցինք Վանքը, Վաղուհասը: Մեզ հետ կազակներ էլ էին կռվում: Զոհվեց հրամանատարի 18-ամյա տղան: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես նա մոտեցավ, ձեռքը դրեց զոհված զավակի գլխին ու ասաց` «Դե ինչ, Վասյա, պատերազմ է»: Մի դեպք եմ հիշում: Անտառում էինք, առաջ շարժվելու հրաման եղավ: Տանկն առաջ էր գնում, հանկարծ տղաների մեջ մի երեխայի գլուխ տեսա: Վազեցի տանկի հետևից և խնդրեցի տղային իջեցնել: Նա ամուր փաթաթվել էր տանկի փողին և չէր ուզում իջնել: Մի կերպ իջեցրինք, ձեռքն ամուր բռնեցի ու հարցրեցի, թե ուր էր գնում, ասաց` գնում եմ Վաղուհասը գրավեմ: Անունն Աշոտիկ էր, 13 տարեկան… Արծիվ մահապարտները խիզախաբար կռվեցին: Հակառակորդը հոխորտացել էր, որ եթե Գանձասարը գրավի, Մարտակերտը կընկնի: Մեր 80 գյուղեր նրանց ձեռքում էին: Եթե կարողանային գրավել Գանձասարը, հեշտությամբ կհասնեին Ստեփանակերտ, սակայն մահապարտները վճռական հակահարվածով նրանց հետ մղեցին,- իր հուշերով է կիսվում ազատամարտիկ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը: - Ես Ռուսաստանից եկա Ղարաբաղ և լսեցի Վազգեն Սարգսյանի կոչը: Հայերեն չէի հասկանում, ոչինչ չգիտեի: Բայց երբ տղաները եկան մեր գյուղ, որ մեկնեն Գանձասար, միացա նրանց: Ամեն ինչ տեսա իմ աչքերով և որոշեցի այլևս չհեռանալ, մինչև չազատագրվի Արցախը: Միացա մահապարտներին: Ես Հայաստանում հարազատներ չունեմ: Նրանք են իմ հարազատը, իմ մահապարտները,-պատմում է մահապարտների գումարտակի ազատամարտիկ Անժելա Հակոբյանը: ԱՐԾԻՎ մահապարտների գումարտակի ստեղծումը շրջադարձային էր Արցախամարտի տարեգրության մեջ: Երբ հակառակորդի առաջխաղացումն անխուսափելի էր և դառը հետևանքներ կարող էր ունենալ, այս գումարտակի կազմավորումը դարձավ հրամայական: Նրանց հարվածը բեկումնային էր, վճռորոշ: Նրանք որոշեցին պատերազմի ելքը: Մեր զրուցակիցն է «Արծիվ մահապարտնե-ի գումարտակի ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտների միության» նախագահ, գեներալ- մայոր Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: - Ինչպե՞ս էին ընթանում գումարտակի կազմավորման աշխատանքները: - Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորվեց մահապարտների գումարտակը: Իր մարտակոչում նա պահանջեց հեռու մնալ քաղաքական խաղերից, հոսանքներից, քանի որ դրա ծանր հետևանքները մենք տեսել ենք: Նա կոչ արեց իրական թշնամուն թողած` յուրայինների մեջ չփնտրել թշնամիներ, թույլ չտալ, որ կասկածը սողոսկի: Պետք է ոտքի ելնեին հին տղաները, փորձվածները, գնային-կռվեին ամենաթեժ, ամենավտանգավոր տեղերում: Նա վստահեցրեց, որ հաղթանակը մերն է լինելու, հակառակ դեպքում իր հրաժարական տալու ժամանակն է: Այդ ժամանակ որոշ քաղաքական ուժեր իսկապես պահանջում էին նրա հրաժարականը` մեր նահանջի ամբողջ մեղքը բարդելով նախարարի վրա: Նա անկեղծորեն ասաց` Ղարաբաղի պաշտպանության կոմիտեից տեղեկացրել են, որ Վանքը հոգեվարքի մեջ է: Մեր ուժերը ջլատվել են: Անհրաժեշտ է մի քանի օրվա մեջ ուղարկել մի զորագունդ, որ հնարավոր լինի ուժերը վերականգնել: Այդ ժամանակ Մարտակերտում կռվում էին 30-40 ջոկատներ` տարբեր անվանումներով: Որոշեցինք մեր գումարտակն անվանել «Արծիվ մահապարտներ»: Միահամուռ ուժերով ընդամենը 10 օրում ստեղծվեց հատուկ նշանակության գումարտակը: Գրեթե բոլոր շրջաններից տղաներ էին եկել: Սակայն սահմանամերձ շրջանների մարտիկները ետ ուղարկվեցին: Ստեղծվեցին վաշտեր: Այսինքն կազմավորվեց գումարտակ` շտաբային իր ամբողջ կազմով: Վ. Սարգսյանը խոստացավ, որ կունենանք առաջին ՍՈւ ինքնաթիռները, և այդպես էլ եղավ: Նա մեկնեց Մոսկվա: Առաջին ՍՈւ 25- ը եկավ մեզ օգնության: Այսինքն` և´ հրետանին էր զինված, և´ ունեինք ականանետային մարտկոցից մինչև ծանր զենքի դասակներ: Ունեինք մարտական ուղի անցած, փորձված հրամանատարներ Աշտարակից, Նոյեմբերյանից, Հրազդանից, Սևանից, նույնիսկ աղետի գոտուց: Եռաբլուրում մոմի լույսի տակ մահապարտները երդվեցին: Երդման տեքստն ընթերցում էր Նոյեմբերյանի վաշտի հրամանատար Գարիկ Շառոյանը: - Ինչպիսի՞ իրավիճակ էր Արցախում: Ինչո՞վ էր պայմանավորված հակառակորդի առաջխաղացումը: - Լարված օրեր էին: Ընկել էին Շահումյանը, Մարտակերտը: Հակառակորդը մոտենում էր Վանքին: 4 կողմից` Ասկերանի, Աղդամի, Հադրութի կողմից, Կարմիր շուկայով` ճեղքել էին բոլոր պաշտպանական կառույցները: Ծայրահեղ լարված էր իրավիճակը նաև սահմանամերձ շրջաններում: Գրոհի էր դուրս եկել 25 հազարանոց զորք: Հավելումն դրա` 23- րդ դիվիզիան, որ Շահումյանից բռնի կերպով տեղահանեց բնակչությանը: Նրանք արդեն տոնում էին հաղթանակը: Շենքերի վրա գրում էին` մերն է հաղթանակը, գյուղերի անուններն էին փոխում: Մինչև Գանձասար մնացել էր ընդամենը 1 կմ: Գալիս էին հաղթանակի դափնիներով, նույնիսկ չէին կրակում, քանի որ մտածում էին` մարդ չկա: Բայց մենք նրանց անակնկալի բերեցինք: 60 հոգիանոց ջոկատը նրանց դեմ դուրս եկավ: Մահապարտները կռվեցին 3 հիմնական ուղղություններով և փոխեցին պատերազմի ընթացքը: Սա քաջագործություն էր, սխրանք: Նրանք իրենց արյան ու կյանքի գնով, նաև գիտակցելով, որ զոհվելու հավանականությունն ավելի մեծ է, առաջ նետվեցին և հերոսաբար պայքարեցին: Բաժնի նյութերը` Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՈՐԲՈՒԹՅԱՆ դառնությունն ապրած Բաղդասար հոր և Աստղիկ մոր օջախում 1944 թ. օգոստոսի 14-ին, ի լուր բոլորին ավետվել էր Հովիկ Ազոյանի ծնունդը: Չնայած ծանր ու դժվարին տարիներին, նախնական կրթություն է ստացել հայրենի Վաղատնի (Վաղուդի) գյուղում, հետո ուսումը շարունակում է և ավարտում Սիսիան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Այնուհետև այդ տարիներին մեծ համբավ ունեցող Քաջարանի շինարարական տեխնիկումում ձեռք է բերում ամենախաղաղ ու ամենապահանջված` շինարարի մասնագիտություն: Ավարտելուց անմիջապես հետո 3 տարի ծառայում է խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո մասնագիտական գիտելիքների խորացման անհագուրդ ծարավը նրան տանում է Լենինգրադ: Տեղի պոլիտեխնիկական ինստիտուտի երկամյա դասընթացներից հետո սկսվում է 26-ամյա երիտասարդի աշխատանքային բուռն ու նպատակասլաց գործունեությունը: Հոգին փառավորվում էր, երբ իր կառուցած տասնյակ շենքերում սկսում էին մարդիկ ապրել կամ դրանք օգտագործել արտադրական, վարչական ու տնտեսական նպատակներով: Մշտապես կառուցելու, մարդկանց երջանկություն պարգևելու նրա անհագ ծարավն այդպես Էլ հագուրդ չստացավ ո´չ «Հայհիդրոշին» տրեստում, ո´չ «Արփա-Սևան» շինվարչությունում, որտեղ վստահվել էր հատուկ տեղամասի պետի պաշտոնը, ո´չ «Գյուղշին» թիվ 6 տրեստում` որպես շինվարչության պետ աշխատելու տարիներին: Աներևույթ ինչ¬որ ուժ ասես շարունակ հետապնդում էր նրան` մեծացնելու իր ավանդը շրջանի մեծածավալ կառուցապատումների անվերջանալի շղթայում: Գուցե կանխազգում էր, որ ուժերի ծաղկման շրջանում հարկադրված է լինելու թողնել մարդկանց այդքան անհրաժեշտ կառուցող-շինարարի գործը: ...Ժամն էր պատեհ: Արյան կանչով 1988-ին մի կողմ թողեց վաստակաշատ շինարարի համբավը, շինարարի մատիտն ու կառուցման նախագծերը, զբաղեցրած պաշտոնը և մեկեն տրվեց հայրենի եզերքի պաշտպանության սրբազան առաքելությանը: 1988¬ի Սումգայիթի նախճիրից հետո թուրքերը Վաղատնիի հովիվներից մեկին` Ալեքսանդր (Սաշա) Շափաղաթյանին տանջամահ էին արել, իսկ անասունները քշել-տարել էին: Շինանյութերի կույտերի կողքին չճահճացած ու իր կյանքի տարիները բուռն ապրած կառուցապատողի հոգու առաջին իսկ կանչով իր շուրջն են համախմբվում 53 ազատաբաղձ հայորդիներ: Արդարության ձեռքը պատժում Է ոչ միայն մարդասպաններին, այլև ազատագրում երկար տարիներ ազերիների կողմից բռնազավթված արոտավայրերը: Եվ սա դարձավ սկիզբը հոր սրբազան պատգամի կյանքի կոչման: Տարերայնորեն սկսված ինքնապաշտպանական ուժերի կազմավորման զործընթացը աստիճանաբար թափ էր հավաքում: Բոլորն էին հասկանում, որ առճակատումն անխուսափելի է լինելու, անհրաժեշտ էր նախապատրաստվել, զենք ու զինամթերք հայթայթել: Ջոկատի առաջին լուրջ մկրտությունը շրջանի հյուսիսային սահմանում էր, երբ 1990 թ. հուլիսի 12-ին շուրջ 2 ժամ տևած փոխհրաձգությունից հետո ոչնչացվում են Մինքենդի կողմից սահմանը խախտած ազերիները: Շատ կարճ ժամանակ անց նույն ուղղությունից հայտնվում են խորհրդային բանակի 7 ուղղաթիռներ և իջեցնելով դեսանտ` շրջապատում են ազատամարտիկներին: Օրհասական ու ծայրահեղ սպառնալից էր դեսանտայինների պահանջը. Զինաթափվել ու հանձնվել, ոչ մի փոխզիջում չէր ընդունվում: Վուրգ Ոսկանյանը, Հովիկ Ազոյանը, Կամո Ոսկանյանն իր եղբոր հետ, Վալերիկ Սահակյանը, Գրիշա Միրզոյանը, Վարդան Դավթյանը, Սամվել Բադալյանը, կապավոր Աշոտ Գասպարյանը, Արշակ Մարգարյանը, Վասիլ Ավետիսյանը, Կորյունը Հոկտեմբերյանից, այլ կամավորականներ ու տղաներ Վաղատնիի ջոկատից տենդագին ելք էին փնտրում դուրս գալու անկանխատեսելի հետևանքներով հղի իրավիճակից: Վախենում էին ոչ այնքան սեփական կյանքի, որքան ձեռքի տակ ունեցած և մեծ զոհողություններով ձեռք բերված սպառազինության սպասվելիք կորստի համար: Միայն 1991 թ. ջոկատի կողմից իրագործված վեց գործողության ընթացքում ազերիները անփառունակ պարտությունների մատնվելով հանդերձ` տվել են 38 զոհ: Իսկ 2 գործողության ժամանակ վերցվել է 3 գերի, որոնք փոխանակվել են 34 հայ պատանդների հետ: Ընդ որում նրանցից 14-ին գերել էին Նախիջևանում` Երևան մեկնող գնացքից: Անպատժելիության ախտով վարակված ազերիների կողմից շրջանի սահմանների հաճախակի խախտումը, անհատ քաղաքացիներին ու հովիվներին սպանելու, գերի տանելու, թալանելու և մեծ չափերի հասած անասնագողությունները կանխելու, դրանց վերջ տալու համար հրամանատարը մի հանդուգն ու հեռագնա ծրագիր է մշակում ու հաջողությամբ իրականացնում է: Ըստ մշակված պլանի` ջոկատը հուժկու հարված է հասցնում թուրք-ազերիական զինված խմբերին սահմանից 12 կմ խորության վրա: Թշնամին տալիս է 18 զոհ, իսկ մեկը` գերի վերցվում: Մարտիկները ժամանակավոր հովիվ դառնալով` քշում-բերում են 14 հազար գլուխ անասուն, վերականգնում տնտեսությունների ու անհատների կրած վնասները: Մնացած մասն էլ վաճառում և ստացված գումարով զենք¬զինամթերք ու սնունդ են հայթայթում: Հ. Ազոյանի ավանդը նշանակալից է Լաչին-Քաշաթաղի շրջանի բնակավայրերի ազատագրման գործում: Առավել ուշադրության են արժանի նրա կողմից ղեկավարած մարտական գործողությունները` մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտերում: Պատահական չէ, որ ազատագրումից հետո Լաչին-Քաշաթաղ տարածաշրջանի զինվորական պարետ է նշանակվում հենց Հ. Ազոյանը: Նա իր գերխնդիրն էր համարում տեղում կազմավորվող զորամասի համար զորանոցների կառուցումը, ավերված տների վերականգնումը, բնակեցումը, դեպի Արցախ երթևեկող տեխնիկայի ու մարդկանց անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղության պահպանումը: 1992 թ. օգոստոսին Սիսիանի երկրապահ ջոկատի բազայի վրա կազմավորվում է 142-րդ պայմանագրային մոտոհրաձգային գումարտակը, որի հրամանատար է նշանակվում Հովիկ Ազոյանը, իսկ շտաբի պետ` Աշոտ Մինասյանը: Մարտադաշտ մեկնող յուրաքանչյուր ազատամարտիկ հավատում էր նրա լավատեսությանը, դրական լիցքերով պարուրվում նրա վստահությունից: Իսկ խստությունը բացառում էր կարգազանցությունը: Թվում Էր, թե պատահական գնդակը անվերապահորեն կգտնի նրան: Իսկ նա անվախ գրոհի էր գնում: Ու ինչ-որ աներևույթ մի ուժ պահպանում էր նրան: Համարձակ նայում էր վերահաս մահվան աչքերին, բայց միշտ հաղթող դուրս զալիս: Նա խիզախություն և բարոյակամային բարձր որակներ ցուցաբերեց Շուշիի, Լաչինի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Քելբաջարի ուղղությունների առանձին հատվածներում ծավալված կատաղի մարտերում: Զարմանալի ինքնատիրապետում, համեստություն, ենթակաների նկատմամբ հայրական հոգատարություն… Հատկանիշներ, որոնցով օժտված էր Ազոյան հրամանատարը, զարմանալիորեն ներդաշնակվում էին նրա խստապահանջության, տոկունության և ինքնամոռացման հետ: ...1994 թ. սկզբից ևեթ երկինք ու գետին գրկախառնվել, մեկ ամբողջություն էին կազմել, երերում էր մայր հողը ոտքերի տակ: Սակայն «Երկաթի» զինվորն ու սպան մեկ բռունցք դարձած կանգնել էին որպես անառիկ մի ամրոց, որի պատերի տակ փշրվելով` ցիրուցան էին լինում թշնամու կատաղի գրոհները: Եվ այս վառոդահոտ, դաժան պայքարում ու շիկացած մթնոլորտում 1994 թ. մարտի 3-ին ծնունդ է առնում «Սիսական» գունդը: Այն գունդը, որի մասին երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը հետագայում այսպես էր արտահայտվել. «…որ «Սիսական» մոտոհետևակային գունդը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Շտապ օգնությունն է», որտեղ ամենաթեժ մարտ է` նա այնտեղ է...»: Եվ այս գնդի ղեկը վստահվում է մարտադաշտում թրծված ու փորձառու Հովիկ Ազոյանին: Սյունեցի մշտարթուն ժամապահները, հավատարիմ իրենց սուրբ ուխտին, ազգային վեհ գաղափարներին ու ոգեղեն արժանապատվությանը, ելան մահին ընդառաջ, արյան ու կյանքի մարտիրոսման գնով հաստատապես քայլեցին դեպի լույսը փրկարար ազատության: Այլոց հետ հավասարապես իրենց անուրանալի լուման ունեցան 1994 թ. մայիսի 12-ին կնքված համաձայնագրով սկսված հրադադարի համար` ամուր և հուսալի հիմքերի ստեղծման պայքարում իրենց անբեկանելի նպաստը բերելով նաև խաղաղության հաստատման ու դրա ամրապնդման գործընթացին: Գլխավորը, թերևս, պատերազմականից խաղաղ ռելսերի սահուն անցման հիմնախնդրի բարեհաջող իրականացումն էր: Եվ նախկին վաստակաշատ շինարարի իր հարուստ փորձն ու գիտելիքները, հմտություններն ու կարողությունները օգտագործելով` արագ, ճիշտ և օպերատիվ լուծում էր տրվում յուրաքանչյուր անգամ մանրուք թվացող փոքր հարցին: Սակայն չպետք է ենթադրել, թե տեսադաշտից դուրս էին մնացել ժամկետային զինծառայողների մարտական պատրաստությանն առնչվող հարցերի համալիրն ու օրվա ռեժիմի պահանջները, մարտական հերթապահության պատշաճ իրականացումը, կրակային ու ֆիզիկական պատրաստությունները: Եվ շնորհիվ զորամասի հրամանատար, գնդապետ Ազոյանի ամենօրյա օբյեկտիվ խստապահանջության, համակ ուշադրության և հոգատարության, վճռական կամքի ու մեծ հայրենասիրության` զորամասը կարճ ժամանակում կարողացավ հսկայական քայլերով առաջընթաց ապահովել: Անտարակույս, մարտադաշտում կուտակված փորձառությունը, զուգորդվելով 1994 թ. ՊՆ բարձրագույն սպայական դասընթացներում ձեռք բերված տեսական, ռազմական գիտելիքների հետ, տալիս են ցանկալի պտուղները: Գունդը ճանաչվում է որպես առաջին կարգի հրամանատարով բանակի լավագույն զորամասերից մեկը: Ավելին, Ազգային-ազատագրական պայքարում ու հայոց բանակաշինության ասպարեզում ունեցած անուրանալի ներդրման գնահատական է ծառայում ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագիրը, ըստ որի` գնդի հրամանատար Հովիկ Բաղդասարի Ազոյանը արժանանում է «Մարտական խաչ» 2¬րդ աստիճանի շքանշանի: Հետագայում այդ շարքը լրացնում են «Մարշալ Հ. Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «50 տարի (1945-1995)», ՀՀ Սյունիքի մարզպետի «Գարեգին Նժդեհ» մեդալներն ու հուշամե դալները: - Հազվագյուտ երևույթ էր Հովիկ Ազոյան հայը,- մեր զրույցներից մեկի ժամանակ ընդգծեց կինը` տիկին Նաթելան,- որպես պաշտոնյա ուներ շատ մեծ հնարավորութ յուններ: Սակայն նրա համար առաջին տեղում հայրենիքն էր, երկրի պաշտպանությունը, զորամասը, զինվորները... Վերջում հիշում էր ընտանիքի մասին: Հոգատարությունը Ազոյան գերդաստանին բնորոշող կարևոր հատկանիշներից մեկն է: Հատկանիշ, որի վառ արտահայտչականության մասին է խոսում բոլորովին վերջերս պատահականորեն համացանցում հայտնված ու ավագ դստերը` Ֆլորային ուղղված շնորհակալական խոսքերը: Հաղորդագրության հեղինակները իրենց ծնողների ու բոլորի անունից երախտագիտության ու շնորհակալության ամենաջերմ խոսքերն էին հղել Ազոյաններին: Քանզի 1992 թ. ծանր ժամանակներում Վիլիկ և Հովիկ Ազոյան եղբայրները Մարտակերտի Դոլանլար, Հաթերք և Լուսապատ գյուղերից տեղահանված 25 ընտանիքի ընդունել ու տեղավորել են Սիսիանում, երկու տարի նրանց թև ու թիկունք դարձել: Ու պատահական չէ, որ Ազոյան անունը այդ գյուղերում ինքնատիպ սրբություն է դարձել: ...2003 թ. մայիսի 25-ից Հովիկ Ազոյան այրի համար սկսվում է կյանքի երրորդ` քաղաքական գործունեության շրջանը, ընտրվել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Քաղաքական դաշտում ավելանում են հոգսերը, ընդարձակվում` գործունեության շրջանակները: Մտահոգության աոարկա են դառնում շրջանի հողերի ոռոգման և հացարտադրության, դպրոցաշինության, ճանապարհների բարեկարգման, հաշմանդամ ազատամարտիկների րնտանիքներին տարաբնույթ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, աշխատատեղերի ազգաբնակչությանը հուզող սոցիալ-կենցաղային բազմազան հարցերը: Նա այն հազվագյուտ անհատներից էր, որոնց կողքին մարդ իրեն ապահով և վստահ է զգում: Իր հող ու ջրի անխարդախ զավակն էր, նրա սիրտը մորմոքում էր մեր պատմության ողբերգականությունից, Արցախյան հաղթանակից ոգևորված` երազում էր մեծ ու շքեղ հաղթանակներ: Հաղթանակներ, որոնց համար ամբողջ կյանքը նվիրեց, էությամբ դարձավ պայքար, հոգին` անթեղված մի կրակ` երազեց Ազատ ու Անկախ հայրենիք, այն վեհացնելու նախանձախնդիր վարքով: Բայց, ավաղ, 2008 թ. ապրիլի 9-ին դադարեց բաբախել սիրտը ժողովրդի արժանավոր զավակի ու գնաց Պանթեոնի մայր հողում ամփոփված սիրասուն զինակիցների հավերժության երթն առաջնորդելու: Օգոստոսի 14-ին. հոծ բազմությունը գլուխ խոնարհելով հարգանքի տուրք մատուցեց մեծ շինարար, նվիրված հրամանատարի, անխոնջ գործչի, սիրելի ամուսնու, թանկագին հոր, ամենակարող ու հարազատ պապիկի, ժողովրդի նվիրյալ զավակի շիրիմի առջև: Եվ վերհուշ ապրելով հավաստեցին նրա պատգամներին իրենց հավատարմությունը:

Մարատ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ