Հարկավոր էր ևս մի հարված, ևս մի արթնացում


19 տարի առաջ` այս օրերին, կազմավորվեց «Արծիվ մահապարտներ» գումարտակը: Արցախում վիճակն օրհասական էր: Հայկական ուժերը ջլատվել էին, վճռական հարվածի անհրաժեշտությունը մեծ էր: Ռուսական ծանր զինտեխնիկայով սպառազինված ադրբեջանցի ելուզակներն ավելի կատաղի գրոհներ էին կազմակերպում: Եվ գնացին խիզախ մահապարտները` ոչնչի առաջ կանգ չառնելով, աչքի առաջ ունենալով սեփական մահը: - Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած` ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ մի փնտրեք: Եվ, եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից եթե ընդամենը 10-15 տղա գա` մենք կունենանք 500 հոգանոց (ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ` կարելի է հավաքել տասնյակ հազարներ, բայց ես ուզում եմ 500) մահապարտների զորագունդ: Այդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրելու հավանականությունը 50 : 50 է: Վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից` 10-15-ական հոգի: Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում ու մենք հաղթելու ենք: Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, ինչպես նախկինում, երբ փախչում էր, և մենք էլ նույն մենք ենք: Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ: Հիմա հարկավոր է ևս մի հարված, հարկավոր է ևս մի արթնացում, ցնցում, և այդ ցնցումը մենք պիտի անենք` դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոգևորվի: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա-ամենադժվարին հատվածում: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք: Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է,- Վազգեն Սարգսյանի ոգեշունչ մարտակոչը շատերի սրտերում արձագանք գտավ: Գրեթե բոլոր շրջաններից եկած ազատամարտիկներն ընդգրկվեցին գումարտակի կազմում և կենաց ու մահու իրենց կռիվը տվեցին: