1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Իլհամին չի մխիթարում Իլհամ Հեյդարօղլու վարչակարգին դարձյալ սկսել է լրջորեն անհանգստացնել Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի վերադարձի հավանականությունը: «Ենի Մուսավաթի» հավաստմամբ` որդու մահվան կապակցությամբ Իլհամ Ալիևը Մութալիբովին թույլ է տվել 10 օր Բաքվում անցկացնել: Սակայն լուրջ կասկածներ ունի, թե տարբեր առիթներով հայրենիքում վերահաստատվելու փորձեր ձեռնարկած էքսնախագահն այլևս չի հեռանա Ադրբեջանից: Իլհամին չի մխիթարում նույնիսկ այն հանգամանքը, որ Ա. Մութալիբովը վաղուց հայտարարել է, թե այլևս չի հետաքրքրվում քաղաքականությամբ և ակտիվ գործընթացներին մասնակցելու մտադրություն չունի: Այսուհանդերձ, Ադրբեջանի ներկայիս նախագահը չի անտեսում, որ Այազ Մութալիբովը հիմա էլ է հանդիսանում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահը, ինչը ցանկացած պահի հավանական է դարձնում վերջինիս ներգրավումը` քաղաքական գործընթացներում... Չնայած արդեն շուրջ 20 տարի է անցել այն ժամանակներից, երբ նախկին նախագահն արտաքսվեց հայրենիքից, բայց նրա հանդեպ քրեական հետապնդումը չի վերացվել: Իլհամ Ալիևը ձգտում է նախկին պաշտոնյային մեկընդմիշտ մոսկվաներում թողնել: Ու թեև Մութալիբովն այնքան էլ վտանգավոր ու ծայրահեղական գործիչ չի համարվում, սակայն Հեյդարօղլու վարչակարգը վերջերս ճշտել է, որ նախորդող տարիներին էքսնախագահի կողմնակիցների թիվը ոչ միայն չի պակասել, այլև զգալիորեն ավելացել է: Իսկ մշտապես լարված ու անկայուն ներքաղաքական իրավիճակների պարագայում Բաքվում վերահաստատվել ձգտող արտաքսված գործիչը նոր գլխացավանք կարող է դառնալ ալիևյան վարչակարգի համար: Հայտնի է, որ հնարավոր հուզումներից Ադրբեջանի իշխանությունը պարզապես սարսափում է և հատկապես վերջին շրջանում պատրաստ է ամեն գնով ճնշել ցանկացած հակաիշխանական բռնկում: Օրերս իր տան մուտքի մոտ ձերբակալվել է Իսլամական կուսակցության փոխնախագահ Արիֆ Հասանովը, իսկ նրա կալանավորման պատճառների ու գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ չի հայտնվում: Ինչ վերաբերում է Ա. Մութալիբովին, ապա չի բացառվում, որ իշխանության որոշմանը չենթարկվելու դեպքում առաջիկայում նա կարող է կամ ձերբակալվել, կամ հրապարակավ ու վերջնականապես արտաքսվել երկրից: