ՎՐԱՑԱԿԱՆ ՊՍԻԽՈԶ


Հայ-վրացական հարաբերությունները վերջին մեկ տասնամյակում մշտապես ենթարկվել են փոփոխությունների` մերթ հասնելով սերտ բարեկամության, մերթ էլ իրենց մեջ թաքուստված ենթաշերտեր պարունակելով: Ձգտելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միասնական ծրագրերի իրականացման և տարածաշրջանային նոր տանդեմի ձևավորման, Վրաստանը երբեք էլ անկեղծ չի եղել Հայաստանի հետ, երբեք էլ հռետորաբանությունից այն կողմ չի անցել: Պետական քաղաքականության մեջ ակնբախված մի շարք դրույթներ զարմանալիորեն փոխանցվել են վրաց հասարակությանը` աստիճանաբար գոյավորելով հայատյացության սինդրոմը, որը վերջերս չափազանց ցայտունորեն սկսել է ի հայտ գալ` դեռ մինչև վերջերս հայերի մեծ բարեկամներ համարվող մշակութային գործիչների մոտ: Վրացական ու ռուսական լրատվամիջոցները վերջերս պարբերաբար ներկայացնում են համաշխարհային հռչակ վայելող բեմադրիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Թբիլիսիի Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնի կառավարիչ Ռոբերտ Սթուրուայի հակահայկական հայտարարությունները, թե Վրաստանի բոլոր դժբախտությունները պայմանավորված են ազգությամբ հայ նախագահով: Այսինքն, թե´ Սթուրուան, թե´ այլ վրացական գործիչներ չեն թաքցնում, որ Միխեիլ Սահակաշվիլին հայ է, և հենց հայն էլ Վրաստանը հասցրել է ծանր կացության, խզել կապերը Ռուսաստանի հետ: Իր երկրի նախագահին կոչելով «կիսադեգեներատ»` Սթուրուան այս «մակդիրը» վերագրում է ոչ թե Սահակաշվիլու անձին, այլ` առաջին հերթին նրա ազգային պատկանելությանը` չմոռանալով ընդգծել, որ ինքը շատ հայ բարեկամներ ունի: «Հայի գործոնն» այնքան է մթագնել Սթուրուայի ուղեղը, որ նա չի ուզում «նկատել»` թատերական շենքը, որն այժմ պատկանում է իր գլխավորած թատրոնին, կառուցել է հայ նշանավոր միլիոնատեր Փիթոևը` 20-րդ դարի ֆրանսիական թատրոնի բարենորոգիչներից մեկի` Ժորժ Փիթոևի հայրը: Ավելին, ոչ միայն կառուցել, այլև իրեն է վերապահել ներկայացումների ժամանակ վարագույրը բացող-փակողի պարտականությունը… Կարելի էր չանդրադառնալ նշանավոր բեմադրիչի «բնական ցանկությանը»` երկրի նախագահի պաշտոնում տեսնել էթնիկ վրացու (չնայած Սթուրուան ինքն էլ էթնիկ վրացի չէ): Սակայն այս անհանդուրժողությունը, որը մեկ անվանում ունի` նացիոնալ-շովինիզմ, այսօր հատկապես ի հայտ է գալիս որոշ վրացական շրջանակներում: Մասնավորաբար` կրոնական, երբ չընդունելով քրիստոնեական համերաշխության կանոնները, վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա 2-րդն արշավանք է սկսում իր երկրի խորհրդարանի կայացրած որոշման դեմ, անօրինական համարում Վրաստանում մի քանի հարյուր տարի գործող հայկական Եկեղեցուն իրավական կարգավիճակի շնորհումը: Հասկանալի է, որ կարգավիճակի շնորհումն իրավական դաշտ է բերում հայկական Եկեղեցուն` պաշտպանելով նրան այն ոտնձգություններից, որոնք թելադրվում են նույն Իլիա 2-րդի կողմից` նպատակ ունենալով տեր կանգնել Վրաստանում գոյություն ունեցող հայկական եկեղեցիներին: Ոչ միայն եկեղեցիներին, այլև ողջ մշակութային ժառանգությանը, քանզի եկեղեցին նույնպես մշակութային իրողություն է, լեզվի, արվեստի, ճարտարապետության ամբողջություն: Թբիլիսիում Խոջիվանքի հայկական գերեզմանատան ավերումը, այնտեղ պահպանված պանթեոնի տարածքների յուրացումը, հայանուն փողոցների վերանվանումները, հայկական դպրոցների դեմ սկիզբ առած արշավանքը, Ջավախքում մսխեթցի թուրքերի բնակեցումը, այլևայլ իրողություններով դրսևորվող փաստերը վկայությունն են, որ Վրաստանում սկիզբ է առել հակահայկա կան պսիխոզ: Այդ կերպ վրացիները ցանկություն ունեն ցույց տալ իրենց եղբայրացած թուրքերին ու ազերիներին, որ հավատարիմ են նրանց, որ ելնում են տարածաշրջանի իրենց քրիստոնյա հարևանների դեմ, որոնք, ըստ վրացական էպոսի, ոչ միայն հարևան են, այլև` եղբայր: Հենց վրացական էպոսն է հաստատում չէ՞, որ Հայոսն ու Քարթլոսը արյունակից եղբայրներ են… Այսօր շատ բան է փոխվել տարածաշրջանային քաղաքականության մեջ. Արևմուտքը միանգամայն նոր հայեցադրույթներ է առաջադրում, աստիճանաբար մուսուլմա նացող Եվրոպան ինքնափրկության ջանքեր գործադրելով` կամենում է այնպես անել, որ գոնե Հարավային Կովկասում գերակա չդառնա մուսուլմանական շահը… Մինչդեռ մեր վրաց հարևաններն արշավանքներ կազմակերպելով հայերի դեմ` հավանաբար թելադրված ծրագրայնությամբ ամեն ինչ անում են, որպեսզի տարածաշրջանը կորցնի իր նկարագիրն ու վերածվի մի նոր գերհզոր մուսուլմանական տիրապետության` իրականացնելով նաև «Մեծ Ադրբեջանի» ստեղծման գաղափարը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ