Միջադեպ պատշգամբում` ի տես հարևանների և անցորդների


 

Վերջերս ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված ահազանգը սովորականներից չէր: Կեսօրին մոտ մի քաղաքացի շուտափույթ ակնկալելով ոստիկանների օգնությունը` հեռախոսով հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի 5-րդ հարկի բաց պատշգամբում մի տղամարդ հարվածներ է հասցնում մի կնոջ գլխին: Կինն էլ ճաղավանդակներից բռնած արտասվել է, և զանգահարողն այնպիսի տպավորություն է ստացել, որ կինը ցանկանում է ցած նետվել...

Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկաններին հաջողվեց մտնել նշված բնակարան: Ահազանգում հիշատակված կինը` Ուկրաինայի Հանրապետության քաղաքացուհի, 1982 թ. ծնված Գաննա Բրիլցին պատմել է, որ ինքը ժամանակավորապես բնակվում է այդ տանը` իր ծանոթ Խաչիկ Հ.-ի հետ միասին ու նրա հրավերով: Առաջին մի քանի օրերին ապրել են հաշտ ու համերաշխ, տղամարդը սիրալիր և հարգալից վարք է դրսևորել, միասին այցելել են մայրաքաղաքի տեսարժան վայրերը: Բայց մի քանի օր անց կենցաղային մի չնչին հարցի շուրջ բանավիճել են: Կինն ամեն կերպ փորձել է հարթել միջադեպը, մինչդեռ ծանոթն անսպասելի պահանջել է, որ կինն իր հետ սեռական հարաբերություն ունենա: Հյուրասենյակում սկսված վեճը շարունակվել է բնակարանի պատշգամբում` ի տես շենքի հարևանների և փողոցի անցորդների: Եվ հենց այդտեղ, կնոջ կամքին հակառակ, տղամարդը փորձել է հանել նրա անդրավարտիքը, իսկ դիմադրության հանդիպելով` նախ փակել է տան մուտքի դուռը` Գ. Բրիլցիին շուրջ 30 րոպե զրկելով ազատությունից, ապա ծեծի է ենթարկել` պահանջելով կենակցել իր հետ: Իսկ կինն էլ, տղամարդու ագրեսիվ պահվածքը մեղմելու, նրա հետագա գործողությունները կանխելու և վախեցնելու նպատակով` բարձրացել է պատշգամբի բազրիքին և հայտնել, թե իբր ինքնասպան է լինելու, որի նպատակը չի ունեցել...

Կնոջը դատաբժշկի ուղեգիր է տրվել: Իսկ թե ինչ «սև կատու» է անցել տղամարդու և կնոջ միջև և ինչու է այդպես անսպասելի կերպարանափոխվել «սիրալիր և հարգալից» տղամարդը` կպարզի ընթացող հետաքննությունը: