Այնպես ապրել, որ մեղայականների առիթներ չլինեն


 

Վերջերս Վանաձորի քրեակատարողական հիմնարկությունից ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ տարբեր հանցագործություններ կատարելու համար նախկինում հինգ անգամ դատապարտված և ներկայումս իր պատիժը կրող 30-ամյա Սարգիս Գրիգորյանը դիմում-մեղայական է ներկայացրել` հայտնելով, որ 2011 թ. մայիս-հունիս ամիսներին, Հովտաշատ գյուղի փողոցներն ասֆալտապատելու պատրվակով, համայնքի ղեկավարից վերցրել է 150.000 դրամ և ոչինչ չանելով` խաբեությամբ յուրացրել է գումարը:

Մի քանի օր անց Սարգիս Գրիգորյանից համանման դիմում-մեղայական է ստացվել նաև ոստիկանության Մարտունու բաժնում: Կալանավորը խոստովանել է, որ 2011 թ. մայիսին Վարդենիկ գյուղին պարարտանյութ մատակարարելու պատրվակով գյուղապետի տեղակալից խաբեությամբ վերցրել է 200 ԱՄՆ դոլար և դիմել փախուստի:

Մենք տեղեկացանք, որ քրեակատարողական տարբեր հիմնարկների կալանավորներից ոստիկանության բաժիններում ժամանակ առ ժամանակ դիմում-մեղայականներ ստացվում են: Երևույթը, անշուշտ, ուրախալի է: Եվ պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն ապաշխարությունն է:

Խոստովանահոր դեր չստանձնելով` իրենց կատարած հանցանքների համար անկեղծորեն զղջացած կալանավորներին ցանկանում ենք վերափոխված վերադառնալ հասարակություն, այլևս չշրջանցել օրենքներն ու համակեցության կանոնները և կյանքի մնացած ժամանակն ապրել այնպես, որպեսզի այլևս դիմում-մեղայականներ գրելու առիթներ չլինեն: