Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը


 

(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-58-ում)

Մարդու իրավունքները չպետք է հակասեն բարոյական նորմերին, որոնք մարդկանց մեծամասնության կողմից ընդունվում են որպես վարքի ցանկալի նորմեր: Չպետք է լինի ազատություն բարոյականությունից, պատվից ու խղճից:

Հանուն արդարության պետք է նշել, որ չի կարելի մեղադրել մարդու իրավունքների բուն հայեցողությունը, որը, ինչպես ասացինք, ունի քրիստոնեական ակունքներ: Մարդու իրավունքների քողի տակ թաքնվում է մարդկանց նեղ շրջանակի կողմից դավանվող որոշակի մի փիլիսոփայություն: Եթե աշխարհիկ հումանիստական այս մարտնչող տրամադրությունը, որը թափանցում է միջազգային իրավունք, այսօր չչեզոքացվի, ապա ինքնաբերաբար կառաջանա մի նոր լուրջ հակամարտություն:

Եթե ոմանք ցանկանում են այդպես ապրել, դա, իհարկե, իրենց գործն է, սակայն ինչո՞ւ պետք է նրանց հայացքները հարկադրանքով` իրավաբանական համակարգի միջոցով, փաթաթվեն այլ հայացքներ ունեցող մարդկանց վզին: Ինչու պետք է փոքրամասնության կարծիքը փաթաթվի մեծամասնության վզին, ի՞նչ է հիմա էլ բոլշևիզմից անցնում ենք մենշևիզմի՞: Բավակա՞ն չէին նախորդի ավերածությունները:

Մի՞թե մեր ժողովրդի քրիստոնեական ընկալմանը հակասող նորմերը մեր ժողովրդի վզին փաթաթելն ընդունելի է Հայոց Եկեղեցու և նրա հետևորդների համար: Իհարկե` ո´չ: Բայց այս դիրքորոշումը պետք է արտահայտվի տարբեր ամբիոններից:

Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային համակեցության կյանքի ընդհանուր սկզբունքների մշակմանը, ապա դա պետք է կատարվի տարբեր քաղաքակրթությունների հետ համատեղ:

Մարդու իրավունքների հայեցակարգը և տարբեր քաղաքակրթությունները

Մարդու իրավունքների հայեցակարգը ծնունդ է առել ու զարգացել արևմտյան երկրներում` վերջիններիս առանձնահատուկ պատմական ու մշակութային ճակատագրի շրջանակում: Այն հիմնված է բնական իրավունքի վրա: Ըստ այդ հայեցակարգի` յուրաքանչյուր մարդ օժտված է որոշակի իրավունքներով ու ազատություններով, քանի որ նա ծնվել է և պատկանում է մարդկային ցեղին: Այդ իրավունքների աղբյուր է հանդիսանում մարդուն ծնունդ տված բնությունը: Բնությունն է մարդուն օժտում բանականությամբ, և իր նմանների և բնության հետ հարաբերության ոլորտում մարդը հանդես է գալիս որպես արարիչ մշակույթի, ինչը բնությունից տրամագծորեն տարբերվող իրականություն է: Մշակույթի տարածության մեջ մարդու իրավունքների սուբյեկտները, այսինքն բոլոր «որպես մարդ ծնվածները» միմյանց հավասար են և ընդհանուր կյանքի սուվերեն համամասնակիցներ են: Հավասար իրավունքներ ունեցողների համայնքում ի ծնե ունեցած ազատությունների և իրավունքների կիրարկումը պահանջում է փոխհարաբերության որոշակի մշակույթ, այսինքն մի ինչ-որ կոնվենցիա (դաշնագիր), որի դերում, ի թիվս այլոց, հանդես է գալիս մարդու իրավունքների կոնվենցիան: Ըստ նույն հայեցակարգի, մարդ անհատն արժեքային իմաստով սոցիալական իրականության ոչ միայն հիմնական, այլ նաև վերջին տարրն է, սուվերեն միավոր է, որը ենթակա չէ ոչ մի բաժանման, ոչ էլ` այլ միավորների հետ միացման կամ միավորման: Մարդու իրավունքները անհատական իրավունքներ են:

Ակնհայտ է, որ մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգում ընկած մարդաբանությունն ու դրա հետ կապված աշխարհընկալումը էականորեն տարբերվում են կրոնական մարդաբանութ յունից ու աշխարհընկալումից:

Կրոնական հայեցակետի համաձայն մարդը չի հանդիսանում ինքնաբավ ամբողջականություն, և նրա սկզբունքային հավասարությունը այլ մարդկանց հետ մի կողմից «սկզբնական պայմանների» հավասարություն է, և մյուս կողմից` կոչման: Ուստի, մարդկանց փախհարաբերությունը դիտարկվում է ոչ թե որպես սուվերեն անհատների հարաբերություն, որ հարկադրված են գոյության կանոնները սահմանող ինչ-որ կոնվենցիայի միջոցով ստեղծել հակամարտող սոցիում, այլ` որպես եղբայրություն, որպես ընտանիք, քանի որ ունեն ընդհանուր երկնային Հայր, որոնք հարաբերվում են պատվիրաններով ու հավատից բխող բարոյական նորմերով:

Աշխարհիկ հայեցակարգի դեպքում հասարակությունը կառուցվում է «ներքևից»` ելնելով անհատների կամքից, իսկ քրիստոնեականի դեպքում կառուցվում է «վերևից»: Թեև երկուսի դեպքում էլ ճանաչվում է մարդկանց հավասարությունը, սակայն ընդհանրության ընկալումը տարբեր է: Մի դեպքում դա պայմանագրի կամ կանոնադրության հիման վրա ձևավորված ազատ միություն է, մյուսում` ի վերուստ նախապես տրված է պատկանել կյանքի և կոչման մեկ ընդհանուր միջավայրին: Դա վերաբերում է և´ արարված աշխարհին և´ կրոնական համայնքին:

Ակնհայտ է նաև ընտրության ընկալման տարբերությունը: Մարդու իրավունքների աշխարհիկ հայեցակարգը հենվում է լիբերալիզմի` ազատ ընտրության գաղափարախոսությանը, որը կատարում է անհատը` ելնելով իր նախընտրությունից: Կրոնական գիտակցությունը հենվում է կրոնական կոչման վրա (մարդը կոչված է հաղթահարել իր և աշխարհի փաստը` հոգևոր ջանքերով ձգտելով առ Աստված): Ու թեև երկու դեպքում էլ խոսքը մարդու կողմից սեփական «կենսաշխարհի» կառուցման մասին է, սակայն առաջին դեպքում դա անհատի աշխարհն է, իսկ երկրորդում միաժամանակ և` անհատական և` վերանհատական աշխարհն է: