ՍԻՐՏ ՍՂՈՑՈՂ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 

Վիճակագրությունը, թերևս, շարունակում է մնալ տակավին քիչ խեղաթյուրվող ոլորտներից մեկը, որի գերխնդիրն է ներկայացնել «իրերի վիճակը», պատկերել այն իրականությունը, որում ապրում ենք մենք: Իսկ այդ իրականության գլխավոր խնդիրներից մեկը մեզ համար գործազրկությունն է, որն էլ ծնում է բազմաթիվ սոցիալական անհամաչափությունները, ահագնացնում արտագաղթը, նպաստում սոցիալական բնույթի հանցագործություններին, ինքնասպանություններին:

Այսօր Հայաստանում, ըստ վիճակագիրների, գործազուրկ է կանանց 73 և տղամարդկանց 62 տոկոսը: Խոստովանենք, որ իսկապես սահմռկեցնող թիվ է, որովհետև, պարզվում է, գործազուրկ է բնակչության 50 տոկոսից ավելին, ինչն աշխարհում արձանագրված ամենատխուր ցուցանիշներից մեկն է: Պաշտոնական տվյալներով` 2011-ի դեկտեմբերի դրությամբ, մեր երկրում գործազուրկ ների թիվը տարեսկզբի համեմատ նվազել է 1 տոկոսով: Կանանց գործազրկության ցուցանիշը` 70,9 տոկոս, շարունակել է բարձր մնալ: Հայաստանում 2011թ. մայիսին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, պաշտոնապես գրանցված էր 75 հազար գործազուրկ, որոնցից 52 հազարը` կին (մոտ 70 տոկոս): Աղքատությունը Հայաստանում հասել է 46 տոկոսի, իսկ բնակչության ծայրահեղ աղքատության ցուցանիշը` 3.8 տոկոսի: Սա` ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի: Գուցե այնքան էլ չհավատայինք Ադիբեկյանի տվյալներին, քանզի այս մարդը հայտնի է վիճակագրական կեղծիքներով, պատվիրված ցուցանիշներ հրապարակելով: Սակայն այս դեպքում պետք է հավատալ, որովհետև այստեղ չի կարող առկա լինել քաղաքական պատվերի գործոնը: Արտագաղթի մակարդակը Հայաստանում 20,3 տոկոս է: Սա` ըստ Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանի հրապարակած տվյալների: Դարձյալ չհավատալ չենք կարող: Ինքնասպանությունները, ըստ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, 2009-2010 թվականներին աճել են 9%-ով, իսկ 2011թ. համեմատ այդ ցուցանիշն աճել է 30%-ով: Գումարենք նաև 2012 թվականի յոթ ամիսների ցուցանիշները, երբ կտրուկ աճել են ինքնասպանությունները:

Շուտով իր աշխատանքներն է սկսելու ԱԺ հինգերորդ գումարման աշնանային նստաշրջանը: Ուստի շատ ենք ուզում, որ մեր պատգամավորներն իրենց ամառային շքեղ հանգստից հետո կարդան այս ամենն ու մտածեն երկրի մասին: Մտածեն այն մասին, թե ինչպես կարելի է պայքարել այս ցուցանիշների դեմ: