Իսրայելը պատրաստ է պատերազմել Իրանի հետ


 

Իսրայելի քաղաքացիական պաշտպանության գործերով նախարար Մաթան Վիլնաին նույնիսկ հաշվարկել է, թե որքան կտևի Իրանի դեմ հնարավոր պատերազմը. ոչ ավելի` քան 1 ամիս, որի ընթացքում կարող է զոհվել մինչև 500 մարդ (տեղեկացրել է Reuters-ը): Ավելին, նախարարը հանդարտության կոչ է հնչեցրել` հորդորելով, որ դա չպետք է խուճապի առիթ դառնա, քանի որ իրենց երկրի քաղպաշտպանությունն իրադարձությունների նման զարգացմանը պատրաստ է «ավելի լավ, քան երբևէ»:

Պաշտոնյայի այդ խոսքերը հուշում են, որ Իսրայելը ոչ միայն պատերազմի, այլև նախահարձակ լինել է պատրաստվում, եթե, իհարկե Միացյալ Նահանգներն արտոնի: Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:

- Պետք չէ ինձ ներքաշել այդ վեճերում,- խնդրել է նա` նշելով, որ Իսրայելն անպայման պետք է հաշվի նստի ԱՄՆ-ի` «Մեր երկրի լավագույն բարեկամի» կարծիքի հետ:

Իսկ Միացյալ Նահանգների ղեկավարները, բարեբախտաբար, առայժմ չեն ձգտում հարձակվել Իրանի վրա` զգուշանալով բախման ծավալումից և տնտեսական անկանխատեսելի հետևանքներից:

Իսրայելցի նախարարը նաև պատմել է մասնագետների եզրահանգումների մասին: Իսկ նրանք հիմքեր ունեն ենթադրելու, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմն անհրաժեշտություն կծնի` ռազմական գործողություններ ծավալել մի քանի ճակատներում: Դրան կարող են միանալ նաև լիբանանյան «Հըզբալա» շարժման գրոհայիններն ու Գազայի արմատականները:

Հետաքրքրական է, որ Վիլնաին առաջիկայում թողնելու է պաշտոնն ու որպես դեսպան մեկնելու է Չինաստան: