20 ՏԱՐԻ ԱՆՑ… Ոչ ոք բացակա չէ


 

«… Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, ինչպես նախկինում, երբ փախչում էր, մենք էլ նույն մենք ենք: Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ»

Վազգեն Սարգսյանի կոչն էր, որ հարյուրավոր հայորդիների տարավ Արցախ` այդ խաթարված հավատը փրկելու:

Արդեն 2 տասնամյակ է մեզ բաժանում օգոստոսյան այն օրհասական օրերից, երբ Արցախը հոգեվարքի մեջ էր: 20 տարի առաջ Սպարապետի կոչով կազմավորվեց «Արծիվ մահապարտների» գումարտակը:

Անուրանալի է մեր մահապարտ հերոսների դերը Արցախյան գոյապայքարում: Նրանք գնացին մահին ընդառաջ, գնացին` մահին հաղթելու և հուժկու մի հարվածով վճռեցին պատերազմի ելքը` նոր ընթացք տալով դրան:

Պատերազմի գրեթե բոլոր ճակատներում օրհասական վիճակ էր տիրում: Ելուզակները, կաթվածից ուշքի գալով, փորձում էին ետ բերել կորցրածը: Նրանք ընդհուպ մոտեցել էին Գանձասարի մատույցներին: Հապաղել, կնշանակեր տանուլ տալ:

-Մարտակերտն ու Շահումյանն ընկել էին: Թշնամին մոտենում էր Գանձասարին, Ստեփանակերտին: Մեզ հեռախոսազանգով դիմեց Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահը` Սերժ Սարգսյանը, ես վերցրեցի հեռախոսը և փոխանցեցի Վազգեն Սարգսյանին: Ս. Սարգսյանը հայտնեց, որ դրությունը շատ ծանր է, թարմ ուժեր են հարկավոր: Եվ եթե 10 օրից չհասնեն այդ ուժերը, հետևանքները ծանր կլինեն: Այդ օրը Կապանում ևս ռմբահարություն էր: Այնտեղից վերադառնալով` Վազգեն Սարգսյանը, վերլուծելով քաղաքական իրադրությունը, սահմաններում տիրող վիճակը, հեռուստաելութով հանդես եկավ: Ամսի 18-ին Պաշտպանության նախարարության դահլիճում հավաքվեցին 500-ից ավելի տղաներ: Վազգեն Սարգսյանը, ես և Արկադի Տեր- Թադևոսյանը ձեռնամուխ եղանք գնդի ստեղծմանը,-պատմում է «Արծիվ մահապարտներ» գումարտակի համակարգող հրամանատար, «Արծիվ մահապարտներ» միության նախագահ, գեներալ- մայոր Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Մահապարտներն Արցախ հասան օգոստոսի 30-ին: Գանձասարի վանահայր Տեր Հովհաննեսը զենքը ձեռքին հսկում էր եկեղեցին: Հեռվում` ճանապարհի վրա երևացող փոշին շփոթության էր մատնել վանահորը. մի՞թե հակառակորդն այդքան մոտ է.

-Ուրախությանս չափ չկար, երբ հասկացա, որ եկել են օգնության: Մտա եկեղեցի` արցունքներով աղոթեցի առ Աստված, որ փրկվեցինք: Իմացա, որ տղաներից 120 հոգի մկրտված չեն: Ամբողջ գիշեր բոլորի ծնկները մյուռոն եմ քսել, մկրտել: Ցավոք, ոմանք մյուռոնի մեջ էլ զոհվեցին` Գանձասարի մատույցներում, բայց պաշտպանեցին Գանձասարը: Ես ցավով եմ այդ օրը հիշում: Տղաներից մեկն իր ծոցատետրում գրել էր` ինձ բացակա չդնեք: Այսօր` 20 տարի անց, նորից հավաքվել ենք «Արծիվ մահապարտների» գնդով, այսօր ոչ ոք բացակա չէ: Իմ կատարած աշխատանքի ու ծառայության մասին ես այստեղ չեմ կարող խոսել, քանի որ դա այս տղաների գործի համեմատ ոչինչ է: Իրենք իրենց կյանքի գնով պաշտպանեցին Արցախ աշխարհը: Հակառակորդը ընդհուպ մոտեցել էր Գանձասարին: Ես զենք էի պահել եկեղեցու պարսպի անկյուններում: Եվ հստակ որոշել էի, որ պետք է մտնեմ պարսպից ներս և ինչքան կարող եմ` կռիվ տալ: Բայց փառք Աստծո, տղաները եկան: Ճիշտ է, կորուստներ ունեցանք, բայց հետ շպրտեցինք թուրքերին: Հիշում եմ` մարտի դաշտ գնալուց առաջ օրհնեցի տղաներին ու ասացի` լավ իմացեք, նահանջի ճանապարհ չկա, ձեր թիկունքում Գանձասարն է: Նրանք երդվեցին, որ կմեռնեն, բայց Գանձասարը չեն տա: Այսօր Գանձասարն աղոթում է բոլորիս համար,- իր հուշերով է կիսվում Արցախի թեմի Մարտակերտի շրջանի վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

20 տարի է անցել… բացակա են շատերը, սակայն նրանց ոչ ոք բացակա չի դրել:

Խորհրդանշական էր Սպարապետի և զոհված մահապարտների հիշատակի խնկարկումը` մարտակոչի օրը և նույն ժամին:

Տարիները չեն մեղմել կորցրած զինակիցների կորստի ցավը: Իսկ հուշերը մշտարթուն են: Ամենատարեց մահապարտ Սպարտակ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 53 տարեկան Էր, երբ դարձավ մահապարտ: Իսկ այսօր հիշում է.

-Առաջին օրը մայրաքաղաքային գնդում դիմավորեց Սեյրան Անթանեսյանը: Ինձ ներս չթողեց` տարիքիս պատճառով: Սակայն երբ համառեցի` ասելով, որ ամեն ինչի տիրապետում եմ, բացի դրանից ավագ լեյտենանտի կոչում ունեի, ներս հրավիրեցին: Կարգվեցի դասակի հրամանատար: Վերջին օրը Վազգեն Սարգսյանը մոտեցավ շարքերին և ասաց` ովքեր ծնողների միակ տղան են, ուսանող են կամ տարիքով փոքր, դուրս գան շարքերից: Մոտեցավ ինձ, ասաց` հայրիկ ջան, քանի՞ տարեկան ես: Ասացի` 53: Ասաց` գնա թոռներիդ պահի: Ասացի, պիտի գնամ Արցախ և այդպես պահեմ թոռներիս: Ամեն օր աչքիս առաջ են ընկերներիս, իմ դասակի մարտիկների սխրանքները: Տղաներս իմ հոգին էին:

Այսօր էլ մահապարտը նույն մահապարտն է` գաղափարի զինվորը, միշտ հավատարիմ իր վեհ կոչմանը ու սուրբ ուխտին: Մահին հաղթած հերոսներն այսօր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում նաև հայ պատանուն ու զինվորին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ