ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԱՆՀԱՅՏ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ


 

Գյումրու քաղաքապետի ընտրություններում թեկնածուներ են առաջադրվել քաղաքին անծանոթ երկու անուն, որոնցից մեկը, ինչպես պնդում են գյումրեցիները, Վարդան Ղուկասյանի «մարդն» է. թարգմանիչ, երբևէ որևէ ընտրության չմասնակցած և որևէ բանով աչքի չընկած: Վարդան Ղուկասյանից հետ չի մնացել նաև Սամվել Բալասանյանն ու «հորինել» է մրցակից` ի դեմս ՀԿԿ Շիրակի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Սպարտակ Պետրոսյանի: Գյումրեցիները զարմացել են` տեսնելով Սպարտակ Պավլովիչի «հայտնությունը», քանի որ շատ վաղուց նա Գյումրիում չէր ապրում, մեկնել էր Միացյալ Նահանգներ, իսկ վերադարձից հետո ապրում էր թոշակառուի կենցաղով և զբաղմունքներով: Թե ինչ ձայներ է վաստակելու Սպարտակ Պետրոսյանը և ինչով է խանգարելու մյուս թեկնածուներին` հավանաբար միայն Սամվել Բալասանյանը գիտի, բայց որ Պետրոսյանի ստանալիք ձայները մի քանի հարյուրից չեն անցնելու` ոչ ոք չի կասկածում: Ի դեպ, մեզ տեղեկացրեցին, որ նման «հնարված» թեկնածուներ կան նաև ավագանու շարքերում, գլխավորապես գարեջրագործներ, ովքեր պիտի խոչընդոտեն մյուսներին… Ուշագրավն այն է, որ Սամվել Բալասանյանի ձևավորած ավագանու ցուցակում որևէ մտավորական կամ հանրային գործիչ չկա, բոլորը նրա գործարանի աշխատակիցներ են, իսկ սա նշանակում է, որ նա հանրային աջակցության հետ կապված խնդիրներ ունի…