ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐ ՈՒՆԵՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ


 

Պարզվում է, որ Հայաստանի հատկապես մեծ համայնքների ղեկավարներից ոչ ոք չի ապրում ստացված աշխատավարձով և ոչ մեկն էլ համեստ ունեցվածքի տեր չէ: Բոլորն էլ, ինչպես վկայում են նրանց հայտարարագրերի «երևացող» մասերը, հարուստ են, ապահովված, լինելով պետական պաշտոնյաներ` շարունակում են ստանալ «կողային» եկամուտներ: Այսպես` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը 2011 թվականին ստացել է 26 միլիոն 291 հազար 163 դրամի եկամուտ, որից 3 մլն 116 հազար 163 դրամը աշխատավարձն է, իսկ 23 մլն 175 հազարը` ստացած շահաբաժինը: 2011-ի սկզբին Սամվել Դարբինյանն ունեցել է 103 միլիոն 44 հազար դրամ, իսկ տարեվերջին ավելացրել է ունեցած դրամը` հասցնելով 105 միլիոն 120 հազարի: Սամվել Դարբինյանը 2010թ.-ին ունեցել է 83 միլիոն 44 հազար 400 դրամի եկամուտ:

Լավ է, իհարկե, որ մեր համայնքապետերը հարուստ մարդիկ են, սակայն հենց այս հանգամանքն էլ հաճախ խոչընդոտ է դառնում, որպեսզի շատերը հրաժարվեն առաջադրումներից` գիտենալով, որ չեն կարողանալու ելնել «փողի իշխանության» դեմ, չեն կարողանալու ծախսել այնպիսի գումարներ, որոնք հնարավորություն կտան ստանալու բավարար ձայներ: