ԵՐԵՎԱՆ-ՋՈՒՐ` ԵՐԵՎԱ´Ն, ՋՈ˜ՒՐ


 

Բառախաղերի սիրահար չենք, բայց «Երևան ջուր» ընկերությունը ստիպում է ամեն օր, օրական մի քանի անգամ հիշել իր մասին ու շոգից չորացած շուրթերով կանչել` Երևան, ջո˜ւր… …

Մայրաքաղաքում սնդիկի սյունը հասել է 40 աստիճանին, ինչը նշանակում է, որ այս պայմաններում մարդկանց անհրաժեշտ է առաջնային կարգով ապահովել ջրով: Մինչդեռ բոլորի անեծքին արժանացած այս ընկերությունը սկսել է ամեն օր լրատվամիջոցներով հաղորդագրություններ տարածել, թե` ջրազրկվելու են այս կամ այն թաղամասերը: Պատճառը` խողովակների նորոգումն է, նոր ցանցի ձևավորումը: Շոյենք ընկերության գլուխը, որ տևական ժամանակ կառավարումը ստանձնելով և գերշահույթներ ապահովելով` վերջապես որոշել է իրականացնել նորոգման-բարեփոխման աշխատանքներ: Սակայն այս ամենն արվում է ամռան սաստիկ շոգերի ժամանակ` մարդկանց բազում անհարմարություններ պատճառելով: Աշխարհի շատ ու շատ երկրներում ավտոմայրուղիների, փողոցների ջրագծերի վերանորոգումներն իրականացվում են գիշերային ժամերին, երբ սպառողների քնած են, երբ նաև շոգ եղանակը չի խանգարում աշխատանքների իրականացմանը: Մեզանում, ցավոք, ամեն ինչ արվում է ի վնաս սպառողի, ով հայտնվել է անպաշտպան վիճակում: Ցանկացած երկրում առաջնայինը սպառողի իրավունքն է, մինչդեռ մեզ մոտ սպառողն ամենաթույլ թիրախն է, ում վրա հարձակվում են բոլորը` մոռանալով, որ սպառողի վճարած գումարներով են ապրում: