ՓՈԼ ՌԱՅԱՆԸ ԵՎՍ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆ Է


 

Չեմ հիշում, թե ով է ասել, սակայն միշտ հիշում եմ այն միտքը, որ մեծ ժողովուրդները փորձում են ճշտել, թե ովքե՞ր են իրենց թշնամիները, փոքր ժողովուրդները` բարեկամները: Երևի դա նրանից է, որ փոքրերը միշտ պաշտպանության և աջակցության կարիք են զգում, իրենց խնդիրները բոլորին հասանելի դարձնելու պահանջ են զգում:

Հայերս էլ այդպես ենք վարվում` մեր մասին դրական կարծիք հայտնող ամեն մեկի մեջ տեսնելով բարեկամին: Վերջին տարիներին ԱՄՆ նախագահի թեկնածուները շատ լավ են հասկացել մեր այս ազգային առանձնահատկությունը, որը միայն մերը չէ: Եվ ամեն ընտրարշավի ընթացքում հատկապես ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր ընտրողներ են, լիքը-լիքը խոստումներ են տալիս և առաջին հերթին ընդգծում Ցեղասպանության դատապարտման և ճանաչման խնդիրը` գիտենալով, որ հայերիս համար ամենանվիրական թեման Ցեղասպանությունն է: Գիտենալով, որ ամեն հայ երազում է, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի այն, դատապարտի և, օրինականության սահմաններում պարտադրի Թուրքիային` բարոյական փոխհատուցման նժարին դնելու նաև նյութական փոխհատուցումը: Իսկ դա նշանակում է, որ քննարկման նյութ կարող է դառնալ Արևմտյան Հայաստանը:

Պատմությանը շատ չտրվելու համար, միայն հպանցիկորեն հիշատակենք, որ ԱՄՆ նախագահի վերջին թեկնածուները, որոնցից Քլինթոնն ու Օբաման Սպիտակ տան տերեր դարձան, խաբեցին մեզ, ստիպեցին մեծ հիասթափություն ապրել:

Իհարկե, խոշոր հաշվով, այնքան էլ կարևոր չէ, թե ԱՄՆ նախագահն իր ապրիլքսանչորսյան ուղերձում ինչպես կբնութագրի Ցեղասպանությունը: Շատ վաղուց մեզ համար հասկանալի է դարձել, որ Ցեղասպանության խնդիրն այն մանրադրամն է դարձել, որով հզորները «հաշիվներ են պարզում» իրենց մրցակիցների հետ: Ինչպես, ասենք, Ղարաբաղյան հիմնահարցը, որը նույնպես դարձել է հզորների քաղաքականության յուրատեսակ խաղաթուղթը: Ամերիկյան նահանգների գերակշռող մեծամասնությունը ճանաչել է Ցեղասպանությունը, այսօր արդեն այդ երկրի շատ քաղաքներ են ճանաչում, իսկ սա նշանակում է, որ, ըստ էության, ԱՄՆ-ում ոչ ոք չի ժխտում Ցեղասպանության փաստը: Իսկ թե մի Օբամա կամ նրա նման մեկը խուսանավում է կամ էլ գավառային դերասանություն անում` այնքան էլ չի հետաքրքրում: Հետաքրքրում է մի ուրիշ բան. ի՞նչ դավեր ու խարդավանքներ են նյութվում մեր թիկունքում Ղարաբաղի հարցում, քանի որ ԱՄՆ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և վճռական դերակատարություն ունի կարծիքի ձևավորման, հարցի վերջնական լուծման ասպարեզում: Հիմա, ամերիկյան հերթական ընտրության նախաշեմին, մենք նորից բարեկամներ ենք որոնում: Ու մեր ընտրությունը կանգ է առել Փոլ Ռայանի վրա:

- Հանրապետական կուսակցությունից  կոնգրեսական Փոլ Ռայանը ցեղասպանության փաստի ընդունման կողմնակից է, ով մշտապես առաջադրում է հանցագործության ընդունման  վերաբերյալ օրենսդրական  ակտեր և ստորագրում  նախագահներ Բուշին և Օբամային ուղղված կոնգրեսականների նամակները` Հայոց ցեղասպանության փաստի  ընդունման վերաբերյալ տրված խոստումները կատարելու պահանջով,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի  գործադիր տնօրեն  Արամ Համբարյանը:

Անչափ հաճելի է, որ Արամ Համբարյանը նման տեղեկատվություն է տարածել ու նաև արտահայտել հայ համայնքի համակրանքը: Փոլ Ռայանը փոխնախագահի թեկնածու է, իսկ ըստ ամերիկյան օրենսդրության` փոխնախագահը մեծ պաշտոն չէ այդ երկրում: Նա հանդիսանում է նախարարների աշխատանքը համակարգող պաշտոնյա, ով չունի վճիռներ կայացնելու, պետության դիրքորոշում ներն արտահայտելու, տարբեր բանակցություններում պետությունը ներկայացնելու գործառույթը: Այսինքն, գրեթե ձևական մի ֆիգուր, ով, սակայն, կարող է հուշել ու ուղղորդել երկրի նախագահին, կարող է իր կարծիքն արտահայտել ներկուսակցական բանավեճերում, անգամ ելնել նախագահի դեմ, եթե վերջինիս վարած քաղաքականության մեջ ի հայտ գան որոշակի «խութեր»: Բայց, նորից կրկնենք, փոխնախագահի ինստիտուտն ԱՄՆ-ում ամենաչկայացածներից մեկն է: Մինչդեռ դա չի խանգարում, որ հատկապես հայ համայնքն ու Հայ Դատի գրասենյակը ոգևորություն ապրեն, որովհետև փոքր ժողովուրդներն իսկապես ԱՄՆ-ի նման գերտերությունում աջակցության և սատարանքի կարիք են զգում: Արամ Համբարյանի ներկայացրած «տեղեկանքից» իմանում ենք, որ`  

- Ինչպես և  ԱՄՆ-ի այժմյան  փոխնախագահ Ջո Բայդենը, կոնգրեսական Փոլ Ռայանը  նախագահական ընտրությունների մրցավազք մտնում է  բարձրագույն «Ը» վարկանիշով: Մենք  հուսով ենք, որ Ռոմնին և Ռայանը հրապարակավ  կհայտնեն իրենց  հայացքներն այն հարցերի շուրջ, որոնք մտահոգում են ամերիկահայ ընտրողներին: Մենք հույս ունենք, որ Օբաման և Բայդենը նույնպես կբացատրեն իրենց քաղաքականությունը այն հարցերի վերաբերյալ, որոնք մեզ համար առավել հետաքրքիր են:

Հանրապետական կուսակցությունից  ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, Սպիտակ տան համար պայքարում Միթ Ռոմնիի գործընկեր, Վիսկոնսին նահանգից կոնգրեսական Փոլ Ռայանը հայերի վաղեմի բարեկամն է: Այս մասին բազմիցս են ասել ինչպես Հայ Դատի գրասենյակից, այնպես էլ ամերիկահայ գործարար շրջանակները, հանրային ազգային կազմակերպությունները և հատկապես ՀՅԴ ամերիկյան կառույցը: Ռայանը Կոնգրեսի հայկական  հարցերով խմբի անդամ է և Կոնգրեսի` Օսմանյան Թուրքիայում  հայերի ցեղասպանության  փաստի  ընդունման վերաբերյալ բանաձևի համահեղինակներից: 2009թ. հուլիսին  Փոլ Ռայանը  ստորագրել է նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակի տակ, որը դատապարտում էր  հայ-թուրքական համաձայնագրի ճանապարհային քարտեզը, իսկ 2008թ. մայիսին` ԱՄՆ Պետքարտուղարին ուղղված նամակի տակ, որը դատապարտում էր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը: ԱՄՆ փոխնախագա հի  թեկնածուն   հայ լրագրող և հասարակական գործիչ  Հրանտ Դինքի  դաժան սպանությունը դատապարտող բանաձևի համահեղինակներից է:

Այս ամենը շատ լավ է, այս ամենը խոսում է անհատի մասին, ով այսօր հանդես է գալիս ընդդիմության դիրքերից և պաշտպանում հայության շահերը` երբեք դուրս չգալով իր պետության շահերի դեմ: Բայց արդյո՞ք ստանձնելով փոխնախագահի պաշտոնը` Ռայանն էլ չի գնա այն ճանապարհով, որով գնացել են Քլինթոնն ու Օբաման, բոլոր նրանք, ովքեր պաշտոնական աստիճանների վրա «դրել» են Ցեղասպանության ճանաչման խնդիրը:

Գուցե սա հռետորական հարց է, որը կարելի է հնչեցնել ցանկացած պահի և ցանկացած տեղում: Սակայն հռետորականությունից գործնականության անցնելու խաղաթուղթն արդեն մեր ձեռքերում է: Մենք գիտենք, որ ցանկացած հայկական բանաձևի առնչությամբ Վաշինգտոն են ուղևորվում մեծ թվով թուրք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, լոբբիստական կազմակերպութ յուններ և կարողանում են հասնել ցանկալիին: Այսօր ինչո՞ւ են լռում մեր պատգամավորները, ինչո՞ւ մեր խորհրդարանը չի ձևավորում պատգամավորների մի խումբ և գործուղում ԱՄՆ` ի ցույց ամենքի պաշտպանելու Փոլ Ռայանի թեկնածությունն ու բանակցելու այն ուժերի հետ, ովքեր կարող են վճռական դեր կատարել ընտրություններում` նաև պարտավորվելով հետագայում առաջնային քննարկման նյութ դարձնել հայությանը մտահոգող գլխավոր խնդիրները: Մեր խորհրդարանը կարող է և պարտավոր է ներքաշվելով այլ երկրների քաղաքական գործընթացների մեջ, հանդես գալով տվյալ երկրի հայկական համայնքի շահերի դիրքերից` հասնել համահայկական խնդիրների լուծման: Եթե, իհարկե, հասկանա ու գնահատի, որ խորհրդարանն ամենամեծ քաղաքական կառույցն է, որն ունի ժողովրդի մանդատը:

Ու հիմա հենց դա հասկանալու և գործելու ամենաճիշտ ժամանակն է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ