Սեր` կյանքի տևողությամբ

Աննա Ախմատովա և Ամեդեո Մոդիլյանի

Իր անձնական կյանքի մասին պատմել չի սիրել Ախմատովան: Միայն նրա չքնաղ բանաստեղծություններից ու մտերիմների պատմածներից հնարավոր է դատել սիրած տղամարդկանց հանդեպ բանաստեղծուհու զգացմունքների մասին: Զգացմունքների, բայց ոչ իրական սիրավեպերի: Մինչդեռ հենց խորունկ սերերն են ծնունդ տվել նրա հույզերին, որոնց չափածո վերարտադրությունն անտարբեր չի թողնում ոչ մի ընթերցողի: Ու ամենաառեղծվածայինը նրա սերերից իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի հանդեպ տածած զգացմունքն է, որն այրել էր Աննային, երբ հազիվ էր բոլորել իր 20-րդ գարունը:

Մոդիլյանիի հետ հանդիպել էր պատահաբար: Դե, նախախնամության քմայքները մեզ պատահականություն են թվում, մինչդեռ ոչ մեկին դեռ չի հաջողվել խույս տալ ի վերուստ տրվող նման «դիպվածներից»:

1910 թվականն էր: Աննան Փարիզ էր մեկնել իր երիտասարդ ամուսնու` բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովի հետ: Դա կարելի էր նաև ամուսնական ճամփորդություն համարել, որովհետև զույգը ամուսնացել էր ընդամենը մեկ ամիս առաջ: Իսկ Մոդիլյանին Փարիզում էր ապրում 1906-ից, ուր տեղափոխվել էր` ինքնահաստատվելու որպես տաղանդավոր նկարիչ, ինչպես նաև ֆրանսիացի գեղանկարիչներից դասեր առնելու: Նա շատ աղքատ էր ու չճանաչված:

Փարիզի կենտրոնում զբոսնող Աննային գրեթե բոլոր տղամարդիկ էին նայում. Մոդիլյանին էլ բացառություն չէր: Սակայն նա չբավարարվեց սոսկ անծանոթուհու գեղեցկությունը նկատելով և համեստորեն խնդրեց թույլ տալ` կնոջ դիմապատկերը նկարել: Բանաստեղծուհին չմերժեց, ու այդպես սկսվեց նրանց գաղտնի ու բուռն սիրավեպը, որը չընդհատվեց նույնիսկ Մոդիլյանիի մահով, այլ ապրեց Աննայի հետ` մինչև վերջին պահը:

Պետերբուրգ վերադառնալուց հետո Աննան փորձում էր չհիշել փարիզյան իր սերը: Բայց մի օր, երբ ամուսինը վեց ամսով մեկնել էր Աֆրիկա, կրակոտ մի նամակ ստացավ Ամեդեոյից: Նկարիչը խոստովանում էր, որ անկարող է նրան մոռանալ ու երազում է նոր հանդիպման մասին: Այդուհետ մշտական դարձավ նրանց նամակագրությունը` սիրո խոստովանություններով: Նամակներն ավելի էին բորբոքում զգացմունքները: Երբ Աննայի ամուսինը վերադարձավ գործուղումից, կինը մի լավ շշպռեց նրան` որ հանդգնել է իրեն այդքան երկար ժամանակ մենակ թողնել: Ու խռոված` սլացավ Փարիզ, ուր ապրեց երեք ամիս:

Ընկերներից նա լսել էր, որ չքավորությունը և անհուսությունը Ամեդեոյին թմրամոլ ու հարբեցող են դարձրել: Բայց Աննային ցնցեց այն, ինչ տեսավ` այստեղ հասնելով: Նրան դիմավորողը ցամաքած-նիհար, գունատ մի էակ, ով հեռավոր նմանություն ուներ գեղեցկատես այն երիտասարդի հետ, ում Աննան սիրահարվել էր մեկ տարի առաջ: Կինը ոչ միայն ճանաչեց մեկեն ծերացած, մազակալ դեմքով իր սիրեցյալին, այլև վերջինս շատ գեղեցիկ թվաց նրան. գեղեցիկ` աշխարհի բոլոր տղամարդկանցից: Ու նրա հետ անցկացրած օրերի հուշը Աննային ուղեկցեց իր ողջ կյանքի ընթացքում:

Կտավներով լեցուն փոքրիկ արվեստանոցում բանաստեղծուհին բնորդուհի էր դարձել Մոդիլյանիի համար: Ցերեկները նրանք թանգարաններ էին այցելում, իսկ գիշերները զբոսնում էին քաղաքում: Ընթացս նկարիչը կերտում էր նրա պատկերները` տարբեր կեցվածքներով: Ու Փարիզում միասին անցկացրած ժամանակահատվածում Աննան ոչ մի անգամ Ամեդեոյին հարբած չտեսավ:

Միմյանց հրաժեշտ տալիս` նրանք չգիտեին, որ դա իրենց վերջին հանդիպումն էր: Նկարիչը կնոջն իր նկարների մի փաթեթ նվիրեց: Այդ նկարները, բացի մեկից, Անան շատ երկար պահում էր հուսալի թաքստոցում, որպեսզի իրենց հարաբերությունները գաղտնի մնան բոլորից: Իսկ այդ մեկը կախել էր իր մահճակալի գլխավերևում և մինչև կյանքի վերջը չտեղաշարժեց այն:

Ինը տարի անց Ախմատովան մշակութային մի ամսագրում պատահաբար կարդաց մի մահախոսական, ուր նշվում էր, որ վախճանվել է մի լավ նկարիչ, ում աշխարհը ճանաչեց անժամանակ մահից երկու տարի անց միայն: Իսկ Աննան ավելի քան 50 տարի նույն աշխարհից խնամքով թաքցրեց իր կարճատև, բայց բուռն սիրո պատմութ յունը:

1960-ականնների սկզբին բանաստեղծուհին Փարիզ այցելեց: Հիշողություններն ալիքվում էին նրա հոգում... Եվ կինը վերջապես որոշեց թղթին հանձնել իր թանկ հուշերն ու իր հարաբերությունները նկարչի հետ: Ասենք, որ թաքցնել այլևս անկարելի էր, զի տարբեր պատկերասրահներում ցուցադրվող` Մոդիլյանիի բազմաթիվ կտավներում հենց իր պատկերն էր` երիտասարդ, գեղեցիկ, սհաևեր աղջիկը. նկարչի հավերԺական մուսան ու սիրուհին` բանաստեղծուհի Աննա Ախմատովան: