Հայաստանի ռազմավարական հակառակորդները` Ռուսաստանի կրնկի տակ


Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները բավական լուրջ տեղաշարժեր են ներառում: Դրանք հասկանալու համար գուցե հարկավոր է ժամանակային առումով մի փոքր ետ վերադառնալ և այդտեղից սկսած փորձել հասկանալ, թե իրականում ուր ենք գնում և ապա` կանխորոշել ապագա հնարավոր զարգացումները:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ ՔԵՌՅԱՆՆ «Ավանգարդ»-ի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացնում վերջին օրերի տարածաշրջանային կտրուկ տեղաշարժերի վերաբերյալ: Նրա կարծիքով` որքան էլ դրանք անկանխատեսելի էին, այդուհանդերձ, դիվանագիտության մեջ չկան ու չեն կարող լինել փակուղային ճանապարհներ: Զրույցի ընթացքում քաղաքագետն անդրադարձավ նաև Սարգսյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ հնչեցված մեսիջներին, որոնք ըստ նրա` այնքան էլ դուր չեն եկել ՌԴ նախագահին:

- Վերջին օրերին աշխարհն արձանագրեց ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում, և այդ ֆոնին կնքվեցին նաև տարածաշրջանային մի շարք պայմանագրեր, որոնցից Հայաստանը դուրս մնաց: Ձեր կարծիքով արդյո՞ք դա թուրք-ռուսական հերթական դաշինքը չէ` ընդդեմ Հայաստանի: Այլ կերպ ասած` արդյո՞ք Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից մեջքից հասցված հարված չէր մեր հանդեպ:

- Հարցին լիարժեք պատասխանելու համար պետք է մի փոքր ետ գնանք և տեսնենք, թե իրականում ինչ գործընթացներ են նախորդել դրանց: Մոտ 2-3 տարի է, որ Ռուսաստանը և Արևմուտքը սառը պատերազմ էին վարում միմյանց դեմ: Առաջին ճակատը Սիրիան էր, ապա դրան ավելացավ նաև Ուկրաինան: Այս պայքարում Թուրքիան միա-նշանակ հանդես էր գալիս Արևմտյան բևեռի տեսանկյունից, իսկ ռուսական տնտեսական և քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում հայտնվել էին Չինաստանը, Իրանը և հարավ-ասիական որոշ երկրներ:

Այսպիսի իրավիճակը կարծես թե պետք է ունենար մեկ հանգուցալուծում` Ուկրաինան պետք է կա´մ գնար դեպի Արևմուտք, կա´մ` դեպի Ռուսաստան, Սիրիայում կա´մ պետք է տապալվեր Բաշար ալ Ասադը, կա´մ` ոչ: Մյուս կողմից` Եվրասիական տնտեսական միությունը կա´մ պետք է կայանար, կա´մ փլուզվեր: Սակայն մոտ վեց ամիս առաջ էական փոփոխություններ եղան, երբ ծագեց ռուս-թուրքական բավական խորը ճգնաժամը: Եվ հետաքրքիրն այն էր, որ Թուրքիան, հակառակ բևեռում գտնվելով, դրանից չշահեց: Ընդհակառակը, Արևմուտքը նրա դեմ սկսեց կիրառել պատժամիջոցներ, ինչի արդյունքում տեղի ունեցավ Թուրքիայի տեղաշարժը` մի բևեռից դեպի մյուս բևեռ:

- Արդյո՞ք դա թուրքական ճկուն դիվանագիտության հերթական վառ դրսևորումը չէ:

- Ոմանք ասում են, որ դա առերևույթ տեղաշարժ է: Նույնիսկ քաղաքագիտական- փորձագիտական շրջանակներում կարծիքներ կան, որ Ռուսաստան-Թուրքիա տանդեմը երբեք էլ չի ստացվի: Բայց փաստն այն է, որ ինչ-որ մի պահից սկսած թուրքական քաղաքականությունը սկսեց դուր չգալ Արևմուտքին: Այս ֆոնին տեղի ունեցավ Դավութօղլուի հրաժարականը, և թուրքական վերնախավում տեղաշարժերը ցույց տվեցին, որ Արևմուտք-Թուրքիա ճակատում ճեղքվածք է առաջացել: Չմոռանանք նաև, որ ռուսական ուղղաթիռի խոցումը նույնպես Արևմուտքին հավատարիմ երևալու քայլ էր, որից թուրքական կողմը բավականին լուրջ «ավանս»-ի ակնկալիք ուներ: Իրականում Թուրքիան չստացավ այն, ինչ ակնկալում էր Արևմուտքից, և Էրդողանն էական տեղաշարժ կատարեց դեպի Ռուսաստան: Ռուսական դիվանագիտությունն այս իրա-վիճակում շատ փայլուն քայլ իրականացրեց. մոռացության տվեց վիրավորանքն ու ամոթը և արագ կերպով ընդառաջ գնաց Էրդողանին: Հետաքր-քիրն այն է, որ սրան զուգահեռ, ընդամենը մի քանի օրում Պուտինը գտավ նաև Իրանի հետ համագործակցության ճանապարհը` ներգրավելով նաև Ադրբեջանին:

- Փաստորեն կարո՞ղ ենք արձանագրել, որ, օգտագործելով տնտեսական գործոնը, Ռուսաստանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը թուրք-ադրբեջանական և իրանական ճակատում:

- Իհարկե Իրան-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության սաղմերը նկատելի էին նաև ամիսներ առաջ, բայց ընդամենը մի քանի օրում որոշում կայացվեց` դրանք կյանքի կոչել և ամեն ինչ գլխիվայր շուռ տալ: Տարածաշրջանում մենք այժմ տեսնում ենք ռուսական դիվանագիտության շնորհիվ ստեղծված մի նոր առանցք, որը ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական բնույթ ունի: Այնպես որ, վերջին մի քանի օրում աշխարհաքաղաքական տեղաշարժերն այնքան արագ տեղի ունեցան, որ դրանք մի քանի ամիս առաջ կանխատեսելը դժվար կլիներ: Ի դեպ` այդ հարցում իր վճռորոշ դերակատարումն ունեցավ նաև ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում:

- Այնուամենայնիվ, Հայաստանը կարծես հայտնվել է անորոշ իրավիճակում և լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը` բոլոր այդ ձևաչափերից դուրս է մնացել: Ձեր կարծիքով, որտե՞ղ պետք է փորձի «տեղավորվել» կամ ամրապնդել իր դիրքերը Հայաստանը: Եվ այս տեսանկյունից իրականում թույլ տնտեսություն և բազում խնդիրներ ունեցող Հայաստանը կարո՞ղ է առհասարակ հետաքրքրություն ներկայացնել:

- Իհարկե, եթե չլիներ ԼՂՀ հակամարտությունը, ապա ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին անդամակցությունը և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակցությունը բավական կլիներ, որպեսզի Հայաստանն էլ այս առանցքում իր տեղն ունենար: Սակայն ներկայիս իրավիճակում Հայաստանը դուրս է մնում այդ առանցքից: Բայց ես այդտեղ լուրջ մտահոգություն չեմ տեսնում, քանի որ այն երկրները, որոնք Հայաստանի անվտանգության համար կարող են լուրջ սպառնալիք լինել, փաստորեն դարձել են մեր ռազմավարական դաշնակցի տնտեսական և քաղաքական գործընկերը, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս առաջնային դիրքում և թելադրողի կարգավիճակ ունի: Այսինքն` մեր ազգային անվտանգությանը սպառնացող երկրները հայտնվել են մեր ռազմավարական դաշնակցի հետաքրքրությունների տիրույթում, ով կարող է ազդել նրանց նկրտում ների վրա: Ինչքան էլ հայ-ռուսական հարաբերություններում անհամաձայնություններ լինեն, այնու-ամենայնիվ, ես համոզված եմ, որ հակամարտության դեպքում Ռուսաստանը, խոշոր հաշվով, Հայաստանին չի «զոհաբերի»:

- Փաստորեն, սի՞ն է այն աղմուկը, թե Ռուսաստանը փորձում է տնտեսական հզոր նախագծեր ձեռնարկել, որոնք կարող են կործանարար լինել Հայաստանի համար:

- Վատի մասին ինչքան ասես կարելի է խոսել: Առավել ևս, երբ բոլորը` լինի նկարիչ, կոմպոզիտոր, ֆիզիկոս և այլ մասնագիտությունների տեր, ներկայանում են որպես քաղաքագետներ: «Վայնասուն» բարձրացնողների պակաս չկա: Բայց կարելի է այս իրավիճակում նույնպես ճանապարհներ տեսնել և դիվանագիտության հզորությունը հենց նրանում է, որ ստեղծված տանդեմից կարողանա որոշակի օգուտներ քաղել, թեկուզ և տնտեսական քայլեր կատարելով ցույց տալով, որ Հայաստանն ունակ է ներգրավվել այս գործընթացներում: Այնպես որ, այն ավելորդ սկեպտիցիզմը, որը հիմա կա Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների հետևանով, ես չեմ կիսում:

- Այս օրերին կրկին սկսվել է շրջանառվել այն կանխատեսումը, թե Թուրքիան և Ռուսաստանը կարող են կանգնել նաև փլուզման վտանգի առջև: Արդյո՞ք իրատեսական է դա:

- Իհարկե կան ծրագրեր, որոնք այս կամ այն ռազմավարական զինանոցներում են պահվում: Հիշեցնեմ, որ 1916-ին անգլո-ֆրանսիական դիվանագիտական համագործակցության արդյունքում կնքվել էր Սայքա-Պիկոյի պայմանագիրը, որին հետագայում միացավ նաև Ռուսաստանը: Այն պետք է իրականանար Սևրի պայմանագրով, սակայն հետագայում տապալվեց: Այնպես որ, դիվանագիտական զինանոցում նման պայմանագիր կա, և իմ կարծիքով` բոլոր ռազմավարական պայմանագրերը կարող են ինչ-որ պահի մոռացության մատնվել, հետո նորից դրվել գործողության մեջ: Կային պլաններ նաև ռուսական կայսրության փլուզման. Ցարական կայսրության և Խորհրդային Միության փլուզումները դրա վառ ապացույցն են: Ի դեպ, այն պետությունները, որոնք բազմազգ են և եթե այդ պետություններում բոլոր ազգերի տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման համար հավասար պայմաններ չեն ստեղծվում, ապա դրանց գլխին մշտապես էլ կախված է փլուզման վտանգը: Օրինակները բազում են: Այնուամենայնիվ, ներկայիս արագ զարգացող աշխարհում չեն բացառվում կտրուկ շրջադարձերը, որոնք չպետք է դառնան աղմուկ-աղաղակ բարձրացնելու առիթ: Պետք է կարողանալ դրանք արագ վերլուծել և փորձել դրանից առավելագույն օգուտներ քաղել:

Զրույցը` Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆԻ