ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ _ 80 Մանկության գույների յուրահմա թանձրացումները


«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով: Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել: Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր: Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում: Հիմա ես արդեն մենակ չեմ: Դու էլ մենակ չես: Ուրեմն, շարունակենք խիզախել: Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»: Մարտիրոս ՍԱՐՅԱՆ Հայաստանի զովաշունչ լեռների գրկում բազմած Ջաջուռը էականորեն տարբերվում է շռայլ բնաշխարհը զարդարող հնամենի միջնադարյան կամ քրիստոնեական կոթողներով հանրաճանաչ մյուս բոլոր հայկական գյուղերից: Բնակեցված լինելով իրենց բարքերի մեջ ամուր կուլտուրա ունեցող մշեցիներով` առանձնանում էր բրուտագործության ու որմնագործության արվեստով: Առաջին հայացքից անհրապույր այդ լեռնազանգվածը, սակայն, պիտի հայտնվեր արվեստասեր հանրության ուշադրության կենտրոնում` 3 տասնյակ պատկերներով հմայելով ներթաքույց կենսահաստատ ուժով: Երբ մշեցի հայտնի դարբիններից սերող Կարապետի և կարսեցի քահանայի դուստր Սոֆոյի որդի Մինասի նկարչական բնատուր օժտվածությունն ի հայտ գար Մեծ հայրենականի տարիներին Ջաջուռի բարձունքներում բնանկարչությամբ տարված Հակոբ Անանիկյանի հետ պատահական հանդիպման ժամանակ: Եվ գյուղի կյանքի համար շատ ծանր պայմաններում («սով, համատարած կոլխոզ և այլն») հասակ առնող Մինասը, ում ծննդյան ժամկետների շուրջ (1928-ի հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը) հակասական վեճեր էին ծագում ծնողների միջև, ամեն տեսակ գնահատականներով միջնակարգն ավարտելուց հետո վստահաբար պիտի քայլեր գեղարվեստում հաստատվելու ճանապարհով: Բարձրակարգ մասնագիտական կրթություն ստանար, նախ, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ապա` Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, Ակադեմիայի նախագահ Բորիս Յոգանսոնի արվեստանոցում վարպետանալուն զուգընթաց 1956-ից մասնակցեր հանրապետական, համամիութենական և միջազգային մի շարք ցուցահան դեսների: Գեղարվեստի Ակադեմիան ավարտելուն պես առանձնատուն վարձեր Ֆիննական ծոցի ափին գտնվող Լիսինոս գյուղաքաղաքում ու վրձներ հանրահայտ «Ջաջուռ» նկարաշարը... Նրա ներկապնակում գերակշռող կարմիրը, կապույտը, նարնջագույնն ու դեղինը վկայում էին արևի պաշտամունքի մասին: Դրանց խիզախ երանգավորումներում նկատելի էին մանկության տպավորությունների խտացված թախիծը, կարոտի, երազի ու սիրո հյութեղ անդրադարձը («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» և այլն): Լուրջ խոսակցությունների տեղիք տվեց նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում (1960 թ.): Թերահավատներին շփոթեցրել էր նրա անսովոր գունային մտածողությունը: Որդեգրած ստեղծագործական դավանանքին հավատարիմ` նա երբեք չընկրկեց: Հրաժարվելով բնության կույր պատճենահանումից` շարունակեց կռել բնության խորախորհուրդ գանձարանում մխրճվելու սեփական բանալին: Գեղանկարչությունը, գրեթե ողջ ժանրային բազմազանությամբ, Մինաս Ավետիսյանի համար սեփական հույզերն ու ապրումները կտավից մարդկանց փոխանցելու հնարավորություն էր: Ընդ որում` կյանքի ու բնության ճանաչողության հարուցած միայն այն հույզերն ու ապրումները, որոնք, ժամանակի ընթացքում կուտակվելով, ինքնաբուխ դուրս էին հորդում հոգու խորքերից: Ուստի, ամեևին էլ պատահական չէր, որ բազմաթիվ բնանկարներով ձեռք բերած հմտությունների բարձրարժեք սինթեզով ստեղծված նրա «Ջաջուռ» կտավը ազդարարեց մի նոր շրջան հայ գեղանկարչության պատմության մեջ: Առ հայրենի եզերք քնարական այդ ձոնը մարդկային մտքի ու սրտի խորունկ ներդաշնակության մեծ հայտնությունն էր նկարի տեսքով: «Ջաջուռ»-ից հետո հեղինակած «Տարվա եղանակները» նկարաշարը (1961-63 թթ.), «Իմ ծնողները» (1962), «Հանդիպում» (1965), «Հորս դիմանկարը» (1965), «Շեմին» (1967), մի շարք ինքնադիմանկարներ համընդհանուր ճանաչում բերեցին ինքնատիպ արվեստագետին: Ռոսինիի «Տիկնիկների աշխարհում», Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո» և Գերշվինի «Նեգրական թաղամաս» բալետ-նովելների, Պրոկոֆևի «Մոխրոտը» և Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետների ձևավորումներով բացահայտվեց նաև բեմանկարչական տաղանդը: Խաչատրյանի «Գայանեն» ու Սպենդիարյանի «Ալմաստը» հավաստեցին բեմական տարածքը յուրովի ուշագրավ դարձնելու նրա կարողությունը: Նուրբ աշխատանք կատարեց Հրանտ Մաթևոսյանի «Այս կարմիր, կապույտ աշխարհը» ֆիլմում: Արդեն արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, մի քանի հարյուր գործեր ուներ, բայց իրեն համարում էր երիտասարդ նկարիչ, ում դեռ չէր հաջողվել արարել իր պատկերացումներին համարժեք բարձրարվեստ կտավներ: Ճշմարիտ է ասված` տաղանդի մեծությունը համեստությամբ է չափվում. «Եթե սերս կյանքի, այն ամենի, ինչ շրջապատում է ինձ, և իմ արվեստի հանդեպ ինձ չդավաճանի, հուսով եմ երբեևԷ փոխանցել բոլոր մարդկանց զգացածս ու իմացածս…»: ("ՁՉՏՐփպրՑՉՏ", Ծ., 1966, դ 1): Ընդամենը 15 տարի տևած ստեղծագործական կյանքում Ավետիսյանը արարեց մոտ 500 մեծ ու փոքր կտավ, գրեթե նույնքան գծանկար: Վերջիններս, խարսխված նկարչի մանկության մշտարթուն հուշերին, ազատ ու անկաշկանդ բնութագրականությամբ ձոներգել են հայրենի բնաշխարհն ու մարդուն («Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց»…): Երևանի, Գյումրիի մի շարք արտադրական ձեռնարկություններում, մշակույթի օջախներում և հասարակական վայրերում Մինասը կերտել է մոնումենտալ նկարչութ յան 20 մնայուն գործեր` ներշնչված միջնադարյան որմնանկարներով: «Համաշխարհային նկարչության բոլոր հին ու նոր «իզմերը» կարելի է գտնել մեր մանրանկարիչների մատյաններում, ծաղկողների նկարներում», - գրում է նա: Իրենց կոմպոզիցիայով, գծանկարչական, գունանկարչական ոճամտածողությամբ ավարտուն այդ աշխատանքներն, ավաղ, զոհ գնացին 88-ի երկրաշարժին, ինչպես և` Ջաջուռում գտնվող թանգարանը: 1972-ին էլ ձմեռային մի գիշեր բռնկված հրդեհը չխնայեց արվեստանոցում հավաքված գործերը, փարիզյան անհատական ցուցահանդեսին ներկայացվելիք աշխատանքները, անձնական արխիվը: Մի քանի ժամում կրակը լափեց Մինասի արևախանձ գույները: Որքան բեղուն է եղել Մինասի վրձինը, նույնքան անպաշտպան են գտնվել անձը և գործը հանկարծահաս դիպվածների հանդեպ: Եվ տարիների ընթացքում ստեղծված շատ կտավներից մնացին... լուսանկարները: Անավարտ մնացին հոգու թարգման շատ ու շատ կտավներ, երբ չարաղետ ավտովթարով 1975-ին վերջնակետվեց կյանքը: Բայց մինչ օրս էլ ապրում են անունն ու գործը` Հայաստանի ազգային պատերասրահի, ժամանակակից արվեստի թանգարանի, տարբեր երկրների ցուցասրահների ու մասնավոր անձանց հավաքածուներում պահպանված ստեղծագործություններով: Եվ կանգուն է կրկին հայրենի տունը` Ջաջուռի թանգարանը, որում վերստին զգացվում է հայ կերպարվեստի անցած ճանապարհի արժեքների հավաքականությամբ ներթափանցված վարպետի աներևույթ ներկայությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ