«Արևմուտքը դասեր չի քաղել»


Իր այս համոզմունքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Միրոնովը հիմնավորում է երկու փաստարկով. ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցանկությունը` վերականգնելու Վրաստանի բանակը, վրացական ռազմական ներուժը վերակենդանացնելու ամերիկյան մտադրությունը: Անցյալ չորեքշաբթի մոսկովյան իր ասուլիսում նա հայտարարել է. - Վրացական ռազմական հնարավորությունները վերականգնելու հարցերով զբաղվել ցանկանում է ոչ միայն ԱՄՆ-ը, այլև ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները: Սա նշանակում է, որ վերջին իրադարձություններից անհրաժեշտ դասեր չեն քաղվել: Ս. Միրոնովը նաև նկատել է. - Ռազմական ծախսերի աճով միջազգային ռեկորդակիր դառնալով` Վրաստանն արտասահմանի կողմից սպառազինվել է` պատերազմ սանձազերծելու այն մարդկանց դեմ, ում Միխայիլ Սահակշվիլին համարել է իր քաղաքացիները: ՌԴ արտգործգերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պահանջում է արգելք դնել Վրաստան մատակարարվող զենքի վրա: - Տարածաշրջանում բռնությունը չկրկնվելու համար Ռուսաստանը շարունակելու է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ վարչակարգը (Սահակաշվիլու) երբևէ չարիք չիրագործի: Սկզբի համար ճիշտ կլիներ արգելել այդ վարչակարգին զենք մատակարարելը` մինչև նոր իշխանությունը Վրաստանը կդարձնի նորմալ պետություն: …Սահակաշվիլին ու այն ուժերը, որ վրաց-օսական և վրաց-աբխազական հակամարտություններում կանգնել էին նրա թիկունքին, փորձում էին ստուգել ռուսական ուժի ամրությունը,- ասել է Ս. Լավրովը: Նրա համոզմամբ` փորձելով ուժով տիրել Հարավային Օսիային, «վրացական վարչակարգը» ցույց տվեց դեմքը. - Նույն ճակատագիրն էր սպասվում նաև Աբխազիայում: Դա չստացվեց ու չի էլ ստացվելու: *** Իսկ ահա Միացյալ Նահանգները չեն ընդունում Վրաստանին զենքի մատակարարումն արգելելու պահանջը: Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացրել է նման բանաձևի նախագիծ: Սակայն ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հիմքեր ունի ենթադրելու, որ այդ փաստաթղթի դեմ, հավանաբար, ուղեփակոց կդրվի ամերիկյան կողմից: ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ Բեն Չանգն էլ իր հերթին Մոսկվայի այդ նախաձեռնությունը գնահատել է որպես փորձ` միջազգային հանրության ուշադրութ յունը շեղելու վրացական տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման պարտավորությունից: