Հովհաննես ԳԱԼԱՋՅԱՆ. «Իրավունք» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր


«Աշխարհների քանակն անսահման է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ցանկացած տղամարդու կյանքում առհասարակ ամենադժվարը արժանապատվության գերակայությունն ապահովելն է` մի կողմ դնելով բոլոր մարտահրավերներն ու գայթակղությունները: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Միայն հայ, որովհետև ազգությունը չես ընտրում, այլ ի ծնե ստանում ես գեներով: Սակայն, համակրանք ունեմ ռուսների նկատմամբ` որպես արիական ցեղածառի երիտասարդ, կենսունակ ներկայացուցիչների: Նրանք նաև իրենց այդ երիտասարդության շնորհիվ է, որ ճիշտ մոտեցում են դրսևորում բարդ խնդիրների վերաբերյալ: Արդյուն քում, այսօր Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է, և նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում ոչ ոք չի համարձակվում կասկածել այդ երկրի հզորությանը: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Չէի ասի, թե գաղտնիք է, բայց այս ասելիքս ես «Մանիֆեստ» եմ անվանում և «Ավանգարդ»-ի ընթերցողին էլ կուզենայի այն ներկայացնել: Շարունակ նվիրվում ես մինչև վերջ, իսկ քեզ «զապաս տարբերա՞կ» են դարձնում` հարմար պահին առանց հրաժեշտի լքելով և «շահավետը» ընտրելով: Ձայնապնակի փչացած ակոսի մե՞ջ ես կրկին ու կրկին: Համարձակվի°ր ասեղը դուրս գցել ակոսից: Գեթ ՄԵԿ ԱՆԳԱՄ համարձակվի°ր շրջել անշրջելի թվացողը: Խախտի°ր բոլոր կանոնները, մի° մտածիր հետևանքների մասին, ՀԱՂԹԻ°Ր թեկուզ քո և այլոց ճակատագիրը կործանելու գնով... Զի հաղթանակը պոռնիկ է, որը տրվում է միմիայն ՑԱՆԿԱՑԱԾ ԳԻՆ վճարողին: Մինչև վերջ օգտագործիր քեզ տրված ԿԵՍ ՏՈԿՈՍԱՆՈՑ երկրորդ շանսը, այն դարձրու 100%, քանզի հակառակ պարագայում անարգած կլինես Անմահ Աստվածների կամքը: Նվաճի°ր, խլի°ր այն, ինչ որ ուժեղի ու վճռականի իրավունքով ՔԵԶ է պատկանում: …Հավատա° ինքդ քեզ, ու կհաղթե°ս… - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ինձ համար միշտ առեղծվածային է աշխարհը: Նույնիսկ այսպիսի հարցադրում կա. եթե հնարավորություն լիներ աշխարհի բոլոր գաղտնիքները բացահայտել, կյանքն ի՞նչ ընթացք կստանար: Պատասխանը բավական պարզ է. այլ աշխարհի գաղտնիքները բացահայտելը, որովհետև աշխարհների քանակն անսահման է: Տիեզերքում մեր արեգակնային համակարգից բացի բազում այլ գալակտիկաներ կան: Ո՞վ գիտե, միգուցե այլ տիեզերքներ էլ կան: Իսկ կյանքում առեղծվածներն ամեն քայլափոխի են. դրանք կարելի է հայտնաբերել ամեն ինչում` սկսած փողոցում մարդկանց հետ շփումից, վերջացրած գիտական հիմնարար գաղտնիքներով: Օրինակ` անսահման առեղծվածների աղբյուր է հայի տեսակը` իր և° անցյալով, և° ներկայով, և կարող եմ վստահ ասել` անվերջանալի ապագայով: Պարզապես խնդիրը ներընկալումն ու մեկնաբանությունն է. ինչ-որ մեկը կարող է ասել այս ինձ համար անհետաքրքիր է, բայց մեկ ուրիշը կարող է այդտեղ առեղծված տեսնել: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Կենսական կարևորության դեպք է, որն իր մեջ զավեշտ էլ ունի: 1993-95 թթ. Հայոց բանակում էի` որպես սպա: Մարտական գործողությունների տարածք Երասխավանում ավտոճանապարհով քայլում էի, և ինչ-որ անդիմադրելի ուժ ինձ ստիպեց հարթ ճանապարհից շեղվելով մտնել ջրափոսի մեջ: Նոր-նոր փայլեցրած կոշիկներս ցեխակոլոլ ոտնամանների վերածվեցին: Առողջ դատողության տեսակետից զավեշտալի է: Բայց մեկ ակնթարթ հետո, հարթ ճանապարհի ուղղությամբ խոշոր տրամաչափի գնդացիրի համազարկ սուրաց ադրբեջանցիների կողմից: Հետագայում էլ այդ անդիմադրելի ուժը պարբերաբար ինձ ղեկավարելով` փրկում է կյանքս: - Մանկության այն հուշը, որը մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ երազանք ունեի. տիեզերագնաց դառնալ: Մանկության հուշ մնացին տիեզերք թեմային առնչվող կուտակած գրքերն ու պատկերները` իրենց յուրահատուկ բույրով: Գումարած նաև մարզումները, քանի որ ինչպես գիտենք, տիեզերագնացներն առանձնահատուկ մարզավիճակում պետք է լինեն: Եվ մինչև հիմա էլ, որոշ էքստրեմալ ատրակցիոններում, ինձ հետ 20-25 տարեկան երիտասարդների 95%-ը չեն կարող մրցակցել: Լրատվամիջոցների ընտանիքում ի սկզբանե իր ուրույն ինքնությունը հաստատեց «Իրավունք» թերթը: Եվ 20 տարի այն մնաց իր ընթերցողի կողքին` նրան կողմնորոշելով շատ հարցերում և, իհարկե, լրատվություն հաղորդելով, նաև` լրագրողական նոր սերունդ դաստիարակելով: «Ավանգարդ»-ը ևս սիրով շնորհավորում է «Իրավունք»-ի աշխատակազմին` թերթի հոբելյանի կապակցությամբ և մաղթում երկարակեցություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ, անխաթար ընթացք:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ