«Ասք լինելության»


2003¬ին, կերպարվեստագետների 68 աշխատանքների նվիրատվությամբ, Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր ավանում (Լաչինում) բացված երկրագիտական թանգարանի Հայաստանի ժամանակակից արվեստի պատկերասրահով մեկնարկեց մշակութային և գիտատեխնիկական կազմակերպությունների ստեղծման ու զարգացման գործընթացի աշխուժացմանը միտված «Ասք լինելության» պետական հայապահպան ծրագիրը£ Պետության ընձեռած հնարավորությունները հարակից նվիրատվություններով ընդլայնելու նպատակով` ազգագրական, գեղարվեստական այլազան մշակութային արժեքների հավաքածուներով թանգարանային առկա պահոցների հարստացումից զատ, այս նախաձեռնության շնորհիվ ակնկալվում է նոր տարածաշրջանային թանգարաններ և արհեստագործական, մշակութային կենտրոններ ստեղծել£ Մասնավորապես` աղետի գոտում և ազատագրված շրջաններում£ Մեր մշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը բարենպաստ այս քարոզչական աշխատանքի արդյունքում` օրերս Երևանի պատմության թանգարանի կերպարվեստի հավաքածուն համալրվեց երևանաբնակ արվեստագետների ընծայած 65 տարաոճ ստեղծագործություններով£ Արդի նկարիչների աշխատանքների երկամսյա ցուցադրությամբ ոչ միայն կվերարժևորվեն Սեդա Բեքարյանի («Կոնդ»-2007), Անատոլի Ավետյանի («Արարատ»¬1992), Ռոբերտ Էլիբեկյանի («Ակրոբատներ»¬1990-94), Սարգիս Համալբաշյանի («Ներկայացում»-2009), Վալմարի («Ընտանիք»¬1980), Էդուարդ Արծրունյանի («Վերադարձ Սբ. Գայանե վանքից»¬1997), Կարեն Աղամյանի («Հպում»-2005), Լուսիկ Ագուլեցու («Մեղրի»-2005), Թաթոսի («Առավոտ լուսո»-2001), Արկոյի («Փշրված ժամանակ»-2007) ու երևանամեծար մյուս կերպարվեստագետների ստեղծագործական ու մարդկային նկարագրերը, այլև ընդօրինակելի կդառնա նրանց վարքագիծը արվեստի շատ ու շատ գործիչների համար£ Գուցե ճարտարապետական համաժողովի մասնակիցներն էլ վերհիշեն իրենց խոստումները` Երևան քաղաքին իրենց լավագույն աշխատանքների նվիրատվության մասին, որոնցով խանդավառել էին մեր ներկայիս քաղաքապետին£ Իրադարձային շուք էր հաղորդվել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացած «Ծնունդդ շնորհավոր, Երևան» ցուցահանդեսի բացման արարողությանը£ Առաջին մտավորական այցելուների ջերմացրած մթնոլորտում նվիրատուներին հանձնված շնորհակալագրերը և նվիրաբերված գործերի վերատպություններով ձևավորված նորընծա ալբոմը, գնահատանքի խոսքերով ուղեկցվելով, արտասովոր բարձր արժեք էին ձեռք բերում£ Նորից ու կրկին շրջելով ցուցասրահներում` տարբեր գեղագիտական դավանանքի և հմտությունների արգասիք կտավները, ասես, նորովին էին հմայում£ Շմավոն Շմավոնյանի «Դաշտային ծաղիկները» (2008), Քնարիկ Աբովյանի փայտակաշվե «Դուռը» (2008), Ռուբեն Գրիգորյանի «Շշուկները» (2003), Ալեք Ալեքյանի «Ճերմակ անուրջները» (2009), Ֆրենկ Գասպարյանի «Ձնծաղիկների պարը» (2006), Սոնա Բանոյանի մետաքսե «Պայքարը» (2009)£ Ուրիշ շատերը£ Երևանի ծննդյան «գեղանկարչական» այս յուրատիպ տոնակատարության մասնակիցներին համակած ընդհանուր լավատեսական տրամադրությունը կիսելով` երկմտում եմ, սակայն, արդյո՞ք բարի կամքի նոր դրսևորումները շուտով համանման տեսքով արվեստասեր հանրությանը կներկայանան£ Չէ՞ որ 6 տարիների քարոզչությամբ իրականացել է 2 մտահղացում ընդամենը£ Խորամուխ լինելով ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության վեցամյա գործունեության ողջ ընթացքում` ստանձնած դժվարին առաքելության շարունակականության հավանականության նոր նախանշաններ եմ նկատում: Այսօր, երբ հայկական մշակութային արժեքների յուրացումն ու նենգափոխումը (հատկապես` դրկից երկրներում) վտանգում է հայոց լինելությունն ու հարատևումը, անհետաձգելի հրատապություն է ձեռք բերում դրանք պահպանող ու հանրահռչակող տարածաշրջանային կենտրոնների գործունեության նպատակասլաց ակտիվացումը: Առաջնահերթ` 88-ի երկրաշարժից տուժած մարզերում: Օրվա հրամայական` մշակութային նոր օջախների ստեղծումը: Ժառանգականության շարունակականությունն ապահովելու տեսակետից առանձնակի կարևորվում է ազգային ավանդական արհեստների «վերակենդանացումը»: Ժողովրդական երգ ու պարի հանդեպ առկա զանգվածային հետաքրքրութ յունը հուշում է այդ ուղղությամբ արվելիք առաջին քայլը` նվագարանաշինության մոռացության մատնված արհեստագործական հմտություններ սերմանող կենտրոն-դպրոցների ցանցի ձևավորումը: Ընթացքի մեջ գտնվող նախապատրաստական աշխատանքների անդրանիկ փուլի մոտալուտ ավարտի մասին, հուսանք, շուտով կազդարարի վինագործ Շահեն Երիցյանի ու նրա հետնորդների 74 աշխատանքային գործիքների և արխիվային 38 վավերագրերի հրապարակային ցուցադրությունը: Մեր մշակութային ինքնության այցեքարտի ողջ արժեքավոր բովանդակությունը նորովի աշխարհին ներկայացնելու անհրաժեշտության գիտակցությունը, կարծում եմ, նախևառաջ արդի մտավորականներին պետք է ներարկել: Նրանց հայապահպան ներուժի եռանդուն, անհետաձգելի կիրառմամբ միայն կարելի կլինի հյուսել «Լինելության ասքը»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ