«Շուրթերիս վրա աղոթք է անձայն»


Իմ ծանոթությունը Անահիտ Դանիելյանի հետ եղավ անսպասելի: Հետո մեր հանդիպումների ու զրույցների ժամանակ զգացի, որ զանգեզուրյան ըմբոստ ու ոգեղեն լեռների շունչն է ամբարել իր էության մեջ: Որքան զրուցում էի նրա հետ, այնքան նրա բնավորության բազմագույն ու բազմաշերտ ծալքերն էի բացահայտում: Անահիտ Դանիելյանը Երևանի ոսկեգործության և արծաթագործության ցուցահանդեսում արժանացել է Առաջին մրցանակի, «Անահիտ» արվեստի կենտրոնի նախագահն է: Նա պատմում էր, իսկ ես ուրախանում էի, որ մեր դժվար օրերում կա մի կին-էություն, որ իր հոգու շեն ու շռայլ ծփանքն է շաղ տալիս ու չի վախենում դատարկվելուց, որովհետև բերնե-բերան լցված է մարդասիրությամբ: Ու երբ նվիրեց իր երրորդ գիրքը` «Սիրո առավոտ» վերնագրով` զարմացա, որ այսքան բազմազբաղ լինելուց հետո, ե՞րբ է ժամանակ գտնում ստեղծագործելու: Սակայն տանը սպիտակ, անկենդան թուղթը խոսեց ինձ հետ. Իմ մեջ հորդում են ամեն իրիկուն, Հուշերն օրերի վաղանցիկ գարնան, Լուռ երազներիս իջել է աշուն, Շուրթերիս վրա աղոթք է անձայն: Կարդում էի Անահիտի բանաստեղծություններն ու զգում նրա հոգու հուզաթաթավ տրոփյունը: Անահիտի զգացմունքային աշխարհը մեկ ժայթքում է հրաբխի պես, մերթ աստղերի լույսով լուսավորում իր ընթերցողի ճանապարհը, մերթ իր կարոտի շոգ արևի ճառագայթներով գրկում: Ինչի մասին էլ, որ գրում է, նա գրում է անմիջական, անկաշկանդ, ինքն իր հետ` իր Աստծո հետ անկեղծ զրուցելով: Իսկ այդ զրույցը իր սիրո ձայնն է, որ մեր վերուվարվող ժամանակներում յուրաքանչյուր մարդու հարկավոր է որպես թթվածին. Հանդիպման մասին միշտ երազել եմ, Օրերը հաշվել, կարոտ եմ դարձել, Մեր սիրո առջև միշտ մեղանչել եմ, Արշալույսներս արցունքով հեղել: Անահիտ Դանիելյանի սիրո բանաստեղծությունների կողքին կա մի անփոխարինելի ջերմություն, որի գոյության ներկայությունը լցվում է սրտացավությամբ, իսկ երբ այն չկա, մարդ արարածը կարծես որբանում է: Այդ Մայրն է, ով յուրաքանչյուրիս համար անփոխարինելի մի աշխարհ է: Եվ Անահիտը քնքշանքի տողեր է ձոնել իր մորը. Մորս սիրտը վարդաստան էր հազար բույրով շաղախված… Մոր կորստի հետ Անահիտը չի համակերպվել և նրա հոգում այդ մորմոքը ցավ է դարձել բանաստեղծությունների տեսքով: Հեղինակի բանաստեղծական այս Ժողովածուն ծայրեծայր նրա հոգեկան փոթորկումների արգասիքն է: Իսկ այդ փոթորկումները միայն մի նշանաբան ունեն` հավատարիմ մնալ ինքն իրեն: Այդ փոթորկումներին հավատարիմ մնալ նշանակում էր` հաշտ ապրել ինքդ քո էության հետ, իսկ դա յուրահատուկ է միայն ուժեղ անհատականություններին: Անահիտ բանաստեղծուհին քայլում է կյանքի խաչված ճանապարհներով, հավատալով, որ մի օր հույսը կբերի իր օրհնությունը և այդ օրհնությունը գալիս է մայրության տեսքով. Խենթ արեգակի բիլ հրացոլքում, Առավոտներիս համբույրում խաչված, Ծնվեց դստրիկս, վաղուց սպասված, Արևի ոսկի ցողով լվացված: Անահիտ Դանիելյանի համար դեպի հայրենքն ու Հայաստանն ունեցած սերը մի ուրիշ երանգ ու գույն ունի: Այն միահյուսված է մոր կերպարի հետ: Մեր ժողովրդի անվանի գրողները միակուռ ամբողջության մեջ են տեսել այդ կերպարը, և բանաստեղծուհին էլ շարունակել է նույն ավանդույթը: Նա միաժամանակ իր ասելիքը շաղախում է մեր ժողովրդի համար կենսական հավատի ոգով. Այսօր երկաթե հավատք է մեզ պետք, Որ ջահակիրներ դառնանք ազգովի, Հայոց լեռներից մեր ուժը առնենք, Մեր խաչքարերից` խորհուրդն անցյալի: Անահիտ Դանիելյանի հույզերը, խոհերն ու մտածումները դեռ շատ անցնելիք ճանապարհ ունեն և զուր է նա ասում, թե. Ախ, իմ գարունը թոշնել է վաղուց… Բանաստեղծուհու գարունները միշտ կպսակվեն նոր գրքերի լույս աշխարհ գալով, որովհետև մեր օրերում ընթերցողին հարկավոր է բարություն, իսկ բարության լույսը ծիածանվում է Անահիտ Դանիելյանի և° էության մեջ, և° բանաստեղծություններում… ԼԻԼԻԹ