ՀՐԵՏԱՆՈՒ ԳԵՆԵՐԱԼԸ Իվան Դավիթի Վեքիլյանի (Վեքիլովի) ծննդյան 105-ամյակը


Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված հայրենազոր հայորդիների շարքում հրետանու գեներալ-լեյտենանտ Ի. Դ. Վեքիլյանին շնորհված Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի, երեք Կարմիր Դրոշի, Կարմիր Աստղի, Լենինի, ՀՄՊ-ի առաջին աստիճանի շքանշանները և բազմաթիվ մեդալները նրա խիզախության, տոկունության, մարտավարական հմտությունների լավագույն վկայություններն են: Ծնվել է 1894 թ. նոյեմբերի 24-ին Վրաստանի Կախեթի շրջանի Կրասնոյե Կոլոդեց գյուղում, որտեղ հայրը ծառայում էր գեներալ Լորիս-Մելիքովի ռուսական Կովկասյան կորպուսում` ունենալով փոխգնդապետի զինվորական կոչում և մասնակցելով 1-ին համաշխարհային պատերազմի մի շարք ճակատամարտերի, ձեռք էր բերել հրետանու մասնագետ-հրամանատարի համբավ: Հենց հայրն էլ պատմել էր որդուն հրետանու դերի, նշանակության մասին, որոնք ոգևորել էին փոքրիկ Հովհաննեսին (Իվանին) ու նրա մեջ արթնացրել սերը դեպի հրետանին: Հետո հորն ուրախացրել էր որդու ցանկությունը` ընդունվել Թիֆիլիսի կադետական դպրոցը: Այնուհետև ուսումը շարունակել է Պետերբուրգի հրետանային ուսումնարանում, որն ավարտել է 1914 թ.` գերազանց գնահատականներով: Նորավարտ 19-ամյա հրետանու սպան ստանձնել է դասակի, հետո մարտկոցի հրամանատարի պաշտոնները, կռվել է Արևմտյան ճակատամարտում, այնտեղից տեղափոխվել Կովկասյան ճակատամարտ և կռվել գերմանական ու թուրքական զորքերի դեմ, ականատես եղել Սարիղամիշի, Կարսի և այլ հայկական բնակավայրերի պայքարին: Ի. Վեքիլյանը 12 տարի ծառայել է Կարմիր Բանակի զորամասերում և աչքի ընկել որպես ընդունակ և լավագույն հրետանավոր: Նրան Մոսկվա են ուղարկել` սովորելու հրետանու ակադեմիայում, որն ավարտելուց հետո ստանձնել է հրետանու գնդի հրամանատարի պաշտոնը, արդարացրել իրեն և նորից նշանակվել Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի հրետանու պետի տեղակալ, այնտեղից` Կարմիր բանակի հրետանու գլխավոր վարչություն: 1939-40 թթ. Իվան Վեքիլյանին գործուղում են Կարելյան թերակղզում ընթացող ռուս-ֆիննական պատերազմի ճակատամարտ` գեներալ-լեյտենանտ Միխայիլ Բարսեղյանի լեգենդար կորպուսը, որտեղ նա պարգևատրվել է Կարմիր Դրոշի շքանշանով` հայտնի «Մաներհայմի գծի» ամրոցը հրետանու միջոցով ճեղքելու համար: Այստեղից նրան նորից են տեղափոխում կենտրոն, Կարմիր Բանակի հրետանու գլխավոր վարչություն: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941-45 թթ.) Ի. Վեքիլյանը բոլոր պատասխանատու պաշտոններում` 1-ին Բելոռուսական, 2-րդ և 3-րդ Ուկրաինական, Ստալինգրադյան, Բեռլինի ճակատամարտերում, ունեցել է արժանի դերակատարում: 1942 թ. հունվարին Ի. Վեքիլյանին շնորհվել է գեներալ-մայորի, իսկ 1943 թ. հուլիսին` գեներալ-լեյտենանտի բարձրաստիճան կոչումները: Մինչև 1946 թ. նա գլխավորել է Խորհրդային Բանակի հրետանու գլխավոր վարչության մարտական պատրաստությունը, իսկ հետո, ելնելով առողջական վիճակից, նրան նշանակել են Գլխավոր Շտաբի ակադեմիայի ավագ դասախոս, որտեղ ակտիվորեն իր հարուստ զինվորական փորձը փոխանցել է սովորողներին: Եվ հենց ակադեմիայում էլ` պարապմունքների Ժամանակ (1953 թ. հունիսի 16-ին), նա մահացել է սրտի կաթվածից: Հուղարկավորվել է Մոսկվայի Նովո-Դևիչիևի գերեզմանատանը` բոլոր զինվորական ավանդույթներով, հրաժեշտի համազարկերի ուղեկցությամբ: Նա իր գործունեությամբ անմահացել է երախտապարտ սերունդների սրտերում:

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ