Հա՞ որ...


ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ մարդիկ են հայրենի քաղգործիչները: Նրանց հասկանալը հաճախ անհնարին է դառնում, արարքները քննելը` անիմաստ: Իսկ հույսը, թե գոնե ասպարեզում եղած քաղգործիչներին փոխարինել պատրաստվողների գործողությունները մի փոքր ավելի հեշտությամբ կտեղավորվեն մարդկային տրամաբանության շրջանակներում, շատ հաճախ հուսախաբության է վերափոխվում: Ավանդաբար այս մարդիկ կռիվ են տալիս, ասենք, պատգամավոր դառնալու` այդ նպատակի համար ոչինչ չխնայելով, ոչնչի առաջ կանգ չառնելով: Ու հաճախ այդպես էլ չընդունելով, որ ընդամենը մանդատ ունենալու երազանքն իրագործած տեսնելու ցանկությունը հաստա°տ ավելին չարժե, քան քայքայված նյարդերն ու, ինչու չէ, նաև վատնվող միջոցները: Այսպիսի մի սցենար հասունանում էր նաև առանց պատգամավորի մնացած 10-րդ ընտրատարածքում… Եվ ահա այստեղ առաջադրվածների մի մասը հայտարարել են, թե պատրաստ են միասնաբար ինքնաբացարկ հայտարարել: Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր, օր-օրի թշնամացող այս մարդկանց անկանխատեսելի «միասնակա նությունը» որևէ կերպ, իհարկե, դժվար է բացատրել, քանի որ իրենց հնարավոր քայլի վերաբերյալ իրենք նույնպես խելքին մոտ որևէ հիմնավորում չեն ներկայացնում: ԲԱՅՑ սա դեռ չարյաց փոքրագույնն է… Եվ մի՞թե կարելի է այնքան անմիտ գտնվել` կարծելու, թե ինչ-որ հարցում, առավել ևս` ընտրական գործընթացներում, «ազգընտիր» դառնալու նկրտում ունեցողները կարող են լիարժեք միասնականություն դրսևորել: Եվ իրոք, մինչ մի քանի առաջադրվածներ ինքնաբացարկի մասին են մտմտում, 10-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկն անկեղծանալով` ոչ-ավել ոչ պակաս, հայտարարում է, թե ինքն իրեն առաջադրած կուսակցության դրածոն է և սեփական անելիքների վերաբերյալ ինքնուրույն որոշումներ ընդունել չի կարող: Սույն կամակատարն, իհարկե, հայաստանյան ընտրական գործընթացներում պեղված-գտնված միակ խամաճիկը չէ (թեև մյուսներից ավելի անկեղծ է): Եվ կասկածից վեր է, որ քվեարկության արդյունքներով նրա անուն-ազգանվան դիմաց հաստատ զրո թիվը չի հայտնաբերվելու: Բայց զավեշտալին ոչ այնքան նման մարդկանց առկայությունն ու ստորադասված գոյությունն է, այլ թեկուզև քիչ, բայց որոշակի քանակությամբ համակիրների առկայությունը: Թեպետ, այս դեպքում հարկ է «անմեղության կանխավարկածով» առաջնորդվել` հաշվի առնելով, որ այս ընտրատարածքում քվեարկությունը հունվարի 10-ին է նշանակված… Օր, երբ Ամանորյա խումհարը դեռևս պահպանելիս է լինում իր ազդեցությունը, ինչն էլ այս դեպքում հնարավորություն կտա ընտրազանգվածին այնքան էլ չմեղադրել: ՓՈԽԱՐԵՆՆ անհնար է մարդկային նկարագիր որոնել այն հակակրծողների արարքում, ովքեր Շիրակի մարզում կրծողների դեմ պայքարելու նպատակով Երևանից տարված դեղանյութերը խոշոր եղջերավորների համար նախատեսված արոտավայրերում են շաղ տվել: Արդյունքում` անասնագլխաքանակի անկում է արձանագրվել, և շիրակցի ֆերմերները գոնե անփույթ համաճարակաբաններին չեն գտնում` հետները կռիվ տալու ու գոնե դրանով սրտները հովացնելու համար: Դե, փոխհատուցում պահանջելու մասին, երևի, չեն էլ մտածում: Եթե հավատանք, որ մայրաքաղաքից մեկնածների իրական նպատակը կրծողներին ոչնչացնելն է եղել, ուրեմն ճշգրտման կարիք ունի նրանց անմեղսունա կությունը, որի պատճառով էլ անմեղ զոհի դերում խոշոր եղջերավորներն են հայտնվել: