ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ


Այնպես ստացվեց, որ ցուլի տարում արդեն երկրորդ ճգնաժամն է հաստատուն քայլեր կատարում` հայոց աշխարհում ինքնահաստատվելու համառությամբ` այս անգամ էլ խոզագրիպ կոչվածի տեսքով, որի վտանգն արդեն լրջորեն առարկայանում է նաև մեր հանրապետությունում: Ընդ որում, այնքան արագ, որ շուտով դժվարանալու է նույնիսկ գնահատելն ու զանազանելը` ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքնե՞րն են ավելի ծանր ու դժվարահարթելի, թե՞ հազվագյուտ դեպքերում մահաբեր հետևանքներ արձանագրող նոր համաճարակը: Իսկ մինչ այդ ամեն ինչ հաստատ մինչև վերջ ասված չէր լինի, եթե չանտեսվեր մի կարևոր, եթե չասենք ամենակարևոր հանգամանքը. Հայաստանին առայժմ ոչ այնքան խոզագրիպը, որքան դրա հոգեբանական ախտանիշն է համակել: Իսկ մինչ այդ ակամայից վերհիշում ենք, որ այս պատմությունն անչափ նման է տարիներ առաջ թռչնախտի առնչությամբ բռնկված տենդին: Այն ժամանակ այդ անմեղ փետրավորները փռշտում և իսկույն ևեթ ինչ-որ դիմակավորված մարդկանց զոհերն էին դառնում: Ավելին, ասենք, Հարավային Ամերիկայում տեղի ունեցած թռչունների զանգվածային սպանդի մասին հեռուստակադրերը պատճառ էին դառնում, որպեսզի այստեղ հավերը մարդկանց «թշնամիներ» հռչակվեն, և թռչնամիսն ու ձուն հեռուստակադրերից ներշնչված սպառողների կողմից բոյկոտվեն: Իսկ հիմա այնպես է ստացվել, որ թռչնագրիպի չհաջողված բեմականացման սցենարը պարզապես կրկնվում է: Բայց այս փորձն ակնհայտորեն փորձանքի է վերածվում: Այն տարբերությամբ միայն, որ բեմականացման գլխավոր հերոսներն են փոխվել. փոքրամարմին հավերն իրենց գրիպով ու դրա հետևանքներով ուռճացվել են խոզերի չափսով: Մեր պարագայում սակայն «ձեռքի հետ» պարզ է դառնում, որ համաճարակներին դիմագրավելու հարցում մենք այնքան ենք անպատրաստ, որ միգուցե Աստված մեզ խղճում ու Հայկական լեռնաշխարհը հեռու է պահում խնդրո առարկա անհասկանալի հիվանդությունից: Հետևաբար նման իրավիճակում լավագույն ինքնապաշտպանությունը հիգիենայի կանոնները պաշտպանելն ու անհարկի գրկախառնություններից խուսափելն է: Այլապես հոռետեսական խուճապները բացի գույները խտացնելուց և դրանով իսկ հոգեբանական հետևանքները բարդացնելուց, ոչինչ չեն փոխի… Այլ հարց է, որ խուճապն արդեն գրեթե անկասելի է թվում, իսկ մեզ պատուհասած նոր տագնապները դեղերի վաճառքով զբաղվող ընկերություններում աննախադեպ շահույթներ են արձանագրում: Ժողովրդին բուժամիջոցներ հրամցնողները, փաստորեն, նույնքան բիրտ են, որքան անչափահասներին թմրագիրկը ներքաշողները: Նրանց համար կարևորը եկամուտները բազմապատկելու հերթական սողանցքն օգտագործելն է: Թեև դեղորայքի շուկայում ստեղծվելիք իրավիճակը միանգամայն կանխատեսելի էր, բայց նոր ճգնաժամ, այն էլ բառի ամենավատ իմաստով, միայն այստեղ կարելի է արձանագրել: Արդեն քանի ամիս այս ոլորտում նույնպես ոչինչ չարվեց` գոնե ավանդական դարձած անհեթեթ բացատրություններով հիմնավորելու գնաճը: Հայտնի կենդանու ականջում քնած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անտարբերությունն էլ պատճառ դարձավ, որպեսզի վերջին օրերին գնային թռիչքները տարածվեն նաև խոզագրիպի հետ հեռավոր և անուղղակի աղերսներ ունեցող դեղատեսակների վրա նույնպես: Ընդ որում, շատ դեպքերում մինչև տասնապատիկ աճ է արձանագրվում: Ակնհայտ է, որ դեղորայքի բիզնեսը նման` դրախտային իրավիճակում հավանաբար երբեք չի հայտնվել: Բայց խնդիրը ոչ այնքան պարզ լկտիության (ինչին բազմիցս ենք ականատես եղել), ոչ էլ այդ լկտիությունը զսպելուն կոչված հանձնաժողովի անգործության շրջանակում է: Առավել տարօրինակ ու զավեշտալի է, որ աղքատության շեմը վաղուց հաղթահարած և անշեղորեն գահավիժող մեր հայրենակիցները ոչինչ չեն խնայում` դեղորայքով լի տոպրակներով համաճարակին իբր դիմադրելու համար: Իսկ ներկրողներն ամեն ինչ լավ են հաշվարկել: Այլապես խուճապահար հանրությանը դեղատներում պաշտպանիչ դիմակներով աշխատակիցներ չէին սպասարկի: Չէ՞ որ սա խոզագրիպից պաշտպանվելու համար զգուշացողների գրպանները թեթևացնելու ազդեցիկ գովազդ և ներգործուն աճպարարություն է… ԵԼՄԱՆ ԿԵՏԻՑ… ԵԼՄԱՆ ԿԵՏ Հայ Ազգային Կոնգրեսն, անկախ իր կամքից, աստիճանաբար քաղաքական թոշակառուների շարքերն է համալրում: Երբ վերհիշում ենք թեժ աշնան խոստումներն ու չկայացած հեղաբեկումների հերթական շրջանի ավարտն ենք ամփոփում, տևական դարձող ներքաղաքական անդորրից բացի արձանագրելու ուրիշ ոչինչ գրեթե չենք հայտնաբերում: Այժմ ընդդիմությունը կարծեք թե հասկացել և ընդունել է ընթացիկ գործընթացներին իր մասնակցության աննպատակահարմարությունը, և արմատականների «միջամտությունները» քաղաքական գործընթացներին սկսվում և ավարտվում են հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ դատողություններով: Սրանով հանդերձ` չի բացառվում, որ ՀԱԿ-ը նույն արտաքին խնդիրների` իր համար բարենպաստ, բայց ընդհանուր առմամբ վատթարացման պարագայում դրանք դարձնի այն կռվանը, որը նորանոր զանգվածների փողոց դուրս բերելու հույսեր կարթնացնի: Հենց այս պատճառով էլ Լ. Տեր-Պետրոսյանը չի շտապում. նախ` վերջին հնարավորությունը հանգամանքների բարենպաստ դասավորության դեպքում օգտագործած լինելու, և հետո` իր կատարյալ ինքնամեկուսացմամբ Կոնգրեսի ապագան մինչև վերջ բախտի քմահաճույքին թողած չլինելու համար: Իրավիճակ, որը հենց ՀԱԿ-ի ներսում լուրջ տարաձայնությունների, եթե չասենք հաշիվ պահանջելու և հաշիվներ մաքրելու անխուսափելի առիթ կդառնա: Մինչև հիմա դրանք որքան էլ խնամքով թաքցվում են, սակայն պարզ ու անվիճելի է, որ ոչ միայն վաղուց են խմորվում, այլ շատ շուտով նաև կոնգրեսամերձ շրջանակներից դուրս են ժայթքելու: Միայն այն փաստը, որ Խաչատուր Սուքիասյանից ժառանգություն մնացած 10-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ը ներկայացնող միանգամից երկու թեկնածու է առաջադրվել, իսկ մի քանիսին էլ դժվարությամբ են համոզել առաջադրվելու մտադրությունից հրաժարվել, արդեն իսկ շատ բան է ասում: Եվ չնայած նման խնդիրները Լ. Տեր-Պետրոսյանն արտաքուստ այնքան աննշան է համարում, որ դրանց անդրադառնալ անգամ չի ցանկանում, բայց միաժամանակ հիմա, թե հետո` նա չի կարող լրիվ շրջանցել այն մանր թվացող ճաքերը, որոնք առաջիկայում անխուսափելիորեն մեծ խոռոչների են վերափոխվելու: Հենց այս նպատակադրմամբ էլ աչքաթող չի արվում ՀԱԿ-ի «բաց» լինելու, ազատ ելումուտի (ընդգրկվողների քանակաճի ակնկալիքով) թեման: Փաստորեն, ՀԱԿ առաջնորդն ասել կուզի, որ թե° ասպարեզն այլոց զիջելու մեծահոգությունն (՞) ունի, և թե° նույնիսկ համագործակցության` միասին գործելու հեռանկարներին դեմ չէ: Սակայն այդ նույն ապագայի վերաբերյալ քիչ չեն նաև վերապահումները: «Թեժ» սեզոնին փոխարինած անորոշ լռությունը, ըստ պնդումների, նոր առաջնորդ հայտնաբերելու առայժմ անպտուղ և խիստ կասկածելի հաջողություն արձանագրելիք փնտրտուքին է ծառայել: Սա թերևս հարցերի հարցերից է: Եվ քանի որ «պատասխան» առայժմ և ամենայն հավանականութ յամբ առաջիկայում այն չի ունենալու, հետևաբար խնդիր է առաջանալու նաև ապացուցել, որ ընդդիմության միասնական առաջնորդ անկարող են առաջադրել նաև ՀՅԴ-ն ու առավել ևս` «Ժառանգությունը»: Այնպես ստացվեց, որ անհաշտ ու անբաժան այս ընդդիմադիրների ակտիվացումը միմիայն նրանց հեղինակազրկման աճով եզրափակվեց: Հենց դա էլ անուղղակիորեն նախատեսում էր ապացուցել Լ. Տեր-Պետրոսյանը: Ուստիև շատ բնական է, որ արդեն ընդդիմության հոր կեցվածքով ներկայացող էքս Նախագահն ու Նախագահի երբեմնի թեկնածուն հիմա արդեն ոչ թե ծրագրային ելույթ է ունենում, այլ ելույթին ավելի շատ բացատրական ուղղվածություն է տալիս: Ասել է թե` այն, ինչը դուք այդպես էլ չհասկացաք, ես վաղուց գիտեի ու մի ամբողջ քաղաքական սեզոն ասպարեզը սիրահոժար կերպով ձեզ զիջելով` ամենն ընկալելու հնարավորություն ընձեռեցի… Այսուհանդերձ, ակնհայտ է, որ քաղաքականության հետ վերստին իր հաշիվները փակած համարող ՀԱԿ առաջնորդին շատ ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես գալու հարցում մի կարևոր հանգամանք խանգարում է. քաղաքական նկատառումներով մի քանի ձերբակալվածների անազատությունը վերջինիս ստիպում է վերոնշյալ հայտարարության տեքստն առայժմ չհրապարակել: Ի վերջո, ամեն ինչ ելման կետին է պետք հանգեցնել: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ՀԱԿ-ի` թվում էր, թե այլևս երբեք չհրավիրվելիք հանրահավաքը հենց դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է հրավիրվում: Այն, իհարկե, նույն օրն ևեթ հերթականներից կդառնա` ոչնչով չտարբերվելով և հավաքվածների թվով էապես զիջելով բոլոր նախորդներին: Բայց կա մի կարևորագույն խնդիր ևս, որին նույնպես արժե անդրադառնալ: Մինչև հիմա սոցիալական դժգոհության մերթընդմերթ բոցավառվող, երբեմն էլ մեղմացող ալիքը հենց այդ հանրահավաքներում էր ամենանկատելի կերպով արտահայտվում: ՀԱԿ-ի պասիվացումն էլ, բնականաբար, չի ենթադրում, թե հանրային բողոքի հիմնապատճառներ այլևս չկան, և իշխանության հանդեպ անհանդուրժողականությամբ լցված ընտրազանգվածն այլևս գոհ ու երջանիկ կյանքով է ապրելու: Հետևաբար, նոր ընդդիմության պահանջարկն անխուսափելիորեն պահպանվելու է: Իսկ թե դա ի՞նչ առաջարկ կառաջացնի` ոչ այնքան տեսանելի ապագայում կերևա: