Հանուն հավերի իրավունքների


Չեխիան պայքարում է հավերի արժանապատիվ կենսապայմանների իրավունքի համար: Գյուղնախարար Պետրո Բենդելն այս հարցն առաջադրել է Բրյուսելում կայացած նիստում: Բնականաբար` նրա ելույթի դրդապատճառը ոչ թե թռչունների հանդեպ անկեղծ սերն է, այլ Չեխիայի տնտեսական հետաքրքրությունները: Խնդիրն այն է, որ 1999¬ին Եվրամիությունն իր անդամ երկրներին հանձնարարել էր թռչնաֆաբրիկաներում բարելավել հավերի պահման պայմանները: Դեռևս 3 տարի առաջ «Ռադիո Պրագա» ծրագրով հնչել էին հետևյալ հավաստիացումները. - «Կենդանիների պաշտպանության հանրությունը» գտնում է, որ հավերը ամենից հաճախ խոշտանգվող կենդանիներն են Չեխիայի Հանրապետությունում: Կենդանիների պաշտպանության մասնագետները կարծում են, որ այդքան փոքր տարածքում թռչուններ պահելը վտանգ է պարունակում ոչ միայն կենդանիների ֆիզիկական, այլև հոգեբանական վիճակի առումով: Բացի այն, որ հավերը չեն կարող ազատ տեղավորվել, նրանք ցերեկվա լույսն էլ չեն տեսնում: Արդյունքում` թռչունների շրջանում սակավադեպ չեն դաժանությունները, որոնցից թույլերը զոհվում են: 2011¬ից, սակայն, իրավիճակը փոխվել է: Չեխական հավիկներն ապրում են հարմարավետ պայմաններում, մեծ վանդակներում: Նրանց պահելը թանկացել է. բարձրացել է նաև ձվի ինքնարժեքը: Չեխ նախարարը չի թաքցրել դժգոհությունը, որ Եվրախորհրդի պահանջը չեն կատարել 27 երկրներից 7¬ը: Այդ թվում և` Լեհաստանը: Եվ չեխական իշխանությունները հիմա մտահոգված են, որ լեհական էժան ձվերը կլցվեն իրենց խանութները, իսկ կյանքից գոհ չեխական հավերի թանկ ձվերը ոչ մեկի պետք չեն գա: