Թե ինչո՞ւ էր մերկացել


Այն էլ`աշնան վերջին, երբ Մոսկվայում երբևէ «շոգից չեն մեռել»: Բայց արի ու տես, որ Մոլդովայի 35-ամյա քաղաքացի Վիտալի Գրոդիկն այդ օրը որոշել էր մերկ վարել իր «Ռենո»-ն: Ոչ թե սեփական մեքենան, այլ «Կռուիզ» տաքսի ծառայությանը պատկանող: Երևի ճանապարհային երթևեկության կանոնների մասին գիտելիքները նա հագուստների մեջ էր մոռացել և կոպիտ խախտումներ է կատարել «Կիևսկի» կայարանի հրապարակում: Ճանապարհային անվտանգության աշխատակիցները փորձել են կանգնեցնել կարգազանցին, բայց մոլդովացին որոշել է փախչել` վնասելով 17 ուրիշ մեքենաներ: Միլիցիոներները ստիպված կրակել են նրա վարած «Ռենոյի» անվադողերին` հարկադրելով կանգ առնել: Ու ապշահար են եղել` տեսնելով մորեմերկ վարորդին: Իսկ երբ ձերբակալել են, Վիտալին ներկայացել է որպես ցար ու սկսել է Ռուսաստանի հիմնը երգել և գոչել` «Աստված, փրկիր և պաշտպանիր»: Կարգուկանոնի պահապանները մտածել են, թե նա հարբած է, բայց փորձաքննությունն իսպառ բացառել է ալկոհոլի առկայությունը նրա արյան մեջ: Գրոդիկը հիմա հոգեբուժական հիվանդանոցում է` «ցնորական խանգարվածություն» նախնական ախտորոշմամբ: Երկու ամսից բժիշկները պետք է վերջնական ախտորոշում ներկայացնեն: Եթե մոլդովացուն անմեղսունակ ճանաչեն, ապա նա կկարողանա խուսափել բանտից և կուղարկվի հարկադիր բուժման: