«ՄԱՐՏԻ» ԵՆ ԳՆՈՒՄ... ԱՂՋԻԿՆԵՐԸ


Արդեն մի քանի օր է` մայրաքաղաքի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Սոս Սարգսյանի ղեկավարությամբ գործող «Համազգային» թատրոններում և Թատերական գործիչների միության կամերային դահլիճում ընթանում են «Գիսանե» երիտասարդական փառատոնի ներկայացումները: Դեռևս 2008 թ. ազդարարելով իր գոյությունը, «Գիսանե» փառատոնը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թատերական նախագծեր, որոնց բոլորի հեղինակները Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող ներն էին: Սա պատահական չէր, որովհետև փառատոնը ծնունդ էր առել հենց այս բուհում: 2011-ի փառատոնն արդեն ինքնատիպ հասունության վկայությունն է: Իսկ կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բեմադրիչների ցանկում մեծ տեղ են գրավում աղջիկները: Խանդավառված չլինելով «կանացի» ռեժիսուրայով, այնուհանդերձ նշենք, որ տղամարդկային համարվող այս բարդ մասնագիտությունը մեզանում էլ սկսում է ֆեմինացվել` հայտածելով իրապես հետաքրքիր մտածողությամբ և թատերատեսությամբ աչքի ընկնող բեմադրիչ աղջիկների: Ոգևորված փառատոնային մի շարք ներկայացումներով, հատկապես ուրախություն պատճառեց, որ երիտասարդների կողքին հանդես են գալիս նաև ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն ու արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը: Այսյուհանդերձ չենք կարող մոռացության մատնել այն հանգամանքը, որ այս անգամ ևս ամենախոցելին փառատոնի կազմակերպչական, այսպես կոչված պրոդյուսերական կողմն էր: Փառատոնում շատ է թափթփվածությունը, անկազմակերպվածությունը: Չկան մեծաթիվ ազդագրեր, չարդարացված խնայողություն է հանդես բերվել ծրագրերի մատուցման հարցում: Մինչդեռ գիտենք, որ հովանավորները որոշակի գումարներ տրամադրել են, իսկ փառատոնի տնօրինությունն էլ դուրս է մղել թատերագիտական մտքի ներկայացուցիչներին, այս թատերատոնն էլ ձգտելով վերածել ինքնաբավ իրողության... Տխուր ու աններելի է, որ երիտասարդ բեմադրիչներն իրենք են մոտենում թատերական մտքի ներկայացուցիչներին և խնդրում ներկա լինել իրենց բեմադրությունների ցուցադրություններին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ