ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ Ազատամարտիկի օրագիրը


Կարապետ Երվանդի Մանուկյանը` Կարոն, կամ ինչպես հարազատներն ու ընկերներն էին կանչում` Մնոն, Արցախյան ազատամարտի այն հերոսներից էր, ով հոգու կանչով զենք էր վերցրել` վտանգված հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ: Նա մեկնել է ռազմի դաշտ` թեև նրա որոշմանը դեմ էին և´ մայրը, և´ կինը, և´ ընտանիքի մյուս անդամները: - Ախպերն ասաց` մի գնա: Զայրացավ, ասաց, ես չգնամ, դու չգնաս, բա ո՞վ պիտի գնա,¬ պատմում է կինը` Գեղեցիկը: Գնաց… ու մեր սահմանները պաշտպանեց Մեղրու, Կապանի, Գորիսի շրջաններում: Պատմում են, որ կյանքում այդ լռակյաց ու հանգիստ մարդը թշնամու առաջ կատաղի առյուծ էր դառնում. - Մեր գնդի ամենատարիքովը Կարոն էր, և հարկ եղած դեպքում մեզ արգելում և ինքն էր միայնակ դուրս գալիս թշնամու դեմ: Ասում էր` դուք դեռ շատ ջահել եք…- պատմում է Մնոյի մարտական ընկեր Ֆեդյան: Կարոյի այս բառերը լավ է հիշում նաև որդին` Ռազմիկը. - Հերթական անգամ, երբ կռվի դաշտից տուն էր եկել, խնդրեցի, որ ինձ էլ տանի իր հետ: Մի պահ լուռ` ասես զննող հայացքով նայեց ինձ, հետո գրկեց, համբուրեց ու շշնջաց. - Դու դեռ շատ ջահել ես,- ապա շրջվեց և ասաց,¬ հենց մեր գործը կհաղթանակի, քեզ անպայման կտանեմ, խոստանում եմ: Պատմում են, որ ամեն անգամ կռվի դաշտ գնալուց Կարոն իր հետ վերցնում էր առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաները. - Բերում էր թել, ասեղ, բամբակ, ու եթե ինչ-որ մեկիս ինչ-որ բան էր պետք լինում, Կարոյից էինք ուզում և բնականաբար նա ուներ,¬ ասում է Ֆեդյան: Կարոն կռվում էր ինքնամոռաց` միևնույն ժամանակ անտարբեր չմնալով իր աչքի առաջ տեղի ունեցող դառնություններին: Եվ հենց այդ տպավորությունների ներքո էլ հյուսվել է ազատամարտիկի օրագիրը: Վերջինս սովորական աշակերտական տետր է, որի առաջին էջին Կարոն փակցրել է իր լուսանկարը, ապա ինքնակենսագրել. - Ես` Կարապետ Երվանդի Մանուկյանս, ծնվել եմ 1949 թ. հունվարի 8-ին Աշտարակում: Ամուսնացած եմ, ունեմ մեկ որդի, երկու դուստր: ...1991 թ. սեպտեմբերի 20-ից անդամագրվել եմ «Հատուկ Գնդին»: Եղել եմ հայրենիքիս տարբեր սահմաններում: Պայքարել եմ իմ ազգի պահպանման ու անկախության համար…: Տետրի հաջորդ էջերը լի են բանաստեղծություններով: Այդ բանաստեղծությունները սիրո, կարոտի, դառը զգացումների ծնունդ են` ուղղված կնոջը, մորը, երեխաներին ու հայրենիքին: Որդու` Ռազմիկի հուշերում հատկապես թարմ են մնացել հոր հետևյալ տողերը. - Ամբողջ ուժովս եռանդուն, բազուկներս կշարժեմ: Անհավասար այս կռվի մեջ, թե ուժերս ինձ թողնեն: Ես` Կարապետ Մանուկյանս, աքսորի մեջ ընկած եմ: Կարոյին միշտ թվում էր, որ անհավասար պայքարի հաջորդ զոհն ինքն է լինելու: Դա պարզ երևում է նրա օրագրից, ուր ազատամարտիկն իր իսկ գրչով նկարել է շիրմաքար ու ստեղծագործել. Այս է գերեզմանն իմ. այստեղ եմ տանելու ցավերն իմ բոլոր: Թող ոչ ոք չիմանա, գերեզման իմ ցավոտ, Որ պետք է հավասարվեմ հողին ես անզոր: - Ասում էր` ինչքան դու կսիրես զենքին, այնքան էլ նա կսիրի քեզ,- հիշում է Ֆեդյա Ավագյանը: Բայց Կարոյի դեպքում ամեն ինչ այլ էր: Նրան անգամ զենքասիրության սկզբունքը չօգնեց: Նա իր վերջին մարտը մղեց Լաչինում` փակելով թշնամու ուղին դեպի Արցախ: Կարապետ Մանուկյանը Աշտարակ քաղաքի` Արցախյան պատերազմում նահատակված առաջին զոհն էր: Կարոն բանաստեղծ չէր, նա զինվոր էր, պարզ ու հասարակ մի հայորդի, ով նվիրվեց հայրենիքին, չափսոսալով բնության կողմից իրեն տրված ամենամեծ պարգևը` կյանքը:

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ