ԶՈՐԱԿՈՉԸ` օրինական և թափանցիկ


Զինված ուժերի հերթական համալրման անչափ կարևոր գործընթացի արդար և օրինական ճանապարհով անցկացումն օրակարգային խնդիր է, ինչին առաջին հերթին հետամուտ է անձամբ նախարար Սեյրան Օհանյանը: Սրտացավ վերաբերմունքի ու նաև խստապահանջության երաշխիքներից մեկը, ի թիվս այլ նախաձեռնությունների, Նախարարի նոյեմբերի 2-ի հրամանով զորակոչային հանձնաժողովի ստեղծումն է` ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Նպատակն ու խնդիրները հստակ են` զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովում: Այսինքն` քաղաքացիների դիմումներում առկա խնդիրների բարձրացում, քննարկում և հնարավորինս արագ լուծում` նպաստելով առկա թերացումների ու բացթողումների շտկմանը: Ասել է թե` այս հանձնաժողովը հասարակական վերահսկողության մի յուրահատուկ մարմին է, կապող օղակ քաղաքացիների և զորակոչային մարմինների միջև: Նաև նախորդ 3 զորակոչերի ընթացքում գործած հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքների ամփոփումն առավել իրատեսական է Գեղամ Հարությունյանի ներկայացմամբ. - Այդ ընթացքում ստացել ենք ընդհանուր առմամբ 162 դիմում և բողոք: Դրանցից 109-ը, եղել են առողջական խնդիրների վերաբերյալ: Սա հատկապես այն հարցն է, որը շատ լուրջ և պատասխանատու մոտեցում է պահանջում թե´ հանձնաժողովի անդամներից և թե´ այդ խնդրով զբաղվող համապատասխան օղակներից: Մենք այդ 109 բողոքներից 78-ի առնչությամբ միջնորդել ենք Կենտրոնական բժշկական հանձնաժողովին` 42-ի դեպքում անցկացնելու լրացուցիչ բուժզննություն, 36-ի դեպքում` կրկնակի անդրադառնալու և քննարկելու հարցը: Արդյունքում 30 զորակոչիկների վերաբերյալ ընդունվել են տարկետման որոշումներ: Սա շատ կարևոր ցուցանիշ է, որը խոսում է և´ հանձնաժողովի կարևորության, և´ զորակոչային մարմինների հետ համագործակցության բարձր մակարդակի մասին: Այս դեպքերում, փաստորեն, մեր գնահատմամբ վերականգնվել է օրինականությունը և արդարությունը: Գերխնդիը օրինականության ապահովմանը նպաստելն է, իսկ դրա լիարժեք իրականացումն անհնար կլիներ առանց թափանցիկության ապահովման: Ուստի բոլոր քննարկումները բաց են: Հանձնաժողովի անդամների համար առաջնային են համբերատար, նրբանկատ, մարդասիրական վերաբերմունքը նորակոչիկների և ծնողների նկատմամբ` անկախ նրանց դիմումի բնույթից: - Մեր որդեգրած սկզբունքներից մեկը բաց, թափանցիկ աշխատաոճն է: Եթե հետամուտ ենք օրինականության և արդարության վերականգնմանը` առանց որոշակի հանրային լսարանի, առանց թափանցիկության, հրապարակայնության պատշաճ աստիճանի և մակարդակի խնդիրները լիարժեք և հիմնավոր լուծվել իմ կարծիքով չենք կարող: Այդ պատճառով այս անգամ որոշեցինք նաև հայտարարել, որ զորակոչային հանձնաժողովը բաց է աշխատում: Սկզբունքներից մեկն էլ այն է, որ հարցերը պարտադիր քննարկվում են զորակոչիկի և նրա ծնողի ներկայությամբ: Այսինքն որոշումներ ընդունելիս ոչ միայն փաստաթղթերի վրա ենք հիմնվում, այլև մարդկանց ենք լսում: Եվ խոսք ու զրույցի ընթացքում հաճախ ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք դիմումներում կամ փաստաթղթերում արտացոլված լինել չէին կարող: Ծնողներին և հասարակությանը կոչ կանեի օգտվել հանձնաժողովի հնարավորություններից: Մենք պատրաստ ենք աշխատել այնքան, որքան կպահանջվի: Անհրաժեշտության դեպքում նույնիսկ կրկնակի, եռակի անդրադարձ կարող է լինել տվյալ խնդրին,- հավաստիացնում է Գեղամ Հարությունյանը: Առ այսօր հանձնաժողովն ստացել է քաղաքացիների 14 դիմում և խնդրանք, որոնցից 9-ը քննարկվել են առաջին նիստի ժամանակ: Բացարձակ մեծամասնություն են կազմում առողջական` հատկապես տեսողության խնդիրները: Իսկ ինչպիսի՞ն է պատկերը ընդհանուր զորակոչի մակարդակով: Այս առումով հետաքրքրիր են ՀՀ ԶՈւ գլխավոր թերապևտ գնդապետ Գայանե Ղուկասյանի դիտարկումները. - Այս 4 զորակոչերի ընթացքում դիմումների մոտ 60 տոկոսն առնչվում են առողջական խնդիրներին: Դրանց մի մասը բոլորովին չեն բարձրացվում զորակոչային հանձնաժողովների առաջ` սկսած զինկոմիսարիատից: Հաճախ ծնողներն են ուշացումով հիշում այդ մասին: Մեզ դիմելու դեպքերի որոշ մասի պատճառն այն է, որ զորակոչային հանձնաժողովներում շատ մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, և հնարավոր են որոշ վրիպումներ, բացթողումներ: Հանձնաժողովը չի հասցնում բոլոր զորակոչային փաստաթղթերն ուսումնասիրել և ծնողները այդ փաստաթղթերով դիմում են մեզ: Մենք ուսումնասիրում ենք ավելի հանգիստ պայմաններում: Անկեղծ ասած` իրենց բացթողումների մասին մեր բոլոր առաջարկությունները, ահազանգերը, դիտողությունները մեծ պատրաստակամությամբ ընդունվել և քննարկվել են: Որքա՞ն է հավանականությունը, որ տարբեր` առավել հաճախ հոգեկան հիվանդությունները չեն կարող սողանցք դառնալ` ծառայությունից խուսափելու համար. - Եթե մոտեցումներն օբյեկտիվ են, օրինական դաշտում է ամեն ինչ կատարվում, որևիցե հիվանդություն չի կարող սողանցք դառնալ: Հոգեկան հիվանդությունների դեպքում սուբյեկտիվ գնահատման, ոչ օբյեկտիվ հետազոտման արդյունքների խնդիրներ կան: Բայց որքան էլ երիտասարդը խաղա, եթե իրականում չունի այդ հիվանդությունը, անհնար է հակառակում համոզել: Մանավանդ հանձնաժողովներում փորձառու մասնագետներ են և կարող են վարքը հստակ գնահատել,- հավաստիացնում է Գ. Հարություն յանը: Չնայած անհանգստությանն ու անորոշությանը` միջանցքում սպասող բոլոր զորակոչիկներն ու նրանց ծնողները լիահույս էին, որ իրենց խնդրին անպայման արդարացի լուծում կտան: Գյումրեցի Լուսինե Առաքելյանը սրտի ցավով է պատմում որդու հիվանդության մասին. - Մանկուց աջ աչքը չի տեսնում: Պետք է բուժեինք մինչև տասը տարեկան դառնալը, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ ունեինք` չկարողացանք: Դպրոցական տարիներին բոլոր դասերը ես եմ կարդացել, նա լսել, սովորել է, որպեսզի գոնե ձախ աչքի տեսողությունը պահպանվի: 2011-ի գարնանային զորակոչի ժամանակ 6 ամիս ժամկետով տարկետում է ստացել` բուժման նպատակով: Որոշ դեղեր նշանակեցին, սակայն դրական արդյունք չկա: Զեկուցագրից հրաժարվել ենք: Ոչ ես, ոչ էլ որդիս չենք խուսափում ծառայությունից: Տղա է` պետք է ծառայի, բայց միայն բուժվելուց հետո, տեսողությունը գոնե 50 տոկոսով վերականգնելուց հետո: Մեծ հույսերով եմ եկել այստեղ: Հավատում եմ, որ կօգնեն: Լուսինե Առաքելյանի որդու` Վաղինակ Առաքելյանի օբյեկտիվ երկու հետազոտությունների արդյունքները համընկնում էին` փաստելով, որ նա կարող է ծառայել: Սակայն հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդություն ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողով` խնդրին կրկնակի անդրադառնալու համար: Հանձնաժողովի գոյության փաստը հերթական հավաստիքն է նաև այն իրողության, որ իսկապես բողոքարկելու արդարացի հիմքեր ունեցողներն ընտրում են խնդիրներին լուծում տալու օրինական ճանապարհը: Իսկ փաստաթղթեր «սարքողները» զբաղված են ասեկոսեներ տարածելով:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ