Նախագահացու չգտնվեց


Մոլդովայի` նախագահի ընտրության հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտեց վաղաժամ: Տարօրինակ է, բայց ոչ մեկը չի կարողացել սահմանված ժամկետում թեկնածու առաջադրվել` նոյեմբերի 18¬ին կայանալիք ընտրություններում քվեարկվելու: Հանձնաժողովին դիմել էին 7 մարդ, ովքեր ներկայացնելով պահանջվող բոլոր փաստաթղթերը` չէին հայթայթել երաշխավորության ստորագրությունները: Երկրում գործող օրենքի համաձայն` նախագահի թեկնածուին պետք է երաշխավորեն առնվազն 15 պատգամավոր: Խորհրդարանը հիմա պարտավոր է 30-օրյա ժամկետում նոր ընտրություններ նշանակել: Եթե այս անգամ էլ թեկնածու չգրանցվի կամ առնվազն 61 խորհրդարանական ների ձայներին չարժանանա, ապա օրենսդիր մարմինը ենթակա է լուծարման: Այդ դեպքում նախագահի պաշտոնակատարը պետք է նշանակի արտահերթ ընտրությունների ամսաթիվը: Խնդիրն այն է, որ Մոլդովայում նախագահ ընտրում են խորհրդարանի պատգամավորները` իրենց ընդհանուր թվի առնվազն 3/5¬րդ քվեարկությամբ: Ավելի քան 2 տարի այս երկիրն ապրում է առանց պաշտոնական առաջնորդի. սկսած 2009 թ. սեպտեմբերից, երբ այդ պաշտոնից ինքնակամ հրաժարվեց կոմունիստների ղեկավար Վլադիմիր Վորոնինը: Իսկ 2010¬ից ձևավորված խորհրդարանն այդպես էլ չի շտապում պետության գլուխ ընտրել (տեղեկացրել է BBCRussian.com¬ը):