1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանում գործող հարյուրավոր գազալցակայաններն առաջիկայում հայտարարեին թանկացումների մասին, եթե լցակայանների կողմից պետբյուջեին հատկացվող հաստատագրված վճարները բարձրացնելու նախաձեռնությունը նոր հարկային փաթեթից չհանվեր: Հաստատագրված վճարների ավելացումը միանգամայն տրամաբանական կարելի էր համարել, որովհետև ոչ մեկի համար անտեսանելի չեն ոլորտում գործող տնտեսվարողների աստղաբաշխական շահույթները: Ավելին, երբ տարեսկզբից հարկային մուտքերն ավելացնելու ելքեր են որոնվում, կարելի էր նաև վառելիք լիցքավորող ընկերութ յունների վճարումների վերանայման մասին մտածել: Ու դա տարօրինակ չէր դիտվի, քանի որ նման ընկերությունները «Հայռուսգազարդի» ամեն մի թանկացման գույժին արձագանքելով` առանց հապաղելու թանկացրել են գազի գինը: Թերևս հենց այս հանգամանքն էլ գործադիրին ստիպել է հրաժարվել լցակայաններից ավելին ակնկալելու մտքից: Ինչպես նշեցինք, վերջիններիս ստացած գերշահույթ ների մասին իրողությունը բոլորին է հայտնի, սակայն ամեն մի գնաճից հետո համոզվել ենք, որ «Հայռուսգազարդի» սահմանած հերթական նոր վճարաչափը ոչ թե գերշահույթների հաշվին է համահարթեցվում, այլ սպառողի: Այսինքն, շահույթը պահպանվում է` սպառողի գրպանից ավելի շատ գումարներ կորզելու հաշվին: Ուստիև կարծել, թե այս անգամ ինչ¬որ բան պետք է փոխվեր` միամտություն կլիներ... Հանրապետությունում գործող հարյուրավոր գազալցակայանները թեև տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների են պատկանում, սակայն կարծեք թե նույն կենտրոնից ղեկավարվելիս լինեն: Գոնե մրցակցություն կոչվածի ձևական կողմը պահպանելու առումով` անգամ 10 դրամի գնային տարբերություն սրանցից որևէ մեկում չկա: Ուրեմն, մեծագույն ցանկության դեպքում, անգամ այս ծառայությունը մատուցող որևէ ընկերություն չէր համարձակվի հայտարարել, թե ինքը վաճառվող գազի գինն անփոփոխ է թողնում` պետությանը վճարվելիք հաստատագրված հարկի տարբերությունը շահույթի հաշվին հավասարակշռելով... Թերևս կարիք չկա նկարագրել, թե ինչ տեղի կունենար նման իրավիճակում նման հայտարարության հեղինակի ու նրա ընկերության հետ: Այդ իսկ պատճառով էլ, իհարկե, գործադիրը որքան էլ հարկահավաքման ծավալային աճը կարևորի, նաև նոր գնաճից խուսափելու խնդիրը պետք է լուծի: Իսկ տվյալ դեպքում դեռ հայտնի չէ, թե հերթական ապրիլի 1¬ից ի˜նչ տհաճ անակնկալ է մատուցելու «Հայռուսգազարդը»: Ուստիև այս կառույցից մեկ քայլ առաջ ընկնել ու մի քանի ամսվա ընթացքում իրար հաջորդող երկու լրջագույն գնաճ արձանագրել` հաստատ չարժեր:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ