Դրական վերջաբանի ակնկալիքով ևս մի դիպվածի պատմություն


Առիթ ունեցել ենք ասելու, որ մեր օրերում աշխարհում, հասարակության ներսում (այն աշխարհի անբաժանելի մասն է) գործընթացները տիեզերական արագություն են ձեռք բերել: Թռչկանի ջրվեժի պաշտպանության հարցում բնապաշտպանների հաջողության օրինակով վերլուծաբաններն ու սոցիոլոգները գոհունակությամբ փաստում էին, որ մեզանում սկսում է արթնանալ քաղաքացիական գիտակցությունը: Լրագրողական հանրությունն էլ, իր հերթին, նշում էր` իշխանությունները սկսել են հաշվի նստել հասարակական կարծիքի հետ, ինչը, խոստովանենք` երկար ժամանակ մեզանում կարծես երկրորդ, նույնիսկ չորրորդ պլանում էր: Եվ ահա, Թռչկանի պատմությունից շատ չանցած, դիպվածը ևս մի առիթ է պարգևում հանրությանը` հաճելիորեն զարմանալու: Ընդամենը օրեր առաջ միմյանց հետ չկարողացան լեզու գտնել գործարար Սիլվա Համբարձումյանն ու Սյունիքի մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը: Նրանց վեճը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ հուսալքված խոշոր ձեռնարկատերն ասուլիսում` հեռուստախցիկների առջև մեղադրեց Սյունիքի մարզպետին` իրեն պատկանող հանքից միլիոնավոր դոլարներ արժեցող սարքավորում գողանալու մեջ: Ըստ երևույթին, պարոն Խաչատրյանը չափազանց վստահ լինելով իր հնարավորությունների վրա, մտածել է, թե չարժե լրջորեն վերաբերվել Ս.Համբարձումյանի բողոքներին: Դե, մինչ այդ էլ բողոքողները քիչ չեն եղել: Եվ դիմել է խնդիրը փակելու` իր համար փորձված մեթոդի: Սակայն հատուկ քննչական ծառայությունը ձեռնարկատեր տիկնոջ գրավոր հաղորդագրության հիման վրա քրեական գործ հարուցեց «Մարիոթ» հյուրանոցում կատարվածի կապակցությամբ: Սիլվա Համբարձումյանը տեղեկացրել էր, որ մարզպետը հյուրանոցում հարձակվել է իր վրա և հարվածել է գլխին: Ընդ որում, ապացուցելու համար նույնիսկ վկաների կարիք չկա. պատահածը տեսագրել են հյուրանոցում տեղադրված տեսախցիկները: Ըստ էության, այս սկանդալը մի քանի հնարավոր հետևանք կարող է ունենալ: Բայց ամենակարևորն ու թերևս անսպասելին այն է, որ բիզնես-ոլորտում տեղի ունեցող «ռազբորկաների» լուծումը, որ մինչ այժմ տեղի է ունեցել կուլիսների հետևում, այս անգամ հրապարակային բնույթ է ստանում: Վեճում ներգրավված կողմերից մեկը` Սիլվա Համբարձումյանը, իր շահերի պաշտպանությունը հասարակությունից է ակնկալում: Թերևս այսօր քիչ թվով միամիտներ կգտնվեն, որ կհավատան, թե տիկինը պարզապես բախտի բարեհաճությանն է պարտական` ձեռնարկատիրության բարձունքներ նվաճելու համար. ընդորում հանքարդյունաբերության ոլորտում: Որ նրա թիկունքում կան ազդեցիկ հովանավորներ` շատերն են համոզված. այլապես նա չէր համարձակվի իրենից հանքը խլել ցանկացողների թվում նշել էներգետիկայի նախարարի և վարչապետի անունները: Այնուամենայնիվ, հասարակությունը կարծես հակված է նրա շահերի պաշտպանությանը: Սյունիքի մականունավոր մարզպետի «քաջագործությունների» մասին պատմութ յուններն արդեն չափից դուրս շատ են` հանրության բարեհաճությունն ակնկալելու համար: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանն ասուլիսում Սյունիքի մարզպետի արարքը «ռեցիդիվ» որակեց` վրդովվելով Ս. Խաչատրյանի նմանին իշխանությունների հանդուրժելու համար. - Ի՞նչ է, սպասում են, որ նա մի ծանր հանցագործությո՞ւն կատարի: Ակներև է, որ հասարակական կարծիքը սկսել է ծանրակշիռ ազդեցություն ունենալ: Եվ իր վարքի «բեսպրեդելով» Սյունիքի մարզպետն իշխանությանն այսօր լրջագույն երկընտրանքի առջև է կանգնեցրել: Առջևում ընտրություններ են, և իշխանությունը շատ լրջորեն է տրամադրված. շատ քիչ ժամանակ է անցել այն օրից, ինչ վարչապետը Բրյուսելում խոսեց Հայաստանի որդեգրած արժեքային համակարգի և մեզանում դրանցից եղած շեղումների մասին` հավաստիացնելով առաջիկայում կազմակերպել ընտրություններ, որոնք իրենց արդարութ յամբ ու թափանցիկությամբ միակը կլինեն անցած ամբողջ 20 տարիների ընթացքում: Այդ համատեքստում է բացատրվում նաև եղած ներիշխանական հրաժարականներն ու նշանակումները, կամ վերադասավորումները: Անվանեք դրանք ինչպես կուզեք. էությունն ու նպատակները չեն փոխվում: Եվ ինչպես երևում է, հանրապետության բարձրագույն իշխանությունն արդեն կողմնորոշվել է մարզպետին արժանին մատուցելու օգտին: Այդ են հուշում Ս. Խաչատրյանի դեմ քրեական գործ հարուցելը, դրա և ընդհանրապես պատահարի մասին հեռուստատեսությամբ մանրամասն տեղեկատվություն տալը: Անշուշտ, իշխանությունների բացախոսության հարցում անհերքելի է մոտալուտ ընտրություն ների դերը. իշխանությունների ցանկացած, ամենափոքր թվացող վրիպումը կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել մայիսին: Սակայն ինչն էլ լինի հասարակական կարծիքի հանդեպ աճող բարեհաճության պատճառը, այնուամենայնիվ փաստ է, որ դրանից իշխանության վարկին միայն դրական միավորներ են ավելանում: