«ԱՐՄԱՎԻԱՆ» ԱՄԵՆԱԹԱՆԿ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂՆ Է


Ընդունված է ասել կամ պաշտոնապես հայտարարել, որ ազգային են համարվում այն կառույցները, որոնք պետության կողմից են պատվիրակված և պետական սեփականություն են հանդիսանում: Հայաստանում, սակայն, մի տարօրինակ տրամաբանությամբ, ազգային փոխադրող է ինքնահռչակվել «Արմավիա» ընկերությունը, որը Միկա Բաղդասարովի սեփականությունն է և, ըստ որոշ լուրերի` մի զգալի մասնաբաժնով պատկանում է նաև Ռոբերտ Քոչարյանին: Թե ով և ինչու է այս ընկերությանը տվել ազգային ուղևորափոխադրողի մենաշնորհը` մնում է միայն ենթադրել: Բայց պետք չէ ինչ-որ բան ենթադրել` տեսնելով այն գները, որոնք սահմանել է այս ընկերությունը: Այս դեպքում պետք է վճռականորեն ասել, որ «Արմավիան» աշխատում է գերշահույթով` դառնալով աշխարհի ամենաթանկ ուղևորափոխադրողը: Հայաստանը եվրագոտու մեջ չմտնող պետություն է, սակայն այս ընկերությունն իր տոմսերի գները հաշվարկում է եվրոյով` նույն եվրոպական միացյալ տարադրամով իրականացնելով նաև ինքնաթիռներում կատարվող առևտուրը: Հազիվ թե մեր իշխանությունները տեղյակ չլինեն այս ապօրինության մասին, սակայն, զարմանալի հաշտվողականություն հանդես բերելով` լռության են մատնում աղաղակող փաստը: Լռության է մատնվում նաև այն հանգամանքը, որ «Արմավիան» սահմանել է աշխարհում ամենաբարձր գները, որոնք էլ խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը, ուղևորափոխադրումների աճին: Ասենք, Երևան-Հալեպ չվերթի տոմսն արժե 220 եվրո, ինչը, բնականաբար որևէ տրամաբանության մեջ չի մտնում, քանի որ 900 կմ օդային տարածության համար մի շարք միջազգային ճանաչման ընկերություններ սահմանել են 110-130 եվրո: Արդեն իսկ նկատելի է, թե որքան է տարբերությունը, և ինչ գերշահույթներ է ստանում ընկերությունը: Մոտ տասը չվերթերի գներ ուսումնասիրելով և դրանք համեմատելով նույնքան ընկերությունների սահմանած գներին` նկատում ենք, որ «Արմավիան», ամենամեղմ կերպով ասած` զբաղվում է թալանով, ուղևորներին կողոպտելով: Այլևս չենք խոսում սպասարկման ցածրորակության, ուղևորներին տրամադրվող անհասկանալի-անորակ սննդի մասին: Իսկ ինքնաթիռների սրահներում ծանոթանալով առաջարկվող ապրանքների գներին` ուղղակի սոսկում ես ապրում... Հետաքրքիր է, եթե Միկա Բաղդասարովին մատուցեին կարտոֆիլով բլիթը կամ կաթնաշոռով «բլինչիկը»` ինքն ի՞նչ կասեր և ինչպես դա կհամարեր բարձրորակ սպասարկման արտահայտութ յուն... Հասկանալի է, իհարկե, որ պարոն Բաղդասարովը «բարձր ռասայի» ներկայացուցիչ է և երբեք նման կերակուրների չի էլ նայի: Բայց իր սեփականությունը հանդիսացող ընկերությունը ուղևորներից ահռելի գումարներ վերցնելով` ահա այսպես է նրանց սպասարկում... Տարբեր առիթներով մենք զրույցներ ենք ունեցել հատկապես արտասահմանցի մեր հայրենակիների հետ, հարցրել, թե ինչու նրանք հաճախ չեն գալիս Հայաստան: Բոլորն էլ պատճառաբանել են, որ օդանավի տոմսերի գների թանկությունը իրենց զրկում է հայրենիքի հետ շփվելու հնարավորությունից: Ոմանք էլ գերադասում են օգտվել վրացական ավիափոխադրողների ծառայություններից, քանի որ տոմսերը մի քանի անգամ էժան են, իսկ սպասարկումն էլ գտնվում է բարձր մակարդակի վրա: Գուցե իսկապես ժամանակն է, որպեսզի մեր իշխանությունները հետազոտեն այս ընկերության գործունեությունը արժանի գնահատական տալով` նաև ստիպեն աշխատել ոչ թե հանուն գերշահույթների, այլ` հանուն իրատեսական և խոհեմ գների հաստատման: Համոզված ենք, որ այդ դեպքում մեր զբոսաշրջությունը ծաղկում կապրի, կմեծանա Հայաստան այցելող ների թիվը, իսկ երկիրն էլ ոչ թե կդառնա Միկա Բաղդասարովի ցանկությունների պատանդը, այլ կստիպի այդ գործարարին հարգել երկիրն ու նրա մարդկանց...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ