ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԵ


«ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

J Մենք փորձում ենք ճշգրտորեն ժամը լարել, մինչդեռ իրականում ժամանա´կն է մեզ իր ուզածով հետ ու առաջ լարում:

J Նախանձը նույնիսկ իրեն արած բարությանն է նախանձում…

J Մեկը մյուսի դեմ կեղտ էր հավաքում, մեկը մյուսի վրա կեղտ էր շպրտում: Սրանից էլ ծնվեց մարդկային հարաբերությունների կեղտի գարշաբույր կոյուղին:

J Մարդուն թվում է, թե գնում է ի´ր ուզած ճանապարհով, մինչդեռ ճակատագիրը, նրա քթից պինդ բռնած, նրան աննկատ տանում է ի´ր ուզած ճանապարհով:

J Ասում են` համեստությունը զարդարում է մարդուն: Անհամեստների միջավայրում համեստությունը խանգարո´ւմ է մարդուն:

J Սովորության ուժը հաճախ կամքի ուժից զորեղ է:

J Քեզ շատ էշի տեղ մի´ դիր, որ մի օր էլ, իրոք, չվերածվե´ս էշի:

J Շրթունքները նախադուռ են ո´չ միայն ուտելիք, այլև` որպես համբույր, իրա´ր համտեսելու համար:

J Մարդիկ մեկ շատ վատին են ատում, որովհետև վախենում են, մեկ էլ շատ լավին են ատում, որովհետև նախանձում են:

J Տեսնես հիմա՞ էլ դրախտում կա իմաստության ծառը, որի պտուղն համտեսելու պատճառով դաժան ձևով պատժվեցին Ադամն ու Եվան, և եթե կա, ի՞նչ նպատակ է ծառայում:

J Գիշերվա ու ցերեկվա գրկախառնումից ծնվում է մթնշաղը:

J Մարդու գլխին հաճախ փորձանք են դառնում ոչ թե նրա արատները, այլ` արժանիքները:

Նույնիսկ վանդակում` արծիվը հոգո´վ կարող է թռչել:

J Այսօր բոլորին սերն ու սրտացավությունը չե´ն բավարարում, քանի որ բոլորը ցանկանում են առավելագույնս ստանալ դրանք և նվազագույնս փոխադարձել:

Անահիտ ԱՎԵՏԻՍՅԱՆ