Մոսկվացիք լուսարձակելու են


Մի շտապեք` առասպելային տեսլիքներ որոնել: Պարզապես օրվա մութ ժամերին չլուսավորվող մայթերով, ճամփեզրերով և ճանապարհներով անցնող հետիոտները պարտավորվելու են լուսանդրադարձ տարրեր կրել հագուստներին (տեղեկացրել է «Իզվեստիա»-ն):

Մոսպետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ինա Սվյատենկոյի հավաստմամբ` քաղաքային պատգամավորներն առաջիկայում փոփոխություններ կառաջարկեն ճանապարհային երթևեկության կանոններում: Ենթադրվում է, որ այդ նորարարությունը կմեծացնի հատկապես մայրաքաղաքի վերջերս շահագործման հանձնված թաղամասի բնակիչների անվտանգությունը: Որքան էլ զարմանալի է Մոսկվայի նման մեգապոլիսի պարագայում` այդ թաղամասում դեռևս անբավարար է փողոցների լուսավորությունը: Իսկ լուսանդրադարձների չկրելու դեպքում` հետիոտները կտուգանվեն: Տուգանքների չափը դեռ որոշված չէ, սակայն հստակ է մեկ այլ հանգամանք: Եթե անհատ հետիոտն է խախտում այդ պահանջը, տուգանվում է անձը, իսկ եթե նման խախտում է արձանագրվում զանգվածային միջոցառման ժամանակ, ապա նյութական պատասխանատվության կենթարկվեն պատասխանատուները: