ՄՈՍԿՎԱՆ ԴԵՄ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ


Երեք տասնամյակների ընթացքում Իրանը Կովկասում վարում էր Ռուսաստանի հետ որոշակիորեն համաձայնեցված քաղաքականություն և դիտարկում էր որպես Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների ասպարեզ: Հաճախ էր գնում զիջումների շատ հարցերով, քանի որ Ռուսաստանը համարվում էր զենքի ու տեխնոլոգիաների մատակարար և իբր նպաստում էր Իրանի հետ արտաքին քաղաքական ու արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրների մասով Իրանը փորձում էր համատեղել իր և Ռուսաստանի շահերը, և իրանցիները տեսք էին ընդունում, թե հաշվի են առնում ռուսական շահերը: Իրականում մշտապես փորձում էր Հայաստանը հասցնել Ռուսաստանից ավելի անկախ իրավիճակի: Միևնույն ժամանակ, Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, ռուսներն ավելի ուշադիր էին հետևում տարածաշրջանային ինքնուրույն խաղ խաղալու Իրանի ու Հայաստանի փորձերին:

Նման իրավիճակ էր ստեղծվել նաև Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում: Ռուսաստանը կտրուկ դեմ է հյուսիս-արևմտյան, այսինքն եվրոպական ուղղութ յամբ հաղորդակցությունների ստեղծմանը, մասնավորապես գազի տեղափոխման մասով, ինչը կհանգեցներ Ռուսաստանի գեոտնտեսական դիրքերի կորստին: Դրա հետ մեկտեղ, Իրանը զուսպ քաղաքականություն էր վարում Հյուսիսային Կովկասում: Իրանցիներն այդպես էլ լուրջ կապեր չհաստատեցին Չեչնիայի ու Դաղստանի հետ: Ներկայում իրավիճակը փոխվել է արմատապես: Ճեղքվել է Իրանի տոտալ շրջափակումը, և Իրանը դառնում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ռազմավարական գործընկերը: Կասկած չկա, որ իրանցիների հայտարարությունը, թե ռուսների հետ հարաբերությունները մնում են նախկինի պես, ավելին չեն, քան իրանցիների դիվանագիտական դարավոր փորձի արտահայտություն: Նախևառաջ, Թեհրանը կարող է փոխել իր վերաբերմունքը ղարաբաղյան թեմային, և հնարավոր է կճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը ռուսների համար գիշերային մղձավանջ կլինի: Հյուսիսային Կովկասում ԻԻՀ-ի ակտիվությունը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքական իրավիճակի էական փոփոխության, այլև կստեղծի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու արդյունավետ լծակներ: Բացի այդ, իրանա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգընթաց` հյուսիսկովկասյան խնդիրները կարող են քննարկման նոր ասպարեզ տեղափոխվել: Հնարավոր են այլ, անսպասելի սյուժեներ` կապված իրանա-վրացական հարաբերությունների հետ, քանի որ Վրաստանը բավական նյութ է կուտակել Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ հարաբերություններում: Վրաստանի հետ Իրանը նախևառաջ կապում է եվրոպական ուղղությամբ հաղորդակցությունների ստեղծումը, այսինքն` իրանցիների հավերժական երազանքի իրականացումը: Ռուսաստանն ամեն ինչ անելու է` Կովկասում Իրանի ծրագրերն ու ջանքերը շրջափակելու համար. ու դա` նախևառաջ Հայաստանի միջոցով, ինչը կհանգեցնի անսպասելի հետևանքների, այսինքն` հայ-իրանական հարաբերությունների վատթարացման:

Մինչդեռ հայ-իրանական հարաբերությունները կարող էին կարևոր գործոն լինել ամերիկյան քաղաքականության մեջ, թուրքական էքսպանսիան զսպելու մասով: Սակայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և Իրանը կարողանան վերակենդանացնել Հայաստանի ինքնիշխանությունը:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ