ԾԱՅՐԱՀԵՂ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ ՄՂՈՒՄ ԷՐ ԱՆԵԼ ԱՎԵԼԻՆ


Նորհաճնցիները` Արցախյան ազատամարտին ու բոլորին այսօր միավորողն իրենց Էդիկ Տոռոզյանն է

Յուրա Շահբազյան - ինժեներ աստղաֆիզիկոս

Ծնվել է 1930թ. դեկտեմբերի 25-ին:

Երեք տասնամյակ աշխատել է Լենինգրադի Պուլկովոյի աստղադիտարանում:

1983թ. տեղափոխվել է ՀԽՍՀ, նշանակվել Բյուրականի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն:

1988-1989թթ. իր ղեկավարած կոնստրուկտորական բյուրոյում գաղտնի կազմակերպել է զինագործություն` ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությանն օգնելու համար: Իր անմիջական մասնակցությամբ հազարից ավելի կարկտաբեր ամպեր ցրող «Ալազան»-ների գլխիկները ձևափոխել են, դարձրել մարտական:

Այժմ կենսաթոշակառու է:

 

ԾԱՅՐԱՀԵՂ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ ՄՂՈՒՄ ԷՐ ԱՆԵԼ ԱՎԵԼԻՆ

-Զենք-զինամթերք ստեղծելու առումով Նոր Հաճնի տղաները մեզնից առաջ սկսեցին «բզբզալ»: Մենք նրանցից ուշ սկսեցինք և գնացինք ավելի դյուրին ճանապարհով. «Ալազան»-ներ բերեցինք, գլխիկները փոխեցինք և ուղարկեցինք Արցախ:

Զենքերի մասերը փոխել-հարմարեցնելու գործողությունները կատարելիս ամեն անկանխատեսելի բան հնարավոր էր. տասը փորձարկումից հնարավոր էր տասն անգամ էլ օդ թռնեինք:

Հաճնցիներից Էդիկ Տոռոզյանն առանձնանում էր իր բացառիկ հայրենասիրությամբ: Տոհմիկ հայ էր, իր ամբողջ մտածում-ձգտումը Հայաստանը ոտքի կանգնելու մասին էր: Այլ ձգտում չուներ: Երբ մենք մի բան էինք անում, նախ մտածում էինք տեխնիկական անվտանգության մասին, Էդիկը դրանից դուրս շտապում էր մի բան էլ անել: Իր նվիրումի թափից էր: Ջիգյարով տղա էր: Հեռուն էր մտածում: Եթե գործ չէր լինում, պտտվում էր մեր գլխավերևում, ծրագրեր մտմտում:

Թեև Աշտարակում շտաբի դռան վրա գրված էր «Հայոց համազգային շարժման գրասենյակ», բայց այնտեղ գալիս էին բոլոր կուսակցություններից, ինչ որ հանձնարարում էինք, անում էին:

Էդիկը հաճախ իր հետ մի տասը մարդ էր բերում: Նստում էինք մեր բոստանում, զրուցում: Սկսվում էր մտքերի փոխանակությունը, որը վերածվում էր վիճաբանության, և ի վերջո, Էդիկն իր տեսակետով բոլորի դեմ մնում էր մենակ: Հայրենապաշտությունը շատից էլ շատ էր, ու այդ զգացումը դաշնակցականներին բնորոշ է. ավելի է, քան պետք է: Հայրենիքի պաշտպանության խնդրում չպետք է կուսակցական շեշտադրում լինի: Է´ն գլխից մեզ կուսակցություններն են քանդել, ինչպես եղավ 1918 թվականին:

Մեր պայքարը քաղաքական, իրավական այս համակարգի ստեղծման համար չէր: Էդիկ Տոռոզյանը, համոզված եմ, դրա համար չէր պայքարում: Ճիշտ է, ես և ինքը քաղաքական խնդիրներ չենք քննարկել, չենք հաղորդակցվել, կարծում եմ` այդ առումով իր հայացքները դեռևս վերջնականորեն չէին ձևավորված: Մեզ միավորողը գործն էր, զենքը, Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությունը: Ձեռքից եկածն անում էր, ինչ-որ կարող էր, ինչ հնարավոր էր, դեռ մի բան էլ ավելին:

Մենք Աշտարակում հրթիռներ էինք պատրաստում, գործը մեծ թափով էր առաջ գնում: Էդիկն ուրախանում էր, ոգևորված հարցնում. «Իմաստ ունի՞, որ այս գործը Հաճնում էլ անենք»: Ասում էի` ոչ: Չէի ասի, որ նա զենքի մեծ մասնագետ էր, տիրապետելու, ստեղծելու ցանկություն-ձգտումն ավելի մեծ էր, ինքն իրեն ստիպում էր խորամուխ լինել, ավելին իմանալ: Ստիպված էր միաժամանակ և´ սովորել, և´ սովորեցնել: Միշտ բաց սրտով էր այցելում մեզ, հաղորդակցման կարիք ուներ: 100%-ով համոզված էր, որ հաղթանակը մերն է լինելու: Ավելի մոտիկից առնչվելով Շարժման ղեկավարությանը` ես այնքան չէի հավատում, որքան ինքը:

Երբ տղաները եկան, հայտնեցին Էդիկի զոհվելու լուրը, ոնց որ գլխիս խփեին, չէի ուզում հավատալ, որ այդ խանդավառ, եռանդուն, նվիրյալ հայորդին չկա: Այդ ողբերգական դեպքի մանրամասները չգիտեմ: Չպետք է շտապեր, ոչ ոք չէր պահանջում, ստիպում, որ արագացնի գործը. «մեղավորը» վերը նշածս ծայրահեղ հայրենասի րությունն էր:

Իհարկե, հնարավոր է, որ նույնը և´ ինձ, և´ Ադամի հետ պատահեր, երբ դրել, սղոցում էինք «CC 80» հրթիռի քիթը: Քանի՜-քանի ՜ անգամ է ձեռքերումս պայթուցիչն ինքն իր մեջ պայթել:

Ադամը նոր էր ավարտել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, ամուսնացած չէր: «CC 80» հրթիռը տարել էր իր տուն, գարաժում քանդել` տեխնիկական կառուցվածքն ուսումնասիրելու համար. մենակ էր արել, որ եթե մի վատ բան պատահի, միայն ինքը վնասվի, ես չտուժեմ: Դա Էդիկի զոհվելուց հետո էր. աշտարակցիներ Հարութին ու Միշային (թունդ դաշնակցական էին) հարցրի. «Կարող եք, արդյո՞ք, «CC 80» ճարել»: Այդ պահին էական չէր նրանց` որ կուսակցության պատկանելը, միայն թե ազատագրական պայքարի նվիրյալ լինեին: Նրանք պատրաստակամորեն մեկնեցին այլ հանրապետություն և որոշ ժամանակ անց մեր ուզածը գորգով փաթաթած հասցրին Աշտարակ: Ադամը պայթուցիկ նյութերի մասնագետ էր: Երկուսով նստեցինք, որ քանդենք, բայց չգիտեինք` ինչպես, քանի որ քանդելու տեղ չկար: Դե, Ադամն էլ, որ ինձ չվնասի, ինչպես արդեն նշեցի, տարել էր տուն, որ մենակ քանդի:

Հետո իմացանք, որ քանդելիս այն պայթում է: Մինչդեռ ես ու Ադամը դրել, հաստոցի վրա սղոցում էինք: Կորպուսը պոկեցինք, ինքնաոչնչացնող սարքը հանեցինք: Մինչև հանեցինք` տասը քրտինք եկավ վրաներս: Ուսումնասիրեցինք. դժվարը պայթուցիչների կառուցվածքը բացահայտելն էր,. պարզեցինք ու այդ «CC 80»-ի նմանությամբ «Արաբո»-ի համար հրթիռներ սարքեցինք: Արեցինք, որքան կարողացանք. մեր երկրի, ժողովրդի համար էր: Այս ճանապարհին Էդիկ Տոռոզյանի պես նվիրյալ հայորդիներ կորցրինք:

...Չեմ ուրախանում, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ուրախ չեմ, որ այդպես եղավ, բայց նաև համոզված եմ, որ կատարվածը զուր չէր, որ պարտավոր էինք հաղթելու, այլ կարծիք չի կարող լինել: Այդպիսի բարեպատեհ պահ չենք ունեցել, հանկարծակի եղավ, ու արեցինք` ինչ որ կարողացանք: Շատերի աշխատանքը գումարվեց, որի արդյունքում հաղթեցինք:

Հայաստանի զարգացման հեռանկարում կարևորում եմ Ռուսաստանի հետ գործակցությունը, այսօր այն չի գոհացնում: Հուսով եմ` այդպես չի մնա:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ