«Ժողովուրդն է որոշելու` ինչպես ապրել»


Ազատամարտիկներն այս տարվա իրենց վերջին հանրահավաքում բավական հավակնոտ հայտարարություններ արեցին` խոստանալով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, փետրվարին իրենք ավելի գործնական կլինեն: Նրանք պահանջում էին կարգի բերել երկիրը` արդարություն հաստատելով և մասնավորապես` ցրելով, իրենց բնորոշմամբ, Ընտրական օրենսգրքի խախտումներով ձևավորված Ազգային ժողովը և նոր ընտրություններ անցկացնել: Ի՞նչն է ազատամարտիկներին վստահություն ներշնչում, որ իրենց պահանջներն իսկապես լուրջ կընդունվեն, առավել ևս` կկատարվեն: Այս մասին է զրույցը ազատամարտիկների հանրահավաքները մշտապես վարող Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

- Ի՞նչ նկատի ունեք, ասելով, թե ներկայացված որոշակի պահանջների չկատարման դեպքում ինքներդ դրանք ձեր ձևերով կիրականացնեք :

- Նախագահն ասում է, որ ինքն այս ժողովրդի ընտրյալն է: Մենք էլ ժողովուրդն ենք կամ նրա մի մասը և իրեն ասում ենք`«տամոժնի» Գագոյի փողերը, Քոչարյան Ռոբերտի փողերը հայ ժողովրդից թալանված գումարներ են: Զբաղվեք այս խնդրով, որովհետև փետրվարին մենք` ազատամարտիկներս, մեզ միացող կուսակցությունների հետ համատեղ, հայտարարում ենք համազգային մեծ ժողով, որի ընթացքում կորոշենք, թե ինչպես ենք ուզում ապրել: Սա է խնդիրը, որ ասացի, թե նախագահին հանձնարա րականներ տվեցի և ոչ միայն նրան, այլ բոլոր նրանց, ովքեր պարտավոր են ծառայել ժողովրդին:

Փետրվարյան հիշողություններ կան. փետրվարին սկսվեց, թափ առավ 1988-ի Շարժումը...

- Պետք է խնդրեմ` մնացած հիշողությունները մոռանաք: 88-ի շարժումը թափ առավ և հաղթեց: Փետրվարին մենք սկսում ենք. այդ մեկ օրը հավաքվելու ենք` ազգովի որոշելու մեր ապրելակերպը, մեր հարցերն ենք բարձրացնելու և պատասխաններն ակնկալելու ենք նույն պահին: Մասնավորապես, ինչպե՞ս է լինում, որ Հայաստանում արդեն տարիներ շարունակ ընտրությունները կեղծվում և վերարտադրվում են իշխանությունները, ինչպե՞ս են որոշ մարդիկ միլիարդներ կուտակել, երբ ժողովուրդը սովից կոտորվում է: Ինչո՞ւ են մեր քաղաքացիները արտագաղթում, Հայաստանի պետությունը չի կարողանում անգամ ոստիկանություն համալրել, որովհետև մարդ չկա, բանակը չենք կարողանում համալրել… Սա մահացու վտանգի առաջ է կանգնեցնում մեր պետականությունը:

Այնուամենայնիվ շարունակեմ հարցս: Ասացիք, որ խորհրդակցել եք բոլոր կուսակցությունների հետ: Սակայն, ի՞նչ երաշխիք ունեք, որ փետրվարին կուսակցությունները կհամախմբվեն ձեր շուրջը, և միասին կհասնեք պլանների իրագործմանը: Ձեր հանրահավաքներից տպավորություն կա, որ ժողովուրդն այնքան էլ չի վստահում. հանրահավաքներում, մեղմ ասած, շատ քիչ մարդիկ են լինում, այն էլ` մեծամասամբ նույն դեմքերը:

- Շատ ժողովուրդ չէր հավաքվում, որովհետև այդ ամիսներին մենք ընդամենը ներկայացնում և քննարկում էինք իրավիճակը: Հիմա հստակ ասել ենք` փետրվարը լինելու է ձեր որոշման ամիսը. գալու եք և որոշելու եք, թե ինչպես ենք ապրելու, որ էդպես էլ ապրենք:

- Իսկ եթե դարձյալ հավաքվեն միայն հետաքրքրասերնե՞րը :

- Այդ օրը գալու են բոլոր տղերքը, իսկակա´ն տղերքը: Սա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, քանզի մեզ չի հետաքրքրում հյուսիսն ու հարավը, Արևելքն ու Արևմուտքը, մենք այդ խնդիրը չենք կարգավորում: Որպեսզի իմանանք` ինչպե՞ս և ի՞նչ արժանապատվությամբ պետք է ապրենք, նախ պետք է իշխանությունը Հայաստանում ենթարկվի ժողովրդի կամքին: Ուրեմն, այդ օրը եկողները պետք է դա հասկանան. ով դա չի հասկանա` կամ անմեղսունակ է, կամ թշնամի է, այլ ձևակերպում չկա: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն, սկսած շատ պաշտոնյաներից, այդ օրվան շատ սպասելու է, որ դրանից հետո կարողանա մարդավայել ապրել:

Վերջ ի վերջո, ինչի՞ վրա է հենվում ձեր այդ վստահությունը :

- Մեզ վրա: 88 թ. մենք` 12 հազար տղա, զենք վերցրեցինք ու գնացինք մեր դեմ հոխորտացող թուրքերի հարցերը լուծելու…

- Դա 25 տարի առաջ էր, այդ օրերից հետո շատ ջրեր են հոսել...

25 տարի առաջ ու հետո տղան մնում է տղա, երբեք չի փոխվում. որևէ խնդիր չկա…

Ի վերջո, ժողովուրդը հոգնել է...

- Ժողովուրդը հոգնել է բոլոր սուտ խոստումներից: Ազատամարտիկի խոստման չիրականանալը ժողովուրդը դեռ չի տեսել. վստահաբար` մենք մեր խոստումը կկատարենք: Միշտ եմ ասել և կրկնում եմ` մենք աթոռի կռիվ չենք անում, մենք մեր պետականության սայլը օրենքի անիվների վրա կդնենք: Ինչ վերաբերում է կուսակցութ յուններին. որևէ կուսակցության մենք որևէ բան չենք կարող պարտադրել: Բոլորին առաջարկել ենք` մենք մերանն ենք. կուսակցությունների հետ բանակցել ենք, որպեսզի այդ օրը միասնաբար հանդես գան: Վստահ ենք, որ 90-99 տոկոսը հանդես կգան մի պարզ պատճառով` այդ կուսակցապետերն ու կուսակցությունները հաստատ` թուրքեր չեն, հայեր են, հաստատ` ուզում են ազնիվ ու արժանապատիվ ապրել:

- Իսկ եթե կուսակցություններն այդ օրը ևս պարզապես օգտագործեն իրենց PR-ի համա՞ր` հետագայում ԱԺ-ում տեղ ունենալու նպատակով:

- Կուսակցությունն իր աշխատանքը պիտի ցույց տա և PR անի: Ովքեր կհամոզեն ժողովրդին, նրանք էլ թող հայտնվեն ԱԺ-ում: Մենք` ազատամարտիկներս, այդպիսի խնդիր չունենք, թե ով կլինի ԱԺ-ում. ով ուզում է` թող լինի: Բայց բացառելով ընտրակաշառքը և ստանալով ժողովրդի քվեն: Օրենքը պիտի հարգվի: Չի կարելի քաղաքացուն դարձնել ստրուկ, այն, ինչն այսօրվա իշխանությունների քաղաքականության արդյունքում մենք ունենք, այլևս թույլ չենք տալու:

Վերջերս զրուցեցի կառավարման մի փորձագետի հետ: Ասաց, որ ձեր շարժումը շատ ազնիվ նպատակներ է հետապնդում, բայց ցանկալի արդյունք չի տա այնքան ժամանակ, քանի դեռ չեք ձերբազատվում կողքից շահադիտական նպատակներ հետապնդող, ոչ մաքուր հետագիծ ունեցող մարդկանցից :

- Այդ փորձագետը, եթե իրոք ցանկանում է օգտակար գործ արած լինել, պետք է մեզ ասեր` Պողոսն ու Պետրոսն այդտեղ չպիտի լինեն, և ժողովուրդը կգա: Ազատամարտիկները ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ են ստեղծել. կազմը հայտնի է. այնտեղ բոլորը պատերազմ են անցել և վստահել են մի քանի հոգուս, ովքեր համակարգում են այս ամենը: Մեր անուններն էլ հայտնի են` ես եմ` Սուրեն Սարգսյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանն է, ՀԱԲ-ի «Ղարս» ջոկատի հրամանատար Ասլանն է Գրիգորյան, «Մարտական խաչի» ասպետ Խաչիկն է Ավետիսյան:

- Մեր խորհրդարանն ընդունել է մի օրենք, ըստ որի, եթե ինչ-որ ուժեր սպառնան սահմանադրական կարգին, ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կարող են միջամտել...

- Ես կարծում եմ` եթե կհամարձակվեն նման քայլի դիմել խաղաղ ժողովրդի դեմ, համարժեք պատասխան կստանան: Իսկ մենք զինված պայքարի կոչ չենք անում, մենք ասում ենք` ազգովի ժողով ենք անելու:

Բայց Մոսկվան դա կարող է անել` առանց որևէ մեկին հարցնելու:

Մոսկվան եթե նման քայլ անի, կկորցնի հայ ժողովրդին, այդ դեպքում Մոսկվան կճանաչի Եվրոպա գնացող հայ ժողովրդին: Իսկ եթե Հայաստանը գնում է Մաքսային միություն, թող էլի գնա, բայց արժանապատիվ գնա. որևէ խնդիր չկա:

- Մենք զրուցում ենք արդեն անցնող տարում և կուզեի բացի մտահոգություններից, խոսել նաև գալիք տարվա հույսերից: Այս առումով, ցանկալի է լսել Ձեր մաղթանքները :

- Ես մաղթում եմ, որ ամեն ոք կարողանա իրեն լիարժեք մարդ զգալ: Եվ ես վստահ եմ` կզգան: Մեր ժողովրդի գենը երբեք չի դավաճանել, չի խաբել, էդ օրը գալու է: Եվ մեր երկիրը ծաղկելու է, գալ տարի վերադառնալու են շատ-շատ մարդիկ: Լինելու է հայ ժողովրդի տարի. թող բոլորը վստահ լինեն:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ