Երկիրը դուրս է գալու այս վիճակից


Մեր երկրի ներքաղաքական անցուդարձի, մասնավորապես, ազատամարտիկների առաջադրած խնդիրների շուրջ է զրույցը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

- Ինչպես հայտնի է, ազատամարտիկներն ընթացիկ տարվա իրենց վերջին հանրահավաքում Հանրապետության նախագահին և ընդհանրապես իշխանութ յուններին հասցեագրված մի շարք խնդիրներ առաջադրեցին` երկիրն, ինչպես իրենք են ասում, կարգի բերելու, արդարություն հաստատելու, մասնավորապես ԱԺ-ն ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին: Ընդորում, նշելով, որ այդ խնդիրները չլուծվելու դեպքում փետրվարին ժողովրդի հետ միասին իրենք ձեռնամուխ կլինեն դրանց լուծմանը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

- Ես անթույլատրելի եմ համարում, երբ որևէ խումբ խոսում է ողջ ժողովրդի անունից: Տվյալ դեպքում ազատամարտիկների մի խմբի մասին է խոսքը, որովհետև բոլոր ազատամարտիկները չեն, և իրենք գուցե պատճառներ ունեն: Ինքս միշտ մտածում եմ, որ մենք դժգոհություններ ունենք և´ սոցիալական ոլորտում, և´ տնտեսական, և´ արդարության հարցում, բայց թե ինչպես պետք է այդ խնդիրների մասին խոսենք և դրանք լուծելու համար պայքարենք` ամենից լավ գիտի իշխող կուսակցությունը: Ես չեմ համարում, թե մենք անտեսում ենք այդ ամենը, չեմ համարում, որ մենք աչքներս փակում ենք: Հակառակը. ինքս հաճախ հանդիպումներ եմ ունենում մարզերի բնակիչների հետ և նաև ազատամարտիկների հետ: Եվ պետք է ասեմ, որ միշտ չէ, որ իրենց առաջադրած խնդիրները օբյեկտիվ են, և միշտ չէ, որ իրենք ճիշտ են անում, որ բողոքում են: Շատ դեպքերում ինքս էլ ականատես եմ եղել, երբ և´ պաշտպանության նախարարը, և´ իրավասու պաշտոնյաներն օգնել են, ձեռք են մեկնել: Դուք ինձ կհակադարձեք, թե այդ ամենը պետք է պետությունն անի: Իհարկե, պետք է անի, բայց այն- քան, ինչքան կարողանում է: Հիմա մեզանում լայն տարածում ունի այն տեսակետը, թե բոլորս պետք է միայն խեղճ պետությունից պահանջենք: Խեղճ` այն իմաստով, որ առհասարակ մարդ պետք է ինքն էլ մինչև պահանջելը շատ տա:

Բայց ազատամարտիկներն արդեն տվել են` կյանք են դրել այս պետության կայացման համար:

- Ազատամարտիկների դեպքում ես գտնում եմ, որ այո, կան ինչ-որ խնդիրներ, որոնք արժանի են ուշադրության, բայց որ ազատամարտիկները ժողովրդի անունից պահանջում են ցրել Ազգային Ժողովը, այնքան էլ օբյեկտիվ քայլ չեմ համարում, որովհետև ԱԺ-ն իր իրավասության սահմաններում ամեն ինչ անում է օրենսդրական դաշտն այնպիսին ապահովելու համար, ինչպիսին շատ ու շատ քաղաքակիրթ երկրներում է:

Ես ստիպված եմ գրեթե բառացիորեն մեջբերել ազատամարտիկների խոսքը, որ ասում էին, թե ինչպե՞ս է լինում, որ մեզանում բոլոր ընտրությունները կեղծվում են, և միշտ իշխանությունները վերարտադրվում են: Այս հարցն այսպես կձևակերպեն երևի շատերը:

- Ինքս համոզված եմ, որ մեր երկրում միակ բանը, որ մեծ դեֆիցիտ ունի, դա վստահությունն է: Մենք վստահության պակաս ունենք թե´ իշխանությունների, թե´ ինքներս մեր և թե´ հարևանի հանդեպ:

Որտեղի՞ց է գալիս կամ ինչո՞վ է դա պայմանավորված:

- Երբ ընտրությունների դեռ մեկնարկման պահից արդեն անընդհատ խոսվում է կեղծիքների մասին, անընդհատ անվստահություն է հայտնվում, այդ պարագայում դժվար թե նույնիսկ ամենամաքուր ընտրությունները համարվեն լավը: Բայց իրականում մենք ընտրությունից ընտրություն առաջընթաց ենք ունենում: Հնարավոր է, որ շարքային քաղաքացու համար դա տեսանելի չլինի, բայց առաջընթացը կա: Եթե դուք հիշեք 10-15 տարի առաջվա ընտրությունները, կհամոզվեք, որ մեծ փոփոխություններ, այնուամենայնիվ, իրականացվել են: Այլ բան է, որ եղածը չի բավարարում մեր հասարակությանը, այլ բան է, որ մեր ձգտումներն ավելին են: Բայց ամբողջովին ջնջել, ասել, որ վերից վար իշխանությունը վատ է աշխատում, որ ոչ մեկն իր տեղում չէ… Կարծում եմ` այդպիսի կտրուկ արտահայտություններ պետք չէ անել, որովհետև ինքս էլ շատ լավ տեղեկացված եմ: Լինելով պաշտպանության նախարարության` ռազմագերիների հանձնաժողովի անդամ, տեսնում եմ` այն դեպքերում, երբ ՊՆ-ն կարող է ձեռքերը լվանալ ու ոչինչ չանել, բայց անում է, այնքան մեծ օգնություններ են տալիս, այնպես են հետևում այդ ամեն ինչին: Ես չեմ կարծում, որ բոլոր ազատամարտիկները մեր երկրում անտեսված են:

Բայց ազատամարտիկների առաջադրած խնդիրները զուտ սոցիալական բնույթի չեն:

- Մի խումբ կա, որն, ըստ երևույթին, արդեն սոցիալականից անցել է քաղաքական պահանջների: Բայց այդ խմբի կողքին կան նաև այլ խմբեր` բացի ազատամար տիկներից: Միշտ, բոլոր երկրներում բողոքող հատված լինում է: Ինքներս էլ գիտենք` դեռ շատ անելիք ունենք: Եթե մեր օրենսդրական դաշտը հարմարեցված է միջազգային չափանիշներին, այդ օրենքն ի կատար ածելու, կյանքի կոչելու հարցում մենք շատ ու շատ թերացումներ ունենք: Բայց նաև ուզում եմ ասել, որ չի կարելի այդպես մերժողական կեցվածք ընդունել:

- Մենք շատ հաճախ ենք հղում կատարում եվրոպական, և ընդհանրապես միջազգային չափանիշներին: Բայց ի վերջո մենք պետք է ունենանք մեր սեփական չափանիշները, որոնք կգոհացնեն մեր ժողովրդին, ոչ թե եվրոպացիներին կամ ուրիշներին: Կարող ենք մատների վրա հաշվել այն ընտրությունները, որոնց արդյունքները մեզանում ընդվզում չեն առաջացրել:

- Հասկանում եմ: Բայց միշտ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր դժգոհ են: Կրկնում եմ` հնարավոր է, որ արդարացի են այդ բողոքները: Բայց ինքս ինձ երբեք թույլ չեմ տա խոսել ողջ ժողովրդի անունից: Չնայած` այդ նույն ժողովուրդն է մեզ ընտրել, այդ նույն ժողովրդի մեջ շատ են այն մարդիկ, ովքեր հավատացել են, հիմա էլ հավատում են: Բողոքներ չեն կարող չլինել, որովհետև մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ դժվարությունները շատ են: Իրականում նույնիսկ ամենաբարեկեցիկ թվացյալ երկրներում կան խնդիրներ, կան բողոքողներ, ինչը ինձ թվում է` բնական է: Կարծում եմ, որ իշխանությունը միշտ ականջալուր է: Պարզապես, կրկնեմ` մեր ժողովուրդը վստահության, հավատի պակաս ունի: Երևի թե տարիների ընթացքում այնքան խոսվեց (համացանցը, մամուլը, ազատ խոսքը նպաստեցին), որ մենք ամեն ինչի մասին պարզ, թափանցիկ արտահայտվենք: Երբևէ իշխանությունն իր խնդիրների մասին այսպես չի բարձրաձայնել: Մենք վստահության պակասի խնդիրը պետք է հաղթահարենք առաջին հերթին, վստահություն իշխանությունների նկատմամբ: Այո, մեր մեղքը դրանում կա: Բոլոր պաշտոնյաները չեն, որ համապատասխանում են իրենց պաշտոնին, բոլոր պատգամավորները չեն, որ իրենց պարտականությունները ճշտորեն կատարում են: Բոլորը չէ, որ անթերի են: Ես համարում եմ, որ ամենակարևորը բարոյահոգեբանական մթնոլորտն է: Համարում եմ, որ մենք շատ արժեքներ կորցնում ենք, և դա է պատճառը, որ այսօր չենք հավատում և չենք վստահում: Արժեքների այսպիսի անկումը չի կարող լավ բանի հանգեցնել: Մենք գուցե մոռանում ենք, որ հաղթանակած ժողովուրդ ենք: Եթե կարողանանք դա գնահատել, կարծում եմ` շատ ավելի մեծ հաջողությունների կհասնենք:

Եվ քանի որ մի քանի օրից Ամանորը կթակի բոլորիս դռները, ցանկալի կլիներ լսել Ձեր շնորհավորական խոսքը:

- Նախ, ազատամարտիկներին ուզում եմ հավատ ու վստահություն ներշնչել, որ մեր երկրիը դուրս է գալու այս վիճակից: Մենք քայլ-քայլ, շատ դանդաղ, բայց հավատացեք` առաջընթաց ենք ապրում: Ուզում եմ նաև հիշեցնել, որ ոչ ոք այնքան լավ չգիտի իրենց խնդիրները, քան Հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը, ովքեր իրենց հետ այդ ճանապարհն անցել են: Իսկ ընդհանրապես ուզում եմ նաև հայ ժողովրդին մաղթել, որ մի քիչ ավելի շատ հավատա, շատ սիրի ու շատ վստահի: Ուզում եմ բոլորին մաղթել, որ իրենց ընտանիքներում տիրի ներդաշնակություն, իսկ մեր երկրին` անպայման խաղաղություն: