Վերադարձավ 1914 թվականը


Ուղիղ 100 տարի հետո Ասիան հիշեցնում է 1914 թ. Եվրոպան: Այնպես որ` զինված բախումների վտանգին պետք է ավելի լրջորեն վերաբերվել` համոզմունք է հայտնել El PΖis-ի տեսաբան Խոսե Իգնասիո Թորեբլանկան:

Եվրոպայի համար Առաջին համաշխարհայինը «պատերազմ չէր, այլ կոլեկտիվ ինքնասպանություն»` քաղաքական, տնտեսական և բարոյական: Մեկնաբանը հիմա Եվրոպայի հարցում հանգիստ է և 2014-ին առանձնապես ծանր դեպքեր չի կանխատեսում: Փոխարենը` 1914-ի հետ տագնապալի զուգահեռներ է նկատում Ասիայում: Մի կողմից` ուժեղ պետությունների համակցությունը, մյուս կողմից` տարածքային վեճերը, հին մրցակցությունը, մոլի ազգայնականությունը: Այս պարագայում հեղինակը կասկածում է, թե տնտեսական փոխադարձ կախվածությունն ու ժողովրդավարությունը կծառայեն որպես զսպող գործոն: Նրա գնահատմամբ` 100 տարի առաջ Եվրոպան ավելի միասնական էր, քան այսօր, բայց այնուամենայնիվ որոշեց պատերազմել:

Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի հետ Չինաստանի ընդհարումներին պետք է ավելի լուրջ վերաբերվել:

- Խնդրում եմ, ինքնասպանությամբ չավարտեք,- Ասիային է դիմում վերլուծաբանը:

Մտահոգությունն, իսկապես, հիմնավոր է: Ու զարմանալիորեն միջազգային հանրության համար ևս սովորական են դարձել զինված բախումները` այսպես կոչված թեժ կետերում. սովորական են դարձել ամենաիսկական պատերազմները, հեղաշրջում կոչվող արնահեղությունները, ահաբեկչությունները: Ու այդ թոհուբոհում արդյո՞ք լսելի են զգոնության կոչերը: Եթե լսելի են, մենք էլ ասենք` սթափվի´ր Աշխարհ. հզոր առաջնորդներ, հրաժարվեք մարդկանց ի փորձուն տանող արկածախնդրությունից: