Էվթանազիան` օրինական


Ապրել չցանկացողներին մեռնելու գործում օգնելը միշտ դատապարտելի է համարվել: Բայց Բելգիայի Սենատն օրերս ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց մի օրինագծի, որն արտոնում է նաև անհույս հիվանդ անչափահասների էվթանազիան: Մեծահասակների առնչությամբ այդպիսի թույլտվություն արդեն կար 2002 թվականից` տեղեկացրել է The New York TiΗes-ը:

Համաձայն նոր օրենքի` անբուժելի հիվանդ անչափահասները կարող են մահ խնդրել այն դեպքում, եթե նրանց անտանելի ցավերը մեղմել հնարավոր չէ: Ինչպես նաև այն դեպքում, եթե առաջիկայում հիվանդությունն առավել սաստկանալու է: Օրինագծի հանրային քննարկման բուռն բանավեճերի ընթացքում կրոնական առաջնորդները դատապարտել են նման քայլը: Բայց հիմա արդեն օրենքի նախագիծը պետք է քննարկի խորհրդարանի ստորին պալատը: Ու եթե փաստաթուղթը վավերացվի, ապա էվթանազիան կդադարի քրեորեն դատապարտելի հանցանք համարվել` անբուժելի հիվանդ մանուկների պարագայում: Իհարկե, երեխան պետք է ունակ լինի` գրավոր դիմում ներկայացնել: Նրա ծնողների թույլտվությունը նույնպես պարտադիր է:

Ներկայումս Բելգիայում տարեկան էվթանազիայի մինչև 1,4 հազար պրոցեդուրա է կատարվում: Իսկ վերջին տասնամյակում անշեղորեն աճում է այդ մեթոդով կյանքից հեռանալ ցանկացողների քանակը: Եթե 2003 թ. արձանագրվել էր տարեկան 235 դեպք, ապա 2012-ին այսպես կոչված բուժամահ էին «պատվիրել» 1432 բելգիացի:

Ինչ վերաբերում է մանկական էվթանազիային, ապա նման երևույթ աշխարհի այլ երկրում դեռևս չկա: Հոլանդիայում այդ «բուժակարգը» կիրառել թույլատրելի է 12 տարեկանից բարձր անչափահասների նկատմամբ: Եվրոպական էվթանազիան օրինական կիրառություն ունի Լյուքսեմբուրգում: Իսկ Շվեյցարիայում և Գերմանիայում բժիշկներն իրավունք ունեն մահաբեր դեղերով կոկտեյլ պատրաստել, բայց դա խմեցնելն արգելվում է. հիվանդն ինքն իր ձեռքով ու ինքնուրույն պետք է խմի մահաբեր դեղը: Միացյալ Նահանգներում «Բուժամահն» օրինական է 4 նահանգներում` Օրեգոնեում, Վաշինգթոնում, Վերմոնտեում և Մոնտանայում: