Հրաժարվում են Սոչի մեկնել


Եվրոպայի քաղգործիչներն, այնուամենայնիվ, խոսքերն ասես մեկ են անում` հրաժարվելով Ձմեռային օլիմպիադայի վայելքներից: Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգն արդեն բարձրաձայնել է իր հրաժարումը: Որպես այդպիսի որոշման պատճառ, նա մատնանշել է Ռուսաստանում փոքրամասնությունների վիճակը: Իսկ թե հատկապես ո՞ր փոքրամասնությունների վիճակն է նրան անհանգստացրել` գործիչը չի հստակեցրել:

Ինչպես տեղեկացրել էինք «Ավանգարդի» նախորդ համարում` օլիմպիական խաղերը բոյկոտելու որոշում է կայացրել նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը` նույնպես մատնանշելով Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումը: Կարելի է ենթադրել, թե հատկապես ինչը դուր չի եկել այս եվրոպացիներին. հավանաբար անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզն արգելելը:

Լրագրողները, սակայն, տեղեկատվություն կտարածեն. բայց` Օլիմպիադայի «հակառակ կողմի» վերաբերյալ:

Գերմանիայի հանրային-իրավական ARD ու ZDF ռադիո և հեռուստաալիքները մտադիր են ռեպորտաժներ հեռարձակել ոչ միայն մարզիկների նվաճումների մասին, այլև ՌԴ-ում մարդու իրավունքների առնչությամբ իրավիճակի: Եվ իրենց կանխակալ կարծիքն էլ չեն թաքցնում:

- Մենք գիտենք, թե դրանք պուտինյան ինչ խաղեր են,- հայտարարել է ZDF-ի գլխավոր խմբագիր Պետեր Ֆրայը:

Մարզական նորությունները կմատուցվեն «արվեստի բոլոր կանոններով»` նշել է նա: Սակայն դրանից բացի, հեռուստատեսային և ռադիոռեպորտաժներում կներկայացվի ընդդիմության և մարդու իրավունքների վիճակը (գրել է Deutsche Welle-ն):

ARD-ի ծրագրերի տնօրեն Ֆոլկեր Հերեսն էլ խոստացել է, որ օլիմպիական խաղերը լուսաբանելուց զատ «մանրադիտակային ճշգրտությամբ» կներկայացվի նաև «օլիմպիական մեդալների հակառակ» կողմը. փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներ, բնապահպանական սկանդալներ, հսկայական ծախսեր և հսկայագա րություն (գիգանտիզմ):

Փաստորեն քննադատության հստակ թիրախներ են նշվում. արդյո՞ք արդեն ընտրված չեն այդ թեմաներով փաստեր տրամադրողները: