ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ինչպես գիտենք, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակի սկզբին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կայացել են Ցեղասպանության կոնվենցիայի 65-ամյակին նվիրված քննարկում ներ, որտեղ հանդես է եկել նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Սակայն, ցավոք, սքողվեց, որին գրեթե անդրադարձներ չեղան, Հայաստանում էլ չկազմակերպվեցին համապատասխան գիտաժողովներ և քննարկումներ: մինչդեռ մենք երբեք չպետք է կորցնենք առիթը` բարձրաձայնելու, ներկայացնելու Ցեղասպանության հրեշավոր էությունը, քանզի միայն այդպես կկարողանանք աշխարհի գիտակցության մեջ ամրապնդել ոճրի դատապարտման անհրաժեշտության գաղափարը:

Ուշագրավն այն է, որ առաջինն այս Կոնվենցիան ընդունել են չորս երկիր, որոնց մեջ` Իրանը, որը, սակայն, այսօր ելնելով իր աշխարհաքաղաքական խնդիրներից ու շահերից, չի կամենում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ցավոք, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրները, տնտեսական շահերն ու դիվանագիտական աճպարարությունները երբեմն շատ ավելի առաջնային են դառնում, քան արդեն ընդունված Կոնվենցիայի դրույթները, որոնք, ըստ էության, պարտադիր են բոլորի համար: Պարտադիր, քանզի մարդկության դեմ գործված ցանկացած հանցագործություն ինքնըստինքյան դատապարտելի ու մերժելի է:

Հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը մեծագույնն է ցեղասպանությունների համաշխարհային պատմության մեջ: Մեծագույնը, որովհետև այն կրել է տևական բնույթ` մոտ երկու տասնամյակ և հետևողականորեն իրականացվելով, էթնիկ խնդիրների մեջ է ներառել նաև քաղաքական, տնտեսական, տարածքային խնդիրներ: Ասել է թե` մի ժողովրդի բնաջնջումն իր պատմական հայրենիքում ավելին է, քան սովորական ցեղասպանությունը: Այս ողբերգական ու ծրագրված իրադարձությունների հետևանքով ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքը, կորցրեց մշակութային հուշարձանները, դատապարտվեց տարագրության, ենթարկվեց ինքնության կորստին...

Ժխտողականությամբ զբաղվողները, առաջին հերթին` Թուրքիան, շատ լավ են հասկանում կատարվածը, գիտակցում են, որ ժխտմամբ ջանում են փակել ոչ միայն սեփական պատմության ամոթալի էջը, այլև «փակել» խոսակցությունները ուրիշի հայրենիքին տիրանալու, բարոյական և նյութական վնասներ հասցնելու, հայերի հաշվին` հայրենիք կերտելու մասին... Բայց այս ամենն ի վերջո պետք է դառնա համաշխարհային հանրության նոր գործողության հիմքը: Գործողություն, որով պիտի պարտադրվի Թուրքիային և նրան աջակցող երկրներին ճանաչելու մի Ցեղասպանություն, որը հարյուր տարի անց էլ չի մոռացվում, որի հետևանքով այսօր հենց Թուրքիայում միլիոնավոր ինքնությունը կորցրած և հավատափոխ եղած հայեր են ապրում, որի պատճառով խախտվել են աշխարհաքաղաքական հարաբերությունները...

Ժխտողականությունը նոր ողբերգությունների շարժիչ ուժն ու արդարացումը կարող է դառնալ: Իսկ դա արդեն նոր աղետներ կարող է ծնել մարդկության համար...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ