Դինոզավրի մերձավոր «ազգականը»


Հսկա վայրի կենդանիների մեջ պետք չէ որոնել դրանց. խոսքը հավերի մասին է: Ու այս փաստը հիմնավորվել է այս շաբաթ` 2 խոշոր հետազոտությունների արդյունքում:

Չորս տարվա ընթացքում 70 ինստիտուտների մի քանի հարյուր գիտնականներ փորձաքննել են փետրավորների 45 հիմնական տեսակների գենոմները (տվյալ օրգանիզմի քրոմոսոմներում առկա մի շարք գեները), և հաստատվել է թռչունների բնաշրջության (էվոլյուցիա) «Մեծ պայթյունի» տեսությունը: Պարզվել է, որ բոլոր թռչունների վերջին ընդհանուր նախապապը ցամաքի վրա եղել է բարձրագույն կարգի գիշատիչը:

Միաժամանակ, Քենթի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բոլոր թռչունների համար ընդհանուր նախնի դինոզավրին ամենից ավելի մոտ են հավերը: Այս փոքրիկ ընտանի թռչունների քրոմոսոմները ամենից ավելի քիչ են փոփոխվել` դինոզավրերի ժամանակներից ի վեր: Քրոմոսոմների համապատասխանությամբ` հավերից հետո իրենց դինոզավր նախնիներին «հավատարիմ» են հնդկահավերը:

Մեկ ուրիշ ընդհանրություն ևս հաստատվել է ամերիկյան գիտնականների կողմից. դինոզավրերի «զարմիկ» հավերին իրենց գենոմով շատ մոտ են կոկորդիլոսները: